Վերջին ամիսներին Ադրբեջանում մեծ հնչեղություն է ստացել Լեռնային Ղարաբաղին սահմանակից Ջոջուկ Մարջանլու գյուղի վերաբնակեցման ծրագիրը:
Տեղական լրատվականներն ակտիվորեն տարածում են տեղեկություններ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին ազատագրված գյուղում կառուցվելու է 50 տուն, որոնցում բնակություն կհաստատի 190 ընտանիք:
Իրականում սակայն, Հորադիզի շրջանի Ջոջուկ Մարջալու գյուղը ադրբեջանական վերահսկողության տակ է գտնվում արդեն 23 տարի: Դեռևս 1994 թվականի հունվարին Հորադիզի ուղղությամբ ձեռնարկած լայնածավալ հակահարձակման արդյունքում ադրբեջանական բանակին հաջողվեց վերագրավել գյուղը, հետևապես «ազատագրել» արդեն իսկ իր վերհսկողության տակ գտնվող տարածքը ադրբեջանական ԶՈՒ-ը չէին կարող:
Բանն այն է, որ նախկինում Լելե-Թեփե բարձունքը վերահսկում էին հայկական ստորաբաժանումները, իսկ ապրիլյան 4-օրյա պատերազմի արդյունքում այն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, ինչը և թույլ տվեց վերաբնակեցնել բարձունքի տակ (մոտ 3 կմ դեպի հարավ-արևելք) գտնվող Ջոջուկ Մարջալու գյուղը:
Նշենք նաև, որ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին հրավիրել էին գյուղի կառուցապատման «բացմանը»: Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը հրաժարվել են այցելել գյուղ, ինչը Ադրբեջանի իշխանությունների կողմից վրդովմունքի առիթ էր դարձել: Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը այդուհանդերձ այցելել է գյուղ։