Արցախում օգոստոսի սկզբին միանգամից երկու ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակումից հետո Ստեփանակերտի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչները հայտնեցին, որ օգոստոսի 25-ին Հայաստանը Արցախին կապող ճանապարհը, այդ թվում՝ Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը, կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ:
Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց՝ գյուղի բնակիչները պետք է լքեն Աղավնոն մինչև օգոստոսի 25-ը, այդ օրը ռուսաստանցի խաղաղապահները գնալու են, ադրբեջանական զինուժն է մտնելու գյուղ։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները, նոր երթուղու կառուցման վերաբերյալ ուշագրավ դրվագներն ու հայկական կողմի պաշտոնական հայտարարությունները։
Հայկական կողմը բավարարեց Բաքվի «ոչ լեգիտիմ պահանջը»
Օգոստոսի 1-ին Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»: Արցախում լարվածությունը պահպանվեց հաջորդ մի քանի օրերի ընթացքում, ինչի հետևանքով Պաշտպանության բանակն ունեցավ 2 զոհ և 19 վիրավոր։
Էսկալացիայի հաջրոդ օրը՝ օգոստոսի 2-ին, Արցախի Հանրապետության նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Բաքուն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։
Օգոստոսի 3-ին, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի «պահանջը լեգիտիմ չէ»:
Հաջորդ օրը կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառանալով Արցախում ընթացիկ էսկալացիային, հայտարարեց, թե Ադրբեջանը «որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը»:
Փաշինյանը շեշտեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և որ հայկական կողմը մի քանի անգամ առաջարկել է եռակողմ ֆորմատով պլան հաստատել:
«Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է: Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել», — ասել է վարչապետը:
Փաստացի, չնայած նրան, որ հայկական կողմը «ոչ լեգիտիմ» է որակել Բաքվի պահանջը, այն բավարարվել է․ միջանցքը երթուղով ու իր հարակից բնակավայրերով օգոստոսի 25-ին կհայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ։
Այլընտրանքային ճանապարհը ադրբեջանական կողմը կառուցում էր 1 տարի
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում հիշատակվում է Արցախը Հայաստանին միացնող Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին այլընտրանք հանդիսացող ուղու կառցուման մասին. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- նշվում էր հայտարարությունում: Այսինքն՝ նշվում էր 3 տարվա ընթացքում նոր երթուղու նախագիծը ներկայացնելու մասին, այլ ոչ թե ամբողջական կառուցման մասին:
Քաշաթաղի (Լաչինի) շրջանը, բացառությամբ 5 կմ ընդգրկող միջանցքի, ադրբեջանական վերահսկողության տակ անցավ 2020թ. դեկտեմբերի 1-ին: Նույն օրը Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց Բերձոր (Լաչին) քաղաքը վերադարձնելու մտադրության մասին:
«Ես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներում ասել եմ, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է մեզ վերադարձվի: Այդ պատճառով մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցքի երթուղին և կառուցել այն։ Այստեղ նաև ժամկետն է նշված՝ 3 տարում: Սակայն ես կարծում եմ, ավելի շուտ կարող ենք անել։ Նոր միջանցքի պարամետրերը հստակեցնելուց հետո՝ Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ»,- ասել է Ալիևը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների և Արցախի Շուշիի շրջանի համայնքների ղեկավարների՝ Ադրբեջանը սկսել է ճանապարհի կառուցումը դեռ 2021թ. հուլիսին: 2021թ. փետրվարի 4-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Հին Շեն, Մեծ Շեն համայնքների ղեկավարները նշել են, որ ադրբեջանցիները նոր ճանապարհի շինարարություն իրականացնում են հենց գյուղերի մոտակայքում, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ և ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:
Հատկանշանակ է, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում էր նոր ճանապարհի կառուցման մասին և հստակ ժամկետներ նշում: Այսպես, 2022 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության նախագահ Սալեհ Մամեդովը հայտարարել է, որ 28 կմ ձգվող ճանապարհի 17 կմ-անոց հատվածն արդեն կառուցվել է: Նա ընդգծել է, որ այլընտրանքային ճանապարհը շահագործման է հանձնվելու 2022թ. հուլիսին: Իսկ մի քանի ամիս անց՝ ապրիլին, ադրբեջանական աղբյուրները հայտնեցին, որ ճանապարհի հիմնական մասն արդեն կառուցել են: Ընդ որում՝ արդեն նշվում էր, որ ճանապարհը ձգվելու է 32 կմ՝ 28 կմ-ի փոխարեն:
Մինչ Բաքուն կառուցում էր, հայկական կողմն անորոշ պնդումներ էր անում նոր երթեղու մասով
Հայկական կողմից մոտ մեկ տարի նոր երթուղու շուրջ աշխատանքների մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։
Ավելին, 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, երբ Ադրբեջանն արդեն երկու ամիս է, ինչ սկսել էր իր կողմից երթուղու կառուցման աշխատանքները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ այդ թեմայով «որևէ բանակցություն չի ընթանում»:
Հայկական կողմը՝ ի դեմս վարչապետի, նոր երթուղու նախագծի մասին առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց ս. թ. հունիսի 27-ին․ իր առցանց ասուլիսի ընթացքում Փաշինյանն ասաց, որ երթուղու փոփոխության հարցը քննարկվել է և նախնական համաձայնություն է ձեռք բերվել։
Արդեն 2022թ. հուլիսի վերջին «Ազատություն» ռադիոկայանին Տարածքային կառավարման նախարարությունից հայտնեցին, որ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի շինարարությունը կսկսվի օգոստոսին. նոր ճանապարհը Արցախ է մտնում Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:
Լաչինի միջանցքի բնակավայրերի հայաթափման մասին հակասական հայտարարությունները
Վարչապետ Փաշինյանը հունիսի 27-ի ասուլիսի ընթացքում հայտարարեց նաև, որ [Լաչինում] «երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։ Խոսքը Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերի մասին է։
Փաշինյանի այս հայտարարությանը հակասող հայտարարություններ արեցին վարչապետի մի շարք թիմակիցներն ու անգամ Արցախի նախագահը․ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին ԱՀ խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց, որ Լաչինի միջանցքի բնակավայրերի հայաթափման հարցը չի քննարկվել, և Աղավնոյի հետ կապված բանակցությունները շարունակվում են։
«Այդ հարցը թողեք, տեսնենք ինչ հնարավորություններ կան», — ասել է Արցախի նախագահը։
Նույն օրը կառավարության շենքում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ «մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծմումներ գտնելու»։
«Մոտավոր 1,5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք», — ասաց Գրիգորյանը։
Այսպիսով, հայկական կողմի բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց հակասող մի շարք հայտարարություններ են արել Լաչինի միջանցքի հայկական բնակավայրերի ճակատագրերի մասին։
Նկատենք նաև, որ մինչ Բաքուն մեկ տարի շարունակ կառուցում էր Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու իր հատվածը, Արցախի ու ՀՀ պաշտոնյաները խոսում էին այդ երթուղու մասով բանակցությունների կամ նախագծման աշխատանքների բացակայության մասին։ Հայկական կողմը պարտադրված ճանապարհի իր հատվածի կառուցման աշխատանքների մասին հայտարարեց միայն օգոսոտոսի 1-ին՝ ադրբեջանական նոր ագրեսիայից հետո, ինչի հետևանքով եղան զոհեր ու վիրավորներ։
Միևնույն ժամանակ, հայկական կողմն ընդամենը 2 շաբաթ ժամանակ ունի ավարտին հասցնելու նոր երթուղու կառուցման աշխատանքները, հակառակ պարագայում Արցախը կարող է հայտնվել կատարյալ շրջափակման մեջ, քանի որ Լաչինի միջանցքը օգոստոսի 25-ից հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության տակ։
Նանե Մանասյան
Լուսինե Ոսկանյան