Դեկտեմբերի 23-ին սոցիալական ցանցերի հայ օգտատերերը և որոշ լրատվականներ տեսանյութ տարածեցին, որտեղ երևում է ադրբեջանական զորքի կողմից հավանաբար պայթեցված գազատար խողովակի այրումը։ Politik.am-ը տեսանյութը տարածեց «Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով։
Կայքը գրում է, որ «պատերազմից հետո, ի պատասխան Հայաստանի իշխանությունների ադրբեջանասեր քայլերի, Ադրբեջանի բանակը երեկ պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը»։ Ադրբեջանական աղբյուրներում նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Քաշաթաղի (Լաչինի) շրջանում։
Նախ նշենք, որ politik.am-ի պնդումը, թե գազատարը պայթեցվել է երեկ՝ դեկտեմբերի 22-ին, չի կարող համապատասխանել իրականությանը, քանի ադրբեջանական տելեգրամյան ալիքները այն հրապարակել էին առնվազն դեկտեմբերի 21-ին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքեց տեղեկությունը` հայտարարելով, որ Իրան-Հայաստան գազամուղի վթար չի եղել և այն «շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան»։ Նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկություններ չունեն Բերձորի միջանցքով Արցախ գնացող գազատարի պայթյունի մասին, անհրաժեշտ է ճշտել Արցախի կառավարությունից։
Fip.am-ը կապ հաստատեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ Արցախի ուժային կառույցները նման ահազանգ չեն ստացել․ «Տեղեկությունը հերքել են ոստիկանությունը և ԱԻՆ-ը։ Նման տեղեկությունը շատ արագ կտարածվեր նաև մեզ մոտ՝ Արցախը հիմա շատ փոքր է, և նման տեղեկություններն արագ կտարածվեին»։ Նախարարության աշխատակիցը նշեց, որ գազամատակարարումը դեպի Ստեփանակերտ չի դադարեցվել։
Անի Ավետիսյան