Բաքվում սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին, քաղաքացիական անձանց և անհետ կորածներին նվիրված երթը Հայաստանում տարբեր քննարկումների առիթ դարձավ։
Որոշ լրատվականներ գրեցին, որ Բաքվում կայացած զոհերի նկարներով երթը «մատնել է Ադրբեջանի սուտը», մյուսները գրեցին բացահայտված ահռելի կորուստների մասին, իսկ որոշ հրապարակումներում նշվում էր 4000 թիվը։
Ըստ ադրբեջանական տվյալների՝ երթին մասնակցում էին ավելի քան 3000 հազար զինծառայող և կուրսանտ՝ պատերազմի շուրջ 3000 զոհերի նկարներով։ Քայլերթը գլխավորում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Բաքվում անցկացված երթից համացանցում առկա տեսանյութերն ու լուսանկարները՝ փորձելով պարզել երթի մասնակիցների թիվը։
Նշենք, որ ադրբեջանական պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից զոհվել է 2907 զինծառայող և 101 քաղաքացիական անձանց, ինչպես նաև անհետ կորած է համարվում 7 զինծառայող:
Երթի անհատական հաշվարկ
Երթը սկսվել էր Բաքվի Նեֆտչիլար պողոտայից, անցել Պրիմորիեի բուլվարով և շարունակվել մինչև «ռազմավարի պուրակ»։
Չնայած նրան, որ համացանցում չհաջողվեց գտնել վերևից արված բարձր որակի լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնցով հնարավոր կլիներ բարձր ճշգրտությամբ հաշվարկ իրականացնել, բայց, այնուամենայնիվ, եղած գործիքներով էլ հնարավոր եղավ մոտավոր պատկերացնել երթի մասնակիցների թիվը։
Այսպես, ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող նկարներից մի քանիսում ամբողջությամբ երևում է երթի շարասյունը։
Շարասյան ընդհանուր երկարությունը մոտ 620 մետր է, որում զինծառայողները պահում են շարքերի և տողանների միջև սահմանված հեռավորությունը։
FIP.am-ին հաջողվեց անհատական հաշվարկի միջոցով հաշվարկել շարասյան մի կեսում զինծառայողների թիվը՝ 1485։ Այդքան է նաև նրանցից յուրաքանչյուրի ձեռքում մեկական պաստառների քանակը։
Շարասյան երկրորդ մասում պատկերի անբավարար որակի պատճառով հնարավոր չէ անհատական հաշվարկ իրականացնել, սակայն հաշվի առնելով, որ շարքերի խտությունը չի փոխվում (ինչը տեսանելի է երթից արված տեսանյութերում), կարելի է եզրակացնել, որ այնտեղ կան ճիշտ նույնքան զինծառայողներ, ինչքան որ առաջին՝ հաշվարկված մասում։ Ընդհանուր՝ մոտ 2970 զինծառայող։
Լուսանկարի անկյունի թեքության պատճառով շարասյան առաջին՝ առջևից քայլող կեսում ավելի շատ մարդ է երևում, չնայած իրականում երկու կեսում հավասար քանակով զինծառայողներ են։
Հաշվարկ ըստ մակերեսի
Անհատական հաշվարկի ձևից բացի, կարելի է օգտագործել նաև mapchecking.com կայքը, որը հիմնված է Google Maps ծրագրի վրա և օգտագործվում է հանրահավաքների մասնակիցների մոտավոր թիվը ճշտելու նպատակով՝ հիմնվելով տարածքի մակերեսի և դրանում մեկ քառակուսի մետրի վրա մարդկանց խտության վրա։
Նախ, զինծառայողները խտությունը քառակուսի մետրի վրա հասկանալու համար օգտվում ենք տարածված տեսանյութերից մեկում վերևից արված պատկերներից։
Դրանցում հստակ երևում է, որ ճանապարհային մեկ գծանշումի սկզբից մինչև հաջորդի վերջը տեղավորվում է 9 շարք՝ 103-104 զինծառայող։
Քարտեզում հայտնաբերելով լուսանկարների վայրը և ընդհատվող գծանշումները՝ նշում ենք մակերեսն ու զինծառայողների քանակը (104) և ստանում խտությունը՝ 0․45 մարդ մեկ քառակուսի մետրում։
Այնուհետև արդեն ընտրում ենք շարասյան զբաղեցրած մակերեսը՝ հիմնվելով լուսանկարի վրա, և օգտագործելով պարզված խտությունը՝ ստանում ենք 3095 թիվը։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Բաքվում անցկացված երթին մասնակցել է մոտ 2970-3100 զինծառայող, որոնցից յուրաքանչյուրը տարել է մեկական «շահիդի» նկար, ինչը մոտ է Բաքվի կողմից հրապարակված՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց պաշտոնական թվին։
Հայկ Հովհաննիսյան