Մարտի 24-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, կարդալով Հռոմի պապի ուղերձը կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ, հարց ուղղեց Ամենայն Հայոց կաթողիկոսին և ՀՀ նախագահին, թե ինչո՞ւ նրանք հանդես չեն գալիս ուղերձներով։
«Արդյո՞ք հայ ժողովուրդը արժանի չի, որ իր կաթողիկոսն ուղերձ հղի այս ծանր ժամանակներում իր զավակներին։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության նախագահը չպետք է ուղերձ հղի հայ ժողովրդին այս ծանր պահին»,- հայտարարեց Բագրատյանը։
Բագրատյանի ելույթը տարածվեց լրատվամիջոցներում՝ «Հայ ժողովուրդն արժանի՞ չէ, որ Կաթողիկոսն ու Նախագահն ուղերձ հղեն այս ծանր պահին․ Բագրատյան (տեսանյութ», «Պատգամավորներն առաջարկներ հղեցին պարետին և հարցադրում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին ու նախագահին» գլխագրերով։
Արդյո՞ք Գարեգին Երկրորդը լռել է
Պատգամավորը, սակայն, հավանաբար, միայն իտալական ու միջազգային լրահոսին է հետևում, այլապես պետք է նկատած լիներ համացանցում տարածված հայրապետական հորդորները։
Դեռևս մարտի 16-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը կորոնավիրուսի համավարակի առնչությամբ դիմել էր ժողովրդին՝ կոչ անելով առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։ Կաթողիկոսը հրապարակել էր նաև Մայր Աթոռի որոշումը․ «Սուրբ Պատարագի արարողություններն անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը»։
Մայր Աթոռի որոշմամբ չեղարկվել են Ծաղկազարդի և Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի (ապրիլի 7) օրհնության կարգերը, մի շարք արարողություններ։
Գարեգին Երկրորդը մարտի 18-ը հայտարարել էր Համազգային աղոթքի օր: Աղոթքի արարողությունը հեռարձակվել էր Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունների ուղիղ եթերում, Ամենայն Հայոց կաթողիկոսի Facebook-ի պաշտոնական էջում, մի շարք այլ հարթակներում։ Կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի առիթով մարտի 18-ին Վեհափառն ուղերձով դիմել էր հանրությանը։
«Սիրելի զավակներ մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ»,- ասել էր կաթողիկոսը:
Նախագահը ևս ուղերձ է հղել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր հերթին, դեռևս մարտի 16-ին էր խոսք ուղղել հայրենակիցներին՝ Նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով։
«Մենք բոլորս պետք է լինենք կազմակերպված և կարգապահ, շատ ավելին, քան եղել ենք մինչ այսօր: Պայքարի հիմնական ձևը կազմակերպված, կարգապահ հարաբերություններն են: Քանի որ չկա հակավիրուս, չկա դեղ, որը կարելի է օգտագործել, շատ հստակ պայքարի ձև կա՝ նվազագույնի բերել մարդկային շփումները»,- նշել էր Արմեն Սարգսյանն իր խոսքում:
Այսպիսով, Սերգեյ Բագրատյանը սխալվում է։ Կառավարության որոշմամբ երկրում արտակարգ դրություն սահմանվելու առաջին իսկ օրը՝ մարտի 16-ին, ուղերձով հանդես են եկել և՛ Ամենայն Հայոց կաթողիկոսը, և՛ նախագահը։
Ժաննա Սարգսյան
Հոդվածը հրապարակվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վոչդոգ լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հրապարակված հոդվածի բովանդակության համար։