Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի բնակչությունը 10 ամիս շարունակ գտնվում էր շրջափակման մեջ։ Ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղեկցվում էր հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայողներ են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ։
Գերեվարվել է 16 անձ, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներ։
Ռազմական գործողությունների հետևանքով արցախահայերը հարկադրված սկսեցին գաղթել Հայաստան՝ չունենալով ունեցվածքը, գույքը դուրս բերելու ոչ ժամանակ, ոչ հնարավորություն: Քննչական կոմիտեի տվյալներով, բռնի տեղահանության ընթացքում և դրան անմիջապես հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որը ուղիղ պատճառական կապի մեջ է պաշարման ժամանակահատվածում, էթնիկ զտումների գործողությունների և տեղահանության ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային և բժշկական օգնության բացակայության հետ։
Հայաստան բռնի տեղահանված արցախցիների թիվը 100,625 է։ Նրանց առաջնային կարիքների բավարարման, ինչպես նաև կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր։
Բռնի տեղահանությունից մեկ տարի է անցել, և «Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել որոշ փաստեր՝ կապված բռնի տեղահանվածների հետ, և թե ինչ աջակցության ծրագրեր են իրականացվել այս մեկ տարվա ընթացքում։
Բռնի տեղահանվածների բաշխվածությունը ըստ ՀՀ մարզերի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, պատասխանելով Fip.am-ի հարցմանը, տեղեկացրել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենտրոնացել են ՀՀ 10 մարզերում։
Արցախցիների բաշխվածությունը, ըստ ՀՀ մարզերի, ունի հետևյալ պատկերը․
Արագածոտն՝ 4014,
Արարատ՝ 14,743,
Արմավիր՝ 10,416,
Գեղարքունիք՝ 3468,
Լոռի՝ 5496,
Կոտայք՝ 20,331,
Շիրակ՝ 3368,
Սյունիք՝ 3439,
Վայոց Ձոր՝ 1274,
Տավուշ՝ 2383։
Այսինքն, 68,932 բռնի տեղահանված արցախցի բնակություն է հաստատել Հայաստանի մարզերի տարբեր բնակավայրերում։
ՏԿԵ նախարարությունը Երևանի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել։
Որքան արցախցի է լքել Հայաստանը
«ՍիվիլՆեթի» հրապարակած տվյալների համաձայն, հուլիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Արցախից բռնի տեղահանված 19,570 անձ, վերադարձել՝ 8219-ը։ Այսինքն՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 11,351 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։
Արցախցիները ՀՀ քաղաքացիություն են ստանում
Սեպտեմբերի 3-ին կայացած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ օգոստոսի 30-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմում են ստացել, շուրջ 3000-ն արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն:
Ինչ վերաբերում է փախստականի կարգավիճակին, որի վերաբերյալ որոշումը կառավարությունը ընդունել էր 2023 թ․ հոկտեմբերի 26-ին 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, ապա այժմ մշակվել է որոշման նախագիծ, որով սահմանվում է՝ ժամանակավոր պաշտպանությունը տրամադրվելու է մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը՝ դարձյալ երկարաձգման հնարավորությամբ։
Որքան արցախցի է աշխատում գրանցված
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանում 15-16 հազար արցախցի գրանցված աշխատող կա։ Այդ մասին դեռևս հուլիսին հայտարարել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ապրիլից հետո այդ թիվը կարող էր հասնել 20 հազարի։ Դավիթ Խաչատրյանը նաև նշել էր․ «Կան զբաղվածության տեսակներ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն ստանում գրանցում ՊԵԿ համակարգում, այսինքն՝ այս թվերից զատ բազմաթիվ անձինք կան, ովքեր ունեն զբաղվածություն»։ Նա նաև շեշտել էր՝ գրանցված աշխատողների թիվը աճելու միտում ունի։
Արցախից բռնի տեղահանվածների համար տարբեր նախարարությունների կողմից իրականացված և իրականացվող ծրագրերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Fip.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, ինչպես նաև կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր։
Մասնավորապես, իրականացվել է 100 հազար դրամ աջակցության ծրագիրը, որի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել տեղահանված ընտանիքների բոլոր անդամներին։
Երկամսյա պարբերականությամբ 50,000 դրամ աջակցություն է տրամադրվել բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։ Բացի այդ, իրականացվել և այժմ էլ ընթացքի մեջ է 40+10 հազար դրամ աջակցության միջոցառումը։ Մասնագիտական ուսուցման և աշխատանք ունենալու նպատակով իրականացվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիրը, ընթացքի մեջ է նաև բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվով տրամադրվում է 2-ից 5 մլն դրամ աջակցություն։
Նախարարությունից նաև հայտնել են, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով կշարունակվի իրականացվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է 2025 թ․ ընթացքում մշակել որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ Արցախից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերի համար։
Այս պահի դրությամբ բնակարանային ապահովման պետական ծրագրից օգտվելու համար շուրջ 880 արցախցի ընտանիք է դիմել, որից շուրջ 30-ի դիմումները հաստատվել են։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Fip.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում 2023 թ․ հոկտեմբերի 16-ից գործարկվել է համապատասխան հարթակ: Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են այնտեղ լրացնել իրենց անձնական տվյալներն ու գրանցվել համակարգում, որտեղ հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը՝ խմբավորված ըստ մարզերի, բնակավայրերի և առարկաների: Շահառուները կարող են իրենց հարմար բնակավայրում գտնել իրենց դասավանդած առարկայով թափուր աշխատատեղ և ստանալ 30% հավելավճար՝ 2 տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների՝ սույն ծրագրից օգտվող ուսուցիչներին կտրամադրվի ևս հիսուն հազար դրամ ֆիքսված լրավճար:
ԿԳՄՍ Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ 2024 թ․ սեպտեմբերի 13-ի դրությամբ նշված ծրագրով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ է ուղեգրվել 387 արցախցի ուսուցիչ: Հայտագրումը նախատեսված է եղել իրականացնել 6 ամսվա ընթացքում, սակայն երկարաձգվել է մինչև 2024 թ․ դեկտեմբերի 31-ը:
Հանրակրթական համակարգում այս պահին ներգրավված է ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 530 ուսուցիչ, որոնց մի մասն աշխատում է Երևանի դպրոցներում՝ մասնակցելով թափուր տեղի համար հայտարարված մրցույթներին և ընդհանուր հիմունքներով անցնելով աշխատանքի: Մյուսներն օգտվում են վերոնշյալ աջակցության ծրագրից:
Ինչ վերաբերում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար իրականացված աջակցության ծրագրին, ապա նախարարությունից տեղեկացրել են, որ ուսանողների ուսումնառության կազմակերպման, կրթության շարունակականության ապահովման նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով (1, 2) հաստատվել են կարգեր՝ ՀՀ նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների՝ 2023-2024 ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրելու համար: Այս որոշումների շրջանակներում ուսանողները ստացել են ուսման վարձի փոխհատուցումներ․ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում ստացած ՄԿՈՒ հաստատությունների շահառուների թիվը 919 է, բուհերինը՝ 1836, իսկ 2-րդ կիսամյակում՝ ՄԿՈՒ շահառուների թիվը՝ 1133, բուհերինը՝ 1945:
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ ներկա պահին քննարկվում է ծրագրի շարունակականության ապահովման հարցը:
Առողջապահության նախարարություն
Fip.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով (կառավարության որոշում)։ Ըստ նախարարության, բռնի տեղահանված անձինք սահմանված կարգով գրանցվում են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում (պոլիկլինիկաներ), որտեղ ստանում են ԱԱՊ ծառայությունները։
Բացի այդ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից:
Բռնի տեղահանված անձանց դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ։ Նաև՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվում են Առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերի անվճար տրամադրման իրավունքից՝ ըստ բժշկական ցուցումների:
ԱՆ-ից տեղեկացրել են նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված կանայք դարձել են ՀՀ կառավարության 2015 թ․ մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 568-Ն որոշման շահառու: Այսինքն, պետության օժանդակությամբ կանայք անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում կարող են արհեստական բեղմնավորման միջոցով հղիանալ։
Մարզային բժշկական կազմակերպություններում աշխատանքի անցնելու պարագայում ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին տրամադրվում է ամսական գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով՝ մինչև 6 ամիս ժամկետով։ 2024 թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 41 բուժաշխատող արդեն իսկ Առողջապահության նախարարության ուղղորդմամբ աշխատանքի է անցել մարզային բժշկական հաստատություններում և օգտվում է այս աջակցությունից։
Միաժամանակ, Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, ՀՀ–ի տարբեր բժշկական կազմակերպություններում աշխատանքի է անցել Արցախից բռնի տեղահանված 219 անձ՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, լաբորանտներ, մանկաբարձ-գինեկոլոգներ, սոնոգրաֆիստներ, բժիշկ վերականգնողաբաններ, թերապևտներ, մանկաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, հոգեբույժներ, ակնաբույժներ, դեղագործներ, վնասվածքաբաններ, սրտաբաններ, նյարդաբաններ, քիմիոթերապևտ, ֆիզիոթերապիստ, մանկաբարձուհիներ, մայրապետեր, տեխնիկական սպասարկման մասնագետներ:
Սյուզաննա Համբարձումյան