Hraparak.am-ն ապրիլի 29-ին հրապարակված հոդվածում գրել էր, որ իր տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը շարունակվում է Երևանի հանրապետական հիվանդանոցում («Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն)։
«Փաստորեն Գավառում վիրավորվածներին տեղափոխել են հանրապետական հիվանդանոց՝ Արմենիա ԲԿ, և նորատուսցի վրիժառուները շտապել են Երևան։ Հիվանդանոցի աշխատակիցը մեզ ասաց, որ բժիշկի վրա են հարձակվել, այս պահին տարածքը շրջափակել են քրեական ոստիկանության աշխատակիցները: «Հրապարակի» նկարահանող խումբը մեկնել է հիվանդանոց, զարգացումների մասին կտեղեկացնենք հընթացս»,- մասնավորապես, գրել էր կայքը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց տեղեկությունը ճշտել՝ նյութի հրապարակումից անմիջապես հետո այցելելով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրավիճակը, ի տարբերություն կայքի նկարագրության, բավական հանգիստ էր։
Հիվանդանոցում ծառայություն էին իրականացնում թվով 5 ոստիկան, որոնք Fip.am-ի հետ զրույցում ասացին, որ նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
«Արմենիա» ԲԿ-ի ընդունարանի հերթապահ բժիշկը ևս նշեց, որ որևէ արտառոց դեպք չի գրանցվել և որևէ բժիշկի վրա հարձակում չի եղել։
Ոստիկանությունից նույնպես հերքում են
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Fip.am-ի հետ զրույցում նույնպես հերքեց կայքի տեղեկատվությունը։ «Ոստիկանությունը նման ահազանգ չի ստացել, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում երեկվա արյունալի իրադարձությունները սկսվել են Գավառ քաղաքում։ Նորատուսի և Գավառի մի խումբ բնակիչների փոխհրաձգության հետևանքով երկու մարդ սպանվել է, մեկը Նորատուսի բնակիչ, մյուսը՝ Գավառի։ Եվս վեց մարդ վիրավորվել է։ Սպանվածների մարմիններն ու վիրավորները տեղափոխվել են Գավառի հիվանդանոց, որտեղ ժամեր անց հաշվեհարդարի նպատակով ներխուժել են մի խումբ անձինք։ Վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Hraparak.am կայքի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Գավառում տեղի ունեցած արյունահեղությունը «Արմենիա» ԲԿ-ում չի շարունակվել, որևէ բժիշկի վրա հարձակում չի եղել։
Նելլի Լազարյան