Հետհեղափոխական Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձություններին զուգահեռ քաղաքական և իրավական խոսակցություններում առավել ակտիվ սկսվեց շրջանառվել Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագետների խմբի՝ Վենետիկի հանձնաժողովի անունը։
Մասնավորապես հանձնաժողովի Ջիանի Բուքիքիոն ՍԴ ճգնաժամի լուծման հարցում ներգրավված ակտիվ անձանցից մեկն է, որը պարբերաբար խոսակցություններ է ունենում իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի հետ։ Ազգությամբ իտալացի Բուքիքիոն, ըստ պաշտոնական կենսագրության, Եվրոպայի խորհրդում աշխատանքի է անցել դեռ 1971 թվականից, իսկ 2009 թվականից հանդիսացել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ այդ պաշտոնում վերընտրվելով չորս անգամ՝ 2011, 2013, 2015 և 2017 թվականներին։
Բուքիքիոն և հայաստանյան քաղաքական իրադարձությունները
Հունիսի 17-ին Բուքիքիոն, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ներկայացնելով իր ղեկավարած հանձնաժողովի 2019-ի զեկույցը, հայտնել էր, որ Հայաստանում և Մոլդովայում օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել. «Մենք աջակցում ենք այս երկու պետություններին՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում»,- հայտարարել էր նա։
Հունիսի 22-ին Բուքիքիոյի ղեկավարած Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություններ էր ներկայացրել Արդարադատության նախարարության կողմից իրենց հղված 3 հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին սահմանադրական ճգնաժամի լուծմանը։ Հանձնաժողովը արձանագրել էր, որ իշխանությունները եվրոպական մոդելի սահմանադրական դատարանի չափանիշներից չեն հրաժարվում և դրանք չեն փոփոխում, հայտնել էին, որ ընդունելի էին ՍԴ նախագահի պաշտոնավարման առավել կարճ ժամկետները։ Վենետիկի հանձնաժողովը նաև շեշտել էր, որ Հրայր Թովմասյանը դեռ 17 տարի նախագահելու է, ինչը մեծ ժամկետ է ու կարող է հանգեցնել ՍԴ նախագահի դերի գերակշռության։
Սրա հետ մեկտեղ, Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում հունիսի 26-ին հրապարակվել էր Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին։
Բուքիքիոն հայտնել էր, որ ուշադիր հետևում է սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումներին. «Ես ցավ եմ հայտնում, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ առաջարկներին ու կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը»,- ասել էր նա։
Բուքիքիոյի հայկական պարգևը
Բուքիքիոն, սակայն, իր բնորոշմամբ օլիգարխիկ ռեժիմից ժամանակին պարգև էր ստացել։ Մասնավորապես, 2009-ի հոկտեմբերին նա Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ստացավ Պատվո շքանշան։ Այդ ժամանակ նա ՀՀ-ն բնութագրել էր ոչ թե օլիգարխիկ, այլ որպես ժողովրդավարական պետություն. «Հայաստանն այսօր ժողովրդավարական պետություն է: Իհարկե, կան որոշ դժվարություններ, առանց դժվարությունների չի լինում: Ինձ համար ամենամեծ պարգևն այդ առաջընթացն է, որ մենք համատեղ ուժերով արձանագրել ենք Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու գործում»,- ասել էր Բուքիքիոն։ Հովիկ Աբրահամյանն էլ նշել էր, որ պաշտոններն անցողիկ են, սակայն Բուքիքիոն մեծ աշխատանք է արել Եվրոպայի երկրներում ժողովրդավարություն հաստատելու համար։
Վենետիկի հանձնաժողովը դրական է արտահայտվել Հայաստանում 2005 և 2015 թվականներին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ 2005-ի սահմանադրական հանրաքվեից հետո Բուքիքիոն ափսոսանք էր հայտնել, որ հանրաքվեն այնքան լավ չի անցել, որքան ինքը կցանկանար, սակայն «սահմանադրական փոփոխությունները ՀՀ-ին մոտեցրել են Եվրոպային»։ 10 տարի անց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ իրականացված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը ևս դրական էր արտահայտվել։ Բուքիքիոն էլ իր հերթին հայտարարել էր, որ նոր սահմանադրությունը մեկ քայլ առաջ է և որ դրա շուրջ կա քաղաքական կոնսոլիդացիա։
Մկրտիչ Կարապետյան