Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով նույն օրն Արցախում մեկնարկած ադրբեջանական ռազմական գործողություններին ու Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, մի շարք չհիմնավորված ու չհաստատված տեղեկություններ է հնչեցրել։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է դրանք։
Ասկերանում մոր ու չորս երեխաների զոհվելու լուրը
Քաղաքագետը, մասնավորապես, պնդել է, թե սեպտեմեբրի 19-ին Արցախի Ասկերան քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կին է սպանվել իր չորս երեխաների հետ։
«Նոր մի կին Ասկերանում չորս երեխայի հետ սպանվել է, ՄԱԿ-ը ինչ է ասում, Եվրամիության դիտորդը ասում է հետևյալը, որ «ադրբեջանական բաները․․․ մեքենա է սպանվել,․․․զոհեր են եղել, խնդրում ենք՝ երկու կողմերը լինեն զուսպ»,- ասել է քաղաքագետը։
Ասկերանում սպանված կնոջ և երեխաների մասին տեղեկությունն առաջինը հայտնել էր Կարապետ Պողոսյան անունով ֆեյսբուքյան օգատատերը՝ գրելով․ «Ծանոթներիցս մեկը հայտնում է, որ քույրը չորս երեխաների հետ Ասկերանում զոհվել են․․․»։
Արցախի առողջապահության նախարարությունը, սակայն, հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Որևէ այլ աղբյուրից լուրը հետագայում չի հաստատվել:
Արևմտյան կառույցներին վերագրվող «զսպվածության կոչեր»
Դանիելյանը ԵՄ դիտորդների ու ՄԱԿ-ի արձագանքի մասին խոսելիս կառույցներին է վերագրում հավասարապես հայկական ու ադրբեջանական կողմերին ուղղված զսպվածության կոչեր։
Մինչդեռ, ո՛չ ՄԱԿ-ը և ո՛չ էլ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ նման բովանդակույթամբ հայտարարություններ չեն արել։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, X-ի իր միկրոբլոգում առանձին գրառում չանելով ադրբեջանական ագրսեիայի մասին, միևնույն ժամանակ, կիսել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ադրբեջանին հասցեական դատարապարտող հայտարարությունները։
Ռազմական գործողություններն Արցախում անհապաղ դադարեցնելու կոչ է արել նաև ՄԱԿ գլախվոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Հատկանշական է, որ «հակամարտող կողմերին արյունահեղությունը դադարեցնելու կոչ» միջազգային դերակատարներից արել է Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում՝ այդ թվում նաև հրադադարի ռեժիմի պահպանության նպատակով։
Այսպիսով, Ստեփան Դանիելյանը ԵՄ դիտորդական առաքելությանն ու ՄԱԿ-ին վերագրում է հայտարարություններ, որոնք վերջիններս չեն արել։
Ով է տապալել ՄԱԿ ԱԽ-ում Արցախի մասով հայտարարությունը
Քաղաքագետը մեկ այլ չհաստատված տեղեկություն էլ է հնչեցրել եթերում․ նա, մասնավորապես, պնդել է, թե Մեծ Բրիտանիան է 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կայացած ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում արգելափակել ԼՂ վերաբերյալ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, արտահերթ նիստ էին հրավիրլ․ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են նաև Չինաստանն ու Մեծ Բրիտանիան։
Նիստում հայտարարության ընդունման տապալումից հետո հայաստանյան տեղեկատվական տիրույթում տեղեկություն էր տարածվել, որ հայտարարությունն արգելափակել է Մեծ Բրիտանիան, մինչդեռ ավելի ուշ Civilnet-ին տված հարցազրույցում Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Ջոն Գալագերը հերքել էր այս տեղեկությունը։
«Ես լսել եմ այն մեղադրանքների մասին, թե իբր Միացյալ Թագավորությունն ինչ-որ բաներ է արգելափակել ՄԱԿ-ում։ Ուզում եմ կրկին շատ վճռականորեն ասել, որ դա այդպես չէ, Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ հայտարարություն։ Մենք շատ ենք ցանկացել տեսնել խաղաղ հանգուցալուծում և այդ ուղղությամբ աշխատել ենք ՄԱԿ-ում և այլուր, որպեսզի դա տեղի ունենա»,— ասել է դեսպանը։
Փաստացի, որևէ արժանահավատ աղբյուր չի հաստատել Մեծ Բրիտանիայի կողմից հայտարարության արգելափակման մասին հայաստանյան տեղեկատվական տիորւյթում շրջանառվող վարկածը․ փոխարենը, կա այդ երկրի դեսպանի հերքումը, հետևաբար Ստեփան Դանիելյանը հնչեցնում է տեղեկություն, որը ոչ միայն ապացուցված ու հիմնավորված չէ, այլ նաև հերքված է։
Նանե Մանասյան