Անցած շաբաթ համացանցում «Գառնու տաճարը վերածվել է դիսկոտեկ-խրախճանքների վայրի․ այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Ստեփանյանը» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ Գառնիի ամրոցում, մասնավորապես, Գառնիի հեթանոսական տաճարի բակում, երեկույթ է տեղի ունենում։
Տեսանյութի մեկնաբանությունների բաժնում մեկնաբանողների մեծ մասը բացասաբար է արձագանքել ամրոցի տարածքում երեկույթի անցկացմանը։
Սա, սակայն, առաջին անգամը չէ, երբ Գառնիի ամրոցի տարածքում տեղի է ունենում մարդաշատ երեկույթ։ Օրինակ, նմանատիպ միջոցառում եղել է նաև 2020 թվականի հուլիսին։
Գառնիի ամրոցի ու տաճարի տարածքում, բացի երեկույթներից, տեղի են ունենում այլ միջոցառումներ ևս, ինչպես, օրինակ, հարսանիքներ, Վարդավառի տոնակատարություն, ամանորյա միջոցառումներ, հեթանոսական ծեսեր և այլն։
Այն դասվում է Հայաստանի պատմամշակությաին արգելոց-թանգարանների շարքում, որոնց ուսումնասիրման, օգտագործման, պահպանության հարցերով զբաղվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Գառնիի ամրոցի և հեթանոսական տաճարի մասին
Ըստ հայկական սովետական հանրագիտարանի, հռոմեացի պատմաբան Կոռնելիոս Տակիտոսը, որը ապրել է 56-120 թվականներին, Գառնի ամրոցի անունը առաջին անգամ հիշատակում է Cornea անունով։
Հայ խորհրդային գործիչ Ալեքսանդր Սահինյանը «Գառնի ամրոցի պաշտպանական համակարգը» աշխատանքում գրում է, որ Գառնիի մասին հնագույն ստույգ տեղեկությունը տալիս է ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի՝ Գառնի ամրոցում գտնված արձանագրությունը, որտեղ հիշատակվում է «Գիառնիանի երկրի» նվաճման մասին։ Արձանագրությունը փորագրված է «վիշապ» անվանվող քարակերտ կոթողի վրա։ Նման կոթողներ առաջին անգամ հայտնաբերվել են 1909 թվականին՝ Գառնիի պեղումների ժամանակ։
Խոսելով Գառնիի ամրոցի մասին՝ Ալեքսանդր Սահինյանը հղում է անում Տակիտոսին, գրելով․
«Գառնի ամրոցի վերաբերյալ մյուս ստույգ տեղեկությունը հաղորդում է հռոմեական պատմագիր Կոռնելիուս Տակիտոսը, ըստ որի, 51 թվականին վրաց Փարասման թագավորի որդի Հռադամիզդը, ցանկանալով հայկական գահը խլել Հռոմի կողմից կարգված իր հորեղբայր Միհրդատից, հարձակվում է Հայաստանի վրա։ Միհրդատը, հանկարծակի ներխուժումից ահաբեկված, փախել ու պատսպարվել է ամրոցում («in Castelium Gorneas»)»:
Այս իրադարձություններից կարող ենք եզրականցնել, որ Գառնիի ամրոցը մինչ այդ արդեն իսկ կառուցված էր։ Պատմաբան Հակոբ Մանանդյանը, որին հղում է անում Ալեքսանդր Սահինյանը, պնդում է, որ ամրոցը հավանաբար կառուցվել է մ․թ․ա․ 3-2-րդ դարերում։
Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման վերաբերյալ, իրականում, տարբերվող տեսակետներ կան:
Գերակշռող տեսակետն այն է, որ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցել է Տրդատ Առաջինը, մեր թվարկության առաջին դարի երկրորդ կեսին, երբ վերակառուցվել է Գառնիի ամրոցը:
1945-1956 թվականներին Գառնիի պեղումների արդյունքների վերաբերյալ հրապարակման մեջ պատմաբաններ Բաբկեն Առաքելյանը և Գրիգոր Կարախանյանը գրում են, որ ամենայն հավանականությամբ՝ Տրդատ Առաջինն է կառուցել Գառնիի հեթանոսական տաճարը, «որը չորս կողմից սյուներով շրջապատված և շքեղորեն քանդակազարդված շենք է եղել՝ կանգնած բարձրադիր հարթակի վրա»:
Նրանք գրում են, որ տաճարը կառուցվել է այն բանից հետո, երբ 59 թվականին հռոմեացիները ավերել ու հրկիզել էին ոչ միայն Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը, այլև նրա պաշտպանության հյուսիս-արևելյան հենակետ հանդիսացող Գառնիի ամրոցը: Հռանդեայի ճակատամարտից հետո հռոմեացիները դուրս շպրտվեցին Հայաստանից, որից հետո Տրդատ Առաջին թագավորը վերաշինեց մայրաքաղաք Արտաշատը․ «Ահա այս ժամանակ է, որ վերականգնվել է Գառնիի ամրոցի հզոր պարիսպը: Ամենայն հավանականությամբ Տրդատն է կառուցել տվել նաև Գառնիի հեթանոսական տաճարը»:
Առաջին դարում Գառնիում տեղի ունեցած այդ աշխատանքներին անդրադարձել է նաև Մովսես Խորենացին, բայց նա Տրդատ Առաջինի (28-88 թթ.) գործունեությունը վերագրում է Տրդատ Երրորդ (287-330 թթ.) թագավորին: Սակայն դրան հակասում են ամրոցի պարսպի և հեթանոսական տաճարի շինարարական արվեստի առանձնահատկությունները։ Ինչպես նաև հարց է առաջանում, թե արդյո՞ք այդքան ժամանակ՝ մոտ երկու դար, այսինքն մինչև Տրդատ Երրորդի ժամանակները, արքայական ամրոցը կարող էր ավերված մնալ։
«Բերդի պարսպի և հեթանոսական տաճարի շինարարական արվեստի քննությունը ցույց է տալիս, որ ամրոցը վերաշինվել է Տրդատ Առաջին թագավորի ժամանակ։ Գառնիում 1945 թվականին գտնված հունարեն արձանագրության մեջ ասված է, թե ամրոցը կառուցվեց Տրդատի թագավորության 11-րդ դարում։ Եթե ընդունենք, որ արձանագրությունը թողել է Տրդատ Առաջինը, ապա ամրոցի վերաշինության ժամանակը կլինի մեր թվականության 77 թվականը, այսինքն՝ ավերվելուց 18 տարի հետո»,- գրում են պատմաբանները (էջ 11)։
Պատմաբան Հակոբ Մանանդյանն այլ կարծիք ունի Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակի վերաբերյալ: Սրա համար հիմք է հանդիսացել 1945 թվականին Գառնիի գերեզմանատան տապանաքարերից մեկի վրա հայտնաբերված հունարեն տառերով ընդարձակ արձանագրությունը: Իր «Գառնիի հունարեն արձանագրությունը և Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը» աշխատությունում նա գրում է, որ Գառնիի ամրոցը և Գառնիի հեթանոսական տաճարը, ամենայն հավանականությամբ, նույն ժամանակաշրջանում են կառուցվել, քանի որ և՛ ամրոցի պարիսպները, և՛ տաճարը «միևնույն շինարարական տեխնիկայի ու ժամանակի կառուցումներ են և շինված են մեծազանգված սրբատաշ որձաքարերով՝ կապված միմյանց հետ երկաթե կապերով» (էջ 20):
Կան նաև տարբեր տեսակետներ, թե որ արվեստին է պատկանում Գառնիի տաճարը: Հայ պատմաբաններից Մառը, Նիկողայոս Բունիաթյանը, Թորամանյանը համարում են, որ Գառնիի տաճարը պատկանում է հռոմեական արվեստին, իսկ պատմաբան Հակոբ Մանանդյանի կարծիքով, տաճարը հելլենիստական արվեստին է պատկանում:
Հետագայում ևս Գառնիում կառուցվել են պալատական շենքեր, արքայական բաղնիք՝ խճանկար հատակով, բնակելի շենքեր, զորանոցներ։ Այդ շենքերի մի մասը կառուցվել է Տրդատ Երրրորդի ժամանակ, որին սխալմամբ վերագրվել է նաև ամրոցի ու հեթանոսական տաճարի շինությունը։ Գառնիի ամրոցի տարածքում, հավանաբար 7-րդ կամ 9-րդ դարերում, կառուցվել էր նաև Սուրբ Սիոն կամ Գառնիի ամրոցի կլոր եկեղեցին։
Գառնիի՝ որպես ավանի ու գյուղաքաղաքի, ինչպես նաև Գառնիի ամրոցի ու տաճարի մասին հիշատակումներ են արել Ստեփանոս Տարոնացին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, Առաքել Դավրիժեցին, Գրիգոր Դարանաղցին և այլ պատմագիրներ։
Մինչև 1679 թվականը Գառնիի հեթանոսական տաճարը կանգուն էր, այն կործանվեց ուժեղ երկրաշարժից նույն թվականի հունիսի 4-ին։ Երկրաշարժի մասին գրում է Զաքարիա Քանաքեռցին իր «Պատմագրություն» աշխատության մեջ, որտեղ Գառնիի հեթանոսական տաճարը հիշատակվում էր «Տրդատակերտ» կամ «Տրդատաթախտ» անուններով։
Հետագայում՝ 1834 թվականին, շվեյցարացի ճանապարհորդ-հնագետ Ֆրեդերիկ Դյուբուան, այցելելով Գառնի, գրել է նրա ավերակների մասին։ Նա մեծ ուշադրություն է դարձրել հեթանոսական տաճարի փլատակների վրա՝ ներկայացնելով տաճարի գլխավոր ճակատի վերակազմությունը։
Գառնիի ամրոցի, հեթանոսական տաճարի ու հարակից հուշարձանների համակարգված ուսումնասիրությունները սկսվել են 19-րդ դարի վերջերին: 1909-1911 թվականներին ակադեմիկոս Նիկողայոս Մառի, ապա 1950-ական թվականներից Բաբկեն Առաքելյանի ղեկավարությամբ պարբերաբար իրականացված պեղումների շնորհիվ համալիրի տարածքում բացվեցին մի շարք հուշարձանների մնացորդները և ի հայտ եկան արժեքավոր հնագիտական նյութեր: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա համալիրի հուշարձանների մի մասի մնացորդները (եկեղեցի, բաղնիք, պալատական շենք, պարիսպներ և այլն) ամրակայվեցին։ Երկրարշարժի հետևանքով ավերված հեթանոսական տաճարը 1968-1974 թվականներին ամբողջապես վերականգնվեց:
Ի՞նչ է ասում ՀՀ օրենքը
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում սահմանված է, թե ինչ նպատակներով կարող են օգտագործվել պատմամշակութային հուշարձանները։ Ըստ հոդվածի․
«Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:
Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:
Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության և հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ:․․․»:
Դեռևս 2014 թվականին քննարկվում էր Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու հարցը։ Քաղաքացիական ճնշման արդյունքում, ի վերջո, ՀՀ մշակույթի նախարարությունը հրաժարվեց այդ մտքից։
Այսպիսով, Հայաստանի օրենսդրությունը չի արգելում Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում կազմակերպել ու անցկացնել տոնական կամ տարաբնույթ միջոցառումներ։
Ալյոնա Հայրապետյան