ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով արտաքին պարտքի ցուցանիշների վերաբերյալ որոշ տվյալներ և համեմատելով դրանք նախորդ տարեվերջի ցուցանիշների հետ։
Մասնավորապես, Պապոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով, կառավարության պարտքը՝ 366 մլրդ դրամով, կառավարության արտաքին պարտքը՝ 585 մլրդ դրամով, կառավարության ներքին պարտքն ավելացել է 219 մլրդ դրամով, իսկ պարտքի միջին տոկոսադրույքն աճել է 1 տոկոսով։
Պատգամավորի գրառումը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջը:
Պապոյանի հրապարակած տվյալները Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող պետական պարտքի մասին ամենամսյա տեղեկագրում տեղ գտած տվյալներն են։ Եվ չնայած Պապոյանի բերած ցուցանիշները ճշգրիտ են և պատգամավորը գրառման մեջ շեշտել է, որ խոսքը պետական պարտքի՝ դրամով արտահայտված ցուցանիշների մասին է, սակայն, իրականում, պետական պարտքը դոլարային արտահայտությամբ շարունակում է աճել։
Ինչպես նշեցինք, պատգամավորի ներկայացրած տվյալները Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող պետական պարտքի ամենամսյա տեղեկագրից են։ Տեղեկագրի նույն էջում առանձին ներկայացվում են պետական պարտքի ցուցանիշները դրամով և դոլարով։
Հաշվի առնելով այն փաստը, որ պետական պարտքի վերաբերյալ տվյալները սովորաբար ներկայացվում են դոլարային արտահայտությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ պետական պարտքի ցուցանիշները դոլարային արտահայտությամբ։
Ըստ նույն տեղեկագրի՝ տարեսկզբից պետական պարտքը $9226 մլն-ից աճել է՝ դառնալով $9974 մլն (աճը՝ 748 մլն դոլար կամ 8․1%)։
Կառավարության պարտքը աճել է՝ $8768 մլն-ից դառնալով $9427 մլն (աճը՝ 659 մլն դոլար կամ 7․5%)։
Կառավարության արտաքին պարտքը նվազել է՝ $6191 մլն-ից դառնալով $5845 մլն (նվազումը՝ 346 մլն դոլար կամ 5․6%):
Կառավարության ներքին պարտքն աճել է $2577 մլն-ից դառնալով $3 573 մլն (աճը՝ $996 մլն կամ 38․6%)։
Նկարներում Ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող պետական պարտքի վերաբերյալ տեղեկագիրն է` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով (հուլիսի 31-ի դրությամբ):
Այն, որ դրամով հաշվարկելու դեպքում պետական պարտքը նվազել է, իսկ դոլարի դեպքում աճել, բացատրվում է տարեսկզբից ի վեր դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժևորմամբ։
Ըստ Ֆինանսների նախարարության՝ 2021-ի դեկտեմբերին $1-ի համար սահմանված էր ֏480․14, իսկ արդեն հուլիսի համար կիրառվել է ֏407․71 փոխարժեքը։ Հետևաբար, փոխարժեքի նման տատանման պայմաններում նույնիսկ արտաքին պարտքի վրա որևէ ռեալ փոփոխություն չլինելու պարագայում արտաքին պարտքը դրամային արտահայտությամբ կնվազեր 15 տոկոսով։ Այնինչ, դրամային արտահայտությամբ պետական պարտքը նվազել է 8․2 տոկոսով, ինչը կարող է նշանակել, որ պետական պարտքը իրականության մեջ ոչ թե նվազել է, այլ աճել։
Այսպիսով փաստենք, որ Պապոյանի կողմից պետական պարտքի ցուցանիշների վերաբերյալ հրապարակումը մանիպուլյատիվ է, քանի որ պարտքի նվազման պատկերը առավելապես պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի կտրուկ արժևորմամբ, մինչդեռ իրականում պետական պարտքը շարունակում է աճել։
Սևադա Ղազարյան
Մհեր Թարոյան