Օրերս սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով կանալանավորված Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ կան հստակ տվյալներ, որ ընդդիմությունը փորձել է բանակը ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ. «Պաշտպանության երկու փոխնախարարները, արդեն քողարկված կամ համարյա թե չքողարկվելով, իրենց աջակցությունն են հայտնել ցուցարարներին, ինչը ընդհանրապես արգելված է որ այդ պաշտոնյաները քաղաքականության մեջ ներգրավվեն, բայց պաշտպանության երկու փոխնախարարները համարյա թե անցել են այդ կողմ»:
Ըստ այդ հայտարարության՝ պաշտպանության փոխնախարարները իրենց լիազորություններից դուրս են եկել, մինչդեռ ՝ 2008 թվականին չկար հստակ ուղղակի կարգավորում, որով նախարարներին ու փոխնախարարներին արգելված կլիներ աջակցել նմանատիպ ակցիաներին, ընդհակառակը՝ ցանկացած գերատեսչական մարմին իրավունք ունի կարծիք արտահայտելու տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ընդգծենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չի մանրամասնում, թե որտեղի՞ց են իրեն հայտնի այդ տվյալները․ քողարկված աջակցությունը դեռ ապացուցված չէ ։ Հավելենք նաև , որ չնայած պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները կարող են ընկալումներ ստեղծել հասարակության շրջանում, թե սույն միտքը պատկանում է ոչ թե անհատին այլ գերատեսչությանը, սակայն պետք է ընդգծել, որ դա միանշանակ չէ , և ունի ապացուցման կարիք։
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանող կողմի հայտարարություններին ի պատասխան նշենք, որ նախարարն ու փոխնախարարները քաղաքացիական վերահսկողություն են իրականցնում, ԶՈՒ-ի կառավարումը գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակում է (ՀՀ պաշտպանության մասին օրենք, հոդված 12)։ Հետևաբար՝ փոխնախարարների աջակցությունը չի նշանակում, որ բանակը ներքաշվել է քաղաքական իրադարձությունների մեջ։ Սահմանադրությամբ ասվում է` զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո:
Ինչ վերաբերվում է այն հայտարարությանը, թե Երկրապահ կամավորական միությունը զինված կառույց է և անդամակցել է գործընթացներին , փաստենք, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է՝ գրանցված ՀՀ-ում, ու չնայած դրա անդամները արցախյան պատերազմի մասնակիցներն են, բայց կառույցին անդամագրված են նաև քաղաքական գործիչներ, ովքեր չեն մասնակցել պատերազմին։ Հետևաբար ԵԿՄ-ն զինված կառույց չէ և բաց է ցանկացած գործընթացի մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ հանդիպելով զինվորական վերնախավի հետ, կոչ է արել բանակը հետ պահել քաղաքական գործընթացներից: Այդ ամենը մեկնաբանել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Կարինե Կիրակոսյան