Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին Առաջին ալիքի նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է, որ Արցախյան առաջին պատերազմից ի վեր հարյուրավոր անհետ կորածներ կան հայկական կողմից:
Մասնավորապես, ներկայացնելով 44-օրյա պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերիների մասին տվյալները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ 268 մարդ կա: Հաստատված գերիների թիվը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, 60 է:
«Ուզում եմ ընդգծել, որ այս ընթացում վերադարձվել է 89 գերեվարված անձ, որոնցից 6-ը գերեվարված են եղել մինչև պատերազմը։ Ուզում եմ նաև ընդգծել, 1994 թվից մինչև այսօր Հայաստանում 395 մարդ անհետ կորած է համարվում»,- հայտարարել է Փաշինյանը։
Սակայն ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1991-1994 թվականներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով 4500 անձ անհետ կորած է համարվում Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում:
Fip.am-ը կապ հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ՝ պարզելու, թե այդ թվից քանի՞սն են հայկական կողմին պատկանում:
Ամատունին մեզ հետ զրույցում նշեց, որ այս թիվը փոփոխական է, քանի որ ընտանիքները երբեմն դիմում են իրենց հարազատներին անհետ կորածների ցանկից հանելու համար։ Այդ պատճառով այդ թիվը մոտավոր է համարվում:
«Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մեր գրասենյակները գրանցել են մոտ 800 անհետ կորած: Այդ ցանկը ներառում է և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորականներին: Այս թվի հիմքն ընտանիքների կողմից մեր գրասենյակներին ներկայացված հայտերն են»,- ասաց Զառա Ամատունին:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Արցախյան առաջին պատերազմից հետո 395 մարդ անհետ կորած է, սխալ է, քանի որ իրականում այդ թիվը կրկնակի ավելի է:
Լուսինե Ոսկանյան