Այն բանից հետո, երբ նախօրեին ԱԺ-ում ունեցած իր ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», իշխանական թիմի ներկայացուցիչները տարբեր հարթակներում սկսեցին զարգացնել այս գաղափարը՝ ընդհանուր առմամբ առաջ մղելով այն միտքը, որ Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում չի կարելի բացառել։
Մասնավորապես, Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ գաղափարը, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ չէ։
«Դեռևս 1996 թվականին առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա թերևս ճիշտ չի եղել իմ կարծիքով»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Խաչատրյանը։
Իշխանական պատգամավորի այս հայտարարությունը հակասում է ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի մասին գործող կառավարության ծրագրում հիշատակմանը, այլ նաև հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին։
Ի՞նչ է գրված ՔՊ-ի 2021 թ․ նախընտրական ծրագրում։
Նախընտրական ծրագրի «Արցախի հիմնախնդիր» բաժնում նշված էին այն բոլոր խնդիրները, որոնք լուծելու է «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում հաղթելու դեպքում, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք իրենց համար առաջնային են Արցախի խնդրի լուծման հարցում:
«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»,- գրված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում
Այսինքն Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության մասին դրույթը ներառված է նաև ՔՊ նախընտրական ծրագրում։
ԱԺ ամբիոնից Արցախը Ադրբեջանի կազմում բացառելու վերաբերյալ 1996 թվականից առաջ քաշված գաղափարին դեմ լինելով, փաստացի՝ Վիգեն Խաչատրյանը դեմ է արտահայտվում նաև իր իսկ քաղաքական ուժի 2021 թ․ նախընտրական ծրագրում արձանագրված դրույթին, ըստ որի՝ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։
Այսպիսով փաստենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հակասում է իր իսկ նախընտրական ծրագրում գրված դրույթին։
Սևադա Ղազարյան
Նանե Մանասյան