Ազգային ժողովում նոյեմբերի 17-ին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով 2022 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, անդրադարձավ մի քանի ցուցանիշների և համեմատեց դրանք նախորդ տարիների ցուցանիշների հետ։
Սակայն Պապոյանն այս համեմատություններն արեց բավական մանիպուլյատիվ կերպով, ինչպես նաև հանդես եկավ մի քանի կեղծ հայտարարություններով։
Կապիտալ ծախսերի թերակատարման մասին
Մասնավորապես, խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին, պատգամավորը հիշեց նախկին իշխանություններին՝ պնդելով, որ նրանց կառավարման տարիներին կապիտալ ծախսերի թերակատարումն ավելի մեծ էր։ Վերջինիս խոսքով՝ հանրային ընկալման մեջ կա թյուր կարծիք այն մասին, որ այս իշխանությունները թերակատարում են կապիտալ ծախսերը, իսկ նախկինները 100 տոկոսով կատարում էին դրանք․ «Հիմա տեսեք, օրինակ՝ 2020 թվականին կապիտալ ներդրումների կատարողականը եղել է 85 տոկոս, այս տարի կանխատեսում ենք 90 և ավելի բարձր տոկոս։ Բայց, օրինակ, նախորդ տարիների ցուցանիշները նայենք։ 2012 թվական՝ 75 տոկոս, 2013 թվական՝ 58 տոկոս։ Այս մարդիկ՝ 58 տոկոս կատարողական ապահոված մարդիկ, 90 կամ 85 տոկոս կատարողական ապահոված մարդկանց մեղադրում են ցածր կատարողական ունենալու մեջ»։
Այս հայտարարությունը մանիպուլյատիվ է նախ այն պատճառով, որ Պապոյանը համեմատում է իրենց իշխանության դեռևս չապահոված ցուցանիշը (2021 թվականի կատարողականը) նախկին իշխանության կատարողականի հետ։ Նույն հայտարարությունում Պապոյանն իրենց իշխանության մյուս երկու տարիների կատարողականները չի հայտարարում, քանի որ այդ տարիներին կապիտալ ծախսերի թերակատարումը զգալիորեն մեծ էր։ 2019 թվականին կապիտալ ծախսերը կատարվել էին 73․5 տոկոսով, 2018-ին՝ 74 տոկոսով։
Բավական տարօրինակ է նաև համեմատությունը 2012-2013 թվականների հետ։ Իսկապես՝ այդ տարիներին կապիտալ ծախսերը կատարվել են, համապատասխանաբար, 74․5 և 58․2 տոկոսով, սակայն հաջորդ տարվանից սկսած մինչև 2018 թվականը կապիտալ ծախսերի նվազագույն կատարողականը եղել է 82․3 տոկոսը։ Իսկ արդեն 2016 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, կապիտալ ծախսերը գերակատարվել են՝ 101․7 տոկոս։
Գրաֆիկում պատկերված է վերջին 10 տարիներին բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի, ճշտված տվյալների, փաստացի կատարվածի և կատարողականի վերաբերյալ ամփոփ վիճակագրությունը։
Ինչպես տեսնում ենք, Պապոյանն այս ժամանակահատվածից վերցրել էր հենց այն երկու տարիները, որոնք ամենից ցածրն էին նախկին իշխանությունների կառավարման տարիներին։
Ջրամբարների մասին
Պապոյանը, անդրադառնալով նախորդ իշխանություններին, հայտարարեց նաև, որ վերջիններիս օրոք ջրամբարներ չեն կառուցվել: «Նախորդ 20-25 տարում ոչ մի ջրամբար չի կառուցվել, բա մի հատ էլ դուք կառուցեիք»,- նշեց Պապոյանը և հավելեց, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված է 12 ջրամբարների կառուցում, և դրանց մի մասը արդեն ընթացքի մեջ է․ «Էս բյուջեի ծրագրում, ըստ էության, էտ 12-ի համար ինչ-որ գումարներ կա։ Մեկի համար նախագծահաշվային գումարն ա տված, մյուսի համար շինարարություն, երրորդի համար արդեն ավարտական ինչ-որ փուլում ա գտնվում և այլն»։
Ի հակադրություն Պապոյանի այս հայտարարության՝ Հայաստանում անկախության տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել Մարմարիկի ջրամբարը, իսկ Վեդու և Կապսի ջրամբարների կառուցումը ընթացքի մեջ է։
Վեդու ջրամբարի շինարարությունը սկսվել էր դեռևս 2016 թվականին, և աշխատանքների ավարտը նախատեսվում էր 2020 թվականին։ Այս ջրամբարի կառուցումն արժեցել էր 90 մլն դոլար։
Նախկին իշխանությունները նախաձեռնել էին նաև ավարտին հասցնել Կապսի ջրամբարի՝ դեռևս խորհրդային տարիներին կիսատ մնացած շինարարությունը։ Այդ նպատակով 2013-ին կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանի և գերմանական KfW բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որով բանկը վարկային միջոցներ պետք է հատկացներ Հայաստանին ջրամբարի վերակառուցման համար։ Ջրամբարի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2015-ին և պետք է իրականացվեին երկու փուլով։ Նախագծի արժեքը 60 մլն եվրո էր, որից 50-ը գերմանական բանկի տրամադրած վարկն էր, 10-ը՝ պետբյուջեի համաֆինանսավորումը։
Երկրորդ փուլի նախագծման աշխատանքները պետք է սկսվեին 2018-ի հունիսին, իսկ շինաշխատանքները մեկնարկեին 2019-ի սեպտեմբերին և ավարտվեին 2021-ին, սակայն նախարարությունը պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու նպատակով հրաժարվել էր լրացուցիչ ֆինանսավորումից։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ թեև տեխնիկապես Պապոյանը ճիշտ է և անկախ Հայաստանի պատմության ընթացքում ջրամբարների կառուցումը ավարտին չի հասցվել, սակայն մի քանիսի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս նախորդ իշխանությունների օրոք։ Իսկ ինչ վերաբերում է կառավարության հնգամյա ծրագրով 12 ջրամբարների կառուցման մասին Պապոյանի պնդումներին, ապա նշենք, որ պատգամավորի արած համեմատությունը մանիպուլյատիվ է, քանի որ նա համեմատում է գործնականում ոչ համադրելի «մեծություններ»՝ իշխանությունների 10 տարվա աշխատանքի արդյունքը կամ այդ աշխատանքի բացակայությունը ոչ թե իրենց գրանցած արդյունքի հետ, այլ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի, որոնք խոստումների մակարդակում են ու դեռևս իրագործված չեն։
Պատական բյուջեի ծախսերի մասին
Պապոյանը խոսեց նաև պետական բյուջեի ծախսերի մասին՝ հայտարարելով, որ իշխանություններին հաջողվել է 2018-ից սկսած բյուջեի ծախսերն ավելացնել 51 տոկոսով․ «Բյուջեի ծախսերը մոտ 1․4 տրիլիոնից դարձել են 2․2 տրիլիոն կամ աճել 51 տոկոսով՝ 18 թվականի համեմատ։ Այսինքն, պետական բյուջեի ծախսերը 50 տոկոսով 3 տարվա ընթացքում ավելացել են։ Սա էն մարդկանց համար, որ ասում են՝ դե բան չի փոխվել։ Ո՞նց չի փոխվել, եթե ծախսերը 50 տոկոսով ավելացել են․․․»։
Իրականում, 2018-ի պետական բյուջեով նախատեսված ծախսը ոչ թե 1․4 տրլն դրամ էր, այլ փոքր-ինչ ավել՝ 1 տրլն 465 մլրդ, ինչը «կլորացնելու» արդյունքում ստացվում է ոչ թե 1․4 տրլն, այլ 1․5։
2022-ի բյուջեով ծախսային մասը նախատեսվում է 2 տրլն 189 մլրդ դրամ։ Ստացվում է, որ 4 տարվա ընթացքում պետական բյուջեի ծախսային մասն ավելացել է գրեթե 50 տոկոսով։ Սակայն նույնիսկ այստեղ Պապոյանի հայտարարությունը մանիպուլյատիվ էր։ Բյուջեի ծախսերը կիսով չափ ավելացել են ոչ թե 3 տարվա ընթացքում, այլ՝ 4։
Սակայն այս դրական ցուցանիշ նշելիս Պապոյանը չխոսեց դրա ստվերային՝ բացասական կողմի մասին։ Վերջին 4 տարիներին պետական բյուջեի աճին զուգահեռ՝ ահռելի չափով աճել է նաև պետական պարտքը։
Եթե 2018 թվականի սկզբում պետական պարտքը կազմում էր 6 մլրդ 774 մլն դոլար, որից կառավարության պարտքը՝ 4 մլրդ 893 մլն դոլար, ապա այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը գերազանցել էր 9 մլրդ դոլարը՝ կազմելով 9 մլրդ 38 մլն դոլար, որից կառավարության պարտքը կազմում է 6 մլրդ 665 մլն դոլար։ Այսինքն, պետական բյուջեի ծախսային մասը 50 տոկոսով ավելացնելուն զուգահեռ՝ իշխանությունը պետական պարտքն ավելացրել է 33 տոկոսով կամ ավելի քան 2․2 մլրդ դոլարով։
Պետական բյուջեի մասին խոսելիս կարևոր է ուշադրություն դարձնել բյուջեի եկամուտների և ծախսերի տարբերությանը կամ բյուջեի դեֆիցիտին (պակասուրդ)։ Հետաքրքրական է, որ պետբյուջեի դեֆիցիտն ամենաբարձրը եղել է հետհեղափոխական իշխանությունների կառավարման տարիներին։ Սա նշանակում է, որ բյուջեով նախատեսված ծախսերը զգալիորեն գերազանցել են բյուջեի եկամուտները։ Այսպես, նախահեղափոխական 2017-ին բյուջեի դեֆիցիտը կազմել էր 150 միլիարդ դրամ, 2020-ին՝ 160 միլիարդ դրամ։ 2021-ին՝ պատերազմի և կորոնավիրուսի ծախսերով պայմանավորված, բյուջեի դեֆիցիտը դարձավ աննախադեպ շատ՝ շուրջ 341 միլիարդ դրամ։ Հաջորդ տարվա նախագծով բյուջեի պակասորդը կազմելու է 243 միլիարդ դրամ։
Դեֆիցիտը լրացնելու համար, որպես կանոն, պետությունը դիմում է այլ՝ հաճախ օտարերկրյա աղբյուրների, ինչն էլ, իր հերթին, բերում է արտաքին պարտքի աճի։
Միջին աշխատավարձի մասին
Պապոյանն իր ելույթում անդրադարձավ նաև միջին աշխատավարձերի բարձրացմանը․ «Շատ կարևոր է նշել, որ 2021 թ․ հունվար-հուլիս ամիսներին էականորեն աճել է նաև միջին անվանական աշխատավարձը՝ մոտ 6 տոկոսով՝ կազմելով մոտ 200 հազար դրամ կամ 198 հազար դրամ։ Ցավոք սրտի, դրան զուգահեռ, ունեցել ենք գնաճ, որը, ըստ էության, ցավոք սրտի, մսխել է այդ աճի փաստացի ամբողջ հնարավորությունը»։
Այս առումով Պապոյանի հայտարարությունը ճիշտ է, սակայն այստեղ ևս աշխատավարձի մասին խոսելիս նա նշում է դրա աճի մասին, մինչդեռ գնաճի մասին խոսելիս խուսափում է ճշգրիտ թիվ հնչեցնելուց։
Այսպես․ այս տարվա հունվարին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 192,400 դրամ, իսկ արդեն հուլիսին՝ 206,300 դրամ, ինչը նշանակում է, որ տարվա առաջին կեսում աշխատավարձն աճել է մոտ 7 տոկոսով։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա այս տարվա հուլիսին սպառողական ապրանքների գները նախորդ տարվա համեմատ աճել են 8․2 տոկոսով, իսկ սննդամթերքի գները՝ 13․9 տոկոսով։ Այլ կերպ ասած՝ գնաճի տեմպն ավելի արագ էր, քան աշխատավարձերի աճը, ինչը նշանակում է, որ քաղաքացիների կյանքի որակը, աշխատավարձերի աճին զուգահեռ, նվազել է։
Այսպիսով, փաստենք, որ Ազգային ժողովի ամբիոնից հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս Գևորգ Պապոյանը ոչ միայն մանիպուլացնում էր որոշ ցուցանիշներ, այլ նաև հանդես գալիս համեմատություններով, որոնք թեև շահեկան էին նախկին իշխանությունների հետ համեմատվելու տեսանկյունից, սակայն տրամաբանական չէին, քանի որ արվում էին թե՛ ոլորտների և թե՛ տարիների հանդեպ ընտրողաբար։
Սևադա Ղազարյան
Մհեր Թարոյան