Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 7-ին որոշում է կայացրել (ԲԴԽ-23-Ո-47) սահմանել առաջին ատյանի դատարանների դատավորների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները փոփոխելու կարգը: Այդ որոշումով սահմանվում է, թե ինչ ընթացակարգով պետք է օրինակ` դատավորը տեղափոխվի այլ դատարան, ենթադրենք՝ Երևանից գնա Սյունիքի մարզ դատավոր աշխատելու և այլն:
Դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին: Այսինքն, ԲԴԽ-ն որոշում է կայացնում բացառապես դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին, այլ ոչ՝ դատավորների տեղափոխման կարգը: Սակայն, բացի նրանից, որ ԲԴԽ-ն սահմանել է դատավորների տեղափոխման կարգ, որի սահմանումը օրենքից չէր բխում, դեռ ավելին՝ իրեն վերապահել է լիազորություն, առանց դատավորի համաձայնության վերջինիս մի նստավայրից տեղափոխել այլ նտավայր, օրինակ Վանաձորի նստավայրից՝ Ալավերդու նստավայր:
Այսպես, նշված որոշմամբ հաստատված կարգի 2.5 կետը սահմանում է, որ «բացառիկ դեպքերում խորհուրդը, ելնելով արդարադատության մատչելիությունն ապահովելու, դատական տարածքների օպտիմալացման հրատապ անհրաժեշտությունից, կարող է քննարկել առաջին ատյանի դատարանի նախագահի կողմից դատավորի նստավայրի փոփոխության վերաբերյալ ներկայացված առաջարկությունը նաև դատավորի անհամաձայնության (համաձայնության բացակայության) դեպքում»: Ավելի պարզ ասած, եթե օրինակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը ԲԴԽ-ին առաջարկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նստավայրից «X» դատավորին տեղափոխել Քանաքեռ վարչական շրջանի նստավայր, ապա բացառիկ դեպքում առանց «X» դատավորի կարծիքը լսելու, նրան կարող են տեղափոխել մեկ նստավայրից մեկ ուրիշ նստավայր:
Դիցուք՝ մի իրավիճակ, երբ մասնագիտացված դատարանի (օրինակ՝ վարչական, սնանկություն) «X» դատավորին չեն ցանկանում պահել Երևանում և պետք է արագ հեռացնեն նրան մարզերից մեկը, ապա դատարանի նախագահը դիմում է ԲԴԽ-ին և բացառիկ դեպքում առանց դատավորի համաձայնության կամ անհամաձայնության նրան տեղափոխում են այլ վայր: Սակայն, հարկ է նկատել, որ անգամ մի դատարանից այլ դատարան դատավորին գործուղելու պարագայում, որը ժամանակավոր բնույթ է կրում՝ մինչ 6 ամիս, նույնիսկ այդ դեպքում դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի հանաձայնությունը պարտադիր է: Փաստորեն, ժամանակավոր տեղափոխման դեպքում դատավորի համաձայնությունը, ըստ սահմանադրական օրենքի պարտադիր է, իսկ երկարատև, եթե ոչ ընդմիշտ տեղափոխման համար, ըստ ԲԴԽ-ի ընդունած կարգի, որը շատ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ է, դատավորի համաձայնությունը-անհամաձայնությունը ոչ մի նշանակություն չունի:
Գործնականում այս իրավակարգավորումը կարող է ունալ նաև այսպիսի ընթացք՝ ցանկացած դատարանի դատավոր դատական նիստն ավարտում է և տեղեկանում, որ վաղվանից ինքը աշխատելու է այլ նստավայրում՝ օրինակ Սյունիքի մարզում: Բացի իրավական խնդրից, որ օրենսգիրքը արգելում է առանց դատավորի համաձայնության նման տեղափոխություն կատարելը, առկա է նաև այդ խնդրի տեխնիակական կողմը, որը կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության, ողջամիտ ժամկետում գործի քնոնության և այլ հիմնարար սկզբունքների ոտնհահարման / դատավորը ոնի իր վարույթում գործեր, կայացած աշխատակազմ, իր հաշվին վերանորոգած աշխատասենյակ և այլն/:
Բարձրագույն դատական խորհրդի «ԲԴԽ-23-Ո-47» որոշումը մահակ է առաջին ատյանի դատարանների բոլոր դատավորների համար, քանի որ ԲԴԽ-ի տրամաբանությունից դուրս գործող ցանկացած դատավոր կարող է «բացառիկ դեպքի» անվան տակ տեղափոխվի այլ վայր աշխատանքի: Հարկ է նկատել, որ վերջին շրջանում բացառիկ դեպքերի անվան տակ մի դատարանից այլ դատարան տեղափոխություններ արդեն իսկ եղել են, սակայն «բացառիկ» լինելու որևէ հիմնավորման չհանդիպեցինք ԲԴԽ-ի կայքում:
Սահմանադրական օրենքին հակասող նշված որոշմամբ հաստաված կարգի 2.5 կետով ԲԴԽ-ն նոր լծակ է ստանում իր ձեռքում դատավորների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: ԲԴԽ-23-Ո-47 որոշման առկայությունը իր մեջ նաև կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում, քանի որ հեռու վայրեր նշանակված դատավորների համար պարարտ հող է ստեղծվել համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով կարողանալ տեղափոխվել ավելի ցանկալի նստավայր՝ անկախ այն հանգամանքից այդ նստավայրում թափուր տեղ առկա է, թե՝ ոչ:
Տիրայր Մուրադյան