Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումները հարձակում են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանների միանգամից մի քանի ուղղություններով` թիրախի տակ առնելով այդ թվում խաղաղ բնակավայրերը:
Նույն օրը Radar Armenia և 1in.am լրատվական կայքերում հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը, որում նշվում է, թե «ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտական գործողությունների, ինչպես նաև՝ վիրավորների ու զոհերի մասին հաղորդումներով»։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Փրայսի այս հայտարարությունը հին է․ այն արվել է օգոստոսի 4-ին ու վերաբերում է Արցախում օգոստոսի սկզբին միանգամից երկու ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակմանը։
Փաստացի, լրատվական կայքերը վերահրապարակել են պետքարտուղարության պաշտոնյայի հին հայտարարությունը՝ վերագրելով այն ՀՀ սահմանների վրա ադրբեջանական վերջին հարձակմանը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարության կայքում տարածվել է ադրբեջանական վերջին հարձակման մասով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը։
Դրանում նա խոր մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին ակտիվ ռազմական գործողությունների, ինչպես նաև ՀՀ-ի բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում նաև անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Իսկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունները և Հայաստանում քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածները անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի. դիվանագիտությունը պետք է հաղթի»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է դեսպան Քարփենթերը։
Նանե Մանասյան