Հեղափոխությունից հետո Հայաստանում Արցախյան խնդրի կարգավորման մասին քննարկումները նոր թափ ստացան։ Հիմնական պատճառներից է այն, որ վարչապետ Փաշինյանի արտահայտությունները որոշակիորեն տարբերվում էին նախորդ իշխանությունների տեսակետներից։
Քննարկումները վերսկսվեցին հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթից հետո։
Իր ելույթում, ինչպես և տարբեր այլ առիթներով, Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ «Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար»:
Թեև Փաշինյանի այս տեսակետը նորություն չէր և այս մասին նա հայտարարել էր դեռ 2018 թվականին, այնուամենայնիվ, այս հայտարարությունը կրկին հայտնվեց մեդիայի և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում։ Նոր կառավարության և վարչապետի՝ Արցախի խնդրի վերաբերյալ տեսակետները զերծ չեն մնացել նաև մանիպուլյացիաներից։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունները՝ Արցախյան խնդրի վերաբերյալ, դրանց շուրջ քաղաքական շրջանակների կողմից արված քննադատություններն ու մանիպուլյացիաները։
Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրը
Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթին անդրադարձած ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, հարցազրույցներից մեկում նշում է. «Փաշինյանը ինքնորոշման խնդրի մասին չի խոսում, միայն անվտանգության մասին», — ապա հավելում․ «Արդյո՞ք նոր Հայաստանի որևէ իշխանություն երբևէ ասել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշումը, այսինքն՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, այլընտրանք չունի»:
Նիկոլ Փաշինյանը, իրոք, ՄԱԿ-ի իր ելույթում անդրադարձ չի կատարել Արցախի ինքնորոշման խնդրին, սակայն այս թեմայի վերաբերյալ և Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին նա խոսել է բազմիցս:
Այսպես, 2018-ի մայիսին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է․ «…Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:
Իսկ իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանն անդրադառնալով՝ նշել է, որ Արցախի և Հայաստանի վերամիավորման հարցը կարող է քննարկվել միայն Արցախի միջազգային ճանաչումից հետո։ «Երբ Արցախի Հանրապետությունը կլինի միջազգայնորեն ճանաչված պետություն, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունն իրենց ժողովուրդների արտահայտած կամքով կարտահայտեն իրենց դիրքորոշումն իրենց հետագա ճակատագրի վերաբերյալ»,- շեշտել է վարչապետը:
Փաշինյանն այս մասին խոսել է նաև Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ մյուս քաղաքական ուժերի ղեկավարների հետ բանավեճի ընթացքում ևս Փաշինյանը հայտարարել է, որ բանակցություններում իրենց հիմնական նպատակն Արցախի անկախության ճանաչում ու ժողովրդի անվտանգության ապահովումն է։
Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին՝ նշելով, որ Արցախը պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արձանագրվել են այն սկզբունքները, որոնց շրջանակում պիտի տեղի ունենա լուծումը, և այդ սկզբունքների մեջ կարևոր է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը արձանագրված է»։
Հայաստանը՝ հակամարտող կո՞ղմ
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը վերջին հարցազրույցներից մեկում կրկին անդրադարձել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նշելով․ «Այն հայտարարությամբ, թե Արցախը Հայաստան է և վերջ, նա Հայաստանը ներքաշել է պատերազմական գործողությունների մեջ։ Հայաստանը երբևիցե չի եղել հակամարտող, պատերազմի կողմ»։
Էդուարդ Շարմազանովը ևս կրկնել է այս տեսակետը․ «Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը հակամարտության կողմ է, իսկ սա խայտառակություն է։ Հայաստանը հակամարտության կողմ չէ, զինադադարի կողմ է»։
Շարմազանովն այս միտքն արտահայտել էր նաև 2018-ին՝ հայտարարելով, որ «որևէ միջազգային փաստաթղթում Հայաստանը որպես հակամարտության կողմ չի դիտարկվում, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ի հայտնի չորս բանաձևերում»։
Հայաստանը, սակայն, դե յուրե հակամարտության կողմ է։ Փաշինյանի հայտարարությունից հետո այս հարցով պարզաբանումներ տվեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, պարզաբանել է, որ «Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994 թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995 թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ»:
Իսկ Շավարշ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված կողմ է, իսկ հակամարտության հիմնական կողմերն Արցախն ու Ադրբեջանն են:
Անի Ավետիսյան