ԱՄՆ Կոնգրեսը հուլիսի 24-ին երկարատև քննարկումներից հետո հաստատեց Արցախում ականազերծման աշխատանքների համար 1 միլիոն 400 հազար դոլար հատկացնելու ծրագիրը։
Նախորդ տարվա ամռանից ԱՄՆ իշխանությունները քննարկում էին այս ծրագրով Արցախին տրամադրվող օգնությունը դադարեցնելու հարցը։ Թեման վերջին շրջանում լայնորեն քննարկվում էր Հայաստանում՝ մամուլի և փորձագետների կողմից, ծրագրի դադարեցումը կապվում էր Հայաստանի իշխանությունների՝ ԱՄՆ հետ աշխատանքում թերացումների հետ և այլն։ Ուստի «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Արցախին տրվող օգնության ծրագրի որոշ մանրամասներ ու դրա կասեցման շուրջ տարածված աղմուկը։
Կարճ պատմական ակնարկ
1998-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց օրենք, համաձայն որի՝ Հարավային Կովկասի նորանկախ պետություններին աջակցելու համար հատկացվելու էր շուրջ 250 միլիոն դոլար։ Օրենքում նշված էր, որ նախատեսված տրամադրվելիք գումարի 28 տոկոսը հատկացվելու է տարածաշրջանում հակամարտությունների հետևանքների վերացման նպատակով, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում և Աբխազիայում։
Հաջորդող տարիներին ևս Խորհրդային Միությունից անկախացած երկրներին տրամադրվող աջակցության փաթեթներում ներառվում էին Ղարաբաղում և Աբխազիայում կոնֆլիկտի հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ։
Ըստ ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի տվյալների՝ 1998-2010 թթ. յուրաքանչյուր տարի՝ տարբեր ծրագրերով և նպատակներով, Արցախին փաստացի տրամադրվել է մինչև 5 միլիոն դոլարի աջակցություն։
Ինչ վերաբերում է ականազերծման ծրագրին, ապա նշենք, որ սկսած 2000 թվականից՝ Արցախում ականազերծվել է շուրջ 500 ականապատ դաշտ՝ շուրջ 48 քառակուսի կիլոմետր մակերեսով։ Տարածքներից հեռացվել են շուրջ 11 հազար հակատանկային և հակահետևակային ականներ։
Ե՞րբ առաջարկվեց դադարեցնել ականազերծման աշխատանքները
2019 թ. հուլիսին Ամերիկայի հայ ազգային կոմիտեն հայտարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է ավարտել Արցախի Հանրապետությանը տրամադրվող ականազերծման ֆինանսական աջակցության ծրագիրը, որն իրականացնում էր HALO Trust բրիտանական կազմակերպությունը (HALO Trust’s demining program)։ Այս հայտարարությունն իրականում հաջորդել էր հունիսի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած բանաձևին, որով նախատեսվում էր Արցախի տարածքի ականազերծման համար 1.5 միլիոն դոլար տրամադրել։
ԱՄՆ նախագահի վարչակազմի որոշումը միանշանակ չէր ընդունվել Կոնգրեսում։ Մի քանի տասնյակ կոնգրեսականներ դեռ այն ժամանակ արշավ էին սկսել ընդդեմ Թրամփի վարչակազմի որոշման։
Հարկ է նշել, որ ֆինանսական օգնությունից զատ, ծրագրի կարևորություններից մեկն այն է, որ ԱՄՆ-ն Արցախին ուղիղ ֆինանսական աջակցություն տրամադրող միակ պետությունն է՝ Հայաստանից բացի։
HALO-ի 2018-ի տարեկան զեկույցի համաձայն՝ 2020-ին արդեն Արցախում ականազերծման աշխատանքներն ավարտված պետք է լինեին։ Սակայն 2019-ին իրականացված ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ դեռ առկա են տարածքներ (շուրջ 5.5 քառակուսի կիլոմետր), որոնք անհրաժեշտ է ականազերծել։ Արդեն մարտին Կոնգրեսի ավելի քան յոթ տասնյակ անդամներ բաց նամակով կոչ արեցին Կոնգրեսին վերսկսել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը։
Ավելի վաղ հայտարարվում էր, որ ԱՄՆ-ն նախատեսում է փոխել Արցախին տրամադրվող օգնության բովանդակությունը և այն տրամադրել «ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն» ուղղված ծրագրերով։
Ի՞նչ էր քննարկվում Հայաստանում
Այս տարվա մայիսին, երբ ակտիվացան քննարկումները, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, որ Արցախում ականազերծման աշխատանքներն ավարտվել են, և ԱՄՆ-ն հանձն է առել «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու» ծրագրեր իրականացնել։
Թեմայի քննարկումներում Հայաստանում հատկապես ակտիվ է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Վերջինս այս տարվա մարտին նշում էր, որ իշխանությունները սխալ մարտավարություն են ընտրել ԱՄՆ հետ աշխատանքում։ «Չի կարելի աշխատել բացառապես միայն ընդդիմության հետ, չի կարելի Վաշինգտոնում գործընկեր ունենալ միայն Դեմոկրատական կուսակցությունից, այցելությունների ժամանակ բացառապես հանդիպել Դեմոկրատների հետ, հարաբերություններ խորացնել միայն Դեմոկրատների հետ»։
Նույն շրջանում Սարգսյանը նշում էր նաև, որ ակնհայտ է՝ «ԱՄՆ այս վարչակազմի օրոք, եթե քաղաքականություն չփոխվի, առաջնահերթությունները չփոխվեն, ապա Արցախին այլևս ֆինանսական օգնություն չի տրամադրվելու»։
Նշենք, սակայն, որ 2019-ի հուլիսին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱՄՆ պաշտոնական այցի ընթացքում հանդիպել էր ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավարի հետ: Հանրապետական պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցել է նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։ Ականազերծման ծրագրով Արցախին տրամադրվելիք աջակցության նախագիծը ևս պատրաստվել և ներկայացվել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունեցել է նաև վարչապետ Փաշինյանը։
Այժմ ծրագիրը պետք է հաստատվի նաև ԱՄՆ Սենատի կողմից։ Դրա ուղղությամբ ակտիվ քայլեր են իրականացնում մի շարք կոնգրեսականներ, ԱՄՆ-ում HALO Trust-ը, ԱՄՆ հայկական լոբբին և այլն։
Կոնգրեսականները կոչ են անում մարդկանց զանգահարել իրենց սենատորներին՝ կարևորելով ծրագրի կարևորությունը։
Անի Ավետիսյան