Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հուլիսի 5-ի երեկոյան թողարկման ժամանակ հաղորդավարը հայտարարել է, որ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ապրանքների արտահանման ծավալը գերազանցել է նույն ժամանակահատվածի ներմուծման ծավալը։ «Այս տարի մեր երկրից ավելի շատ ապրանք է արտահանվել, քան ներմուծվել է»,— նշել է հաղորդավարը։
Սակայն ուսումնասիրելով այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի վերաբերյալ պաշտոնական հրապարակումները՝ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։
Այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել են 1082․8 մլն դոլարի ապրանքներ, մինչդեռ նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալները կազմել են 1777․8 մլն դոլար։
Ինչ վերաբերում է ծավալների աճին, ապա այս տարվա առաջին հինգ ամիսներին իսկապես արտահանման ծավալների աճը գերազանցել է ներմուծման ծավալների աճին։ Այս տարի արդեն իսկ արտահանվել է 20․8 տոկոսով ավելի ապրանք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ ներմուծման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 6․7 տոկոսով։
Թեմայի վերաբերյալ ռեպորտաժի հեղինակ Արթուր Խաչատրյանը, թեև ներկայացրել է ճիշտ տվյալները, սակայն տարօրինակ ու շփոթեցնող է այդ թվերը պատկերող գրաֆիկը։
Գրաֆիկին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե 1 մլրդ 82 մլն դոլարն ավելի մեծ է, քան 1 մլրդ 777 մլն դոլարը։ Մինչդեռ նմանատիպ գրաֆիկ պատրաստելու դեպքում պատկերը կլիներ փոքր-ինչ այլ։
Ինչպես տեսնում ենք, այս գրաֆիկի դեպքում հստակ երևում է, որ արտահանման ծավալները չեն գերազանցում ներմուծմանը, և բավական պարզորոշ արտահայտվում է արտաքին առևտրի իրական պատկերը։
Այսպիսով փաստենք, որ Հանրայինի եթերում հաղորդավարուհին հանդես է եկել իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ, իսկ ռեպորտաժում ներկայացված գրաֆիկը մանիպուլյատիվ է և չի արտացոլում իրական պատկերը։
Լրացում․ նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին Հանրային հեռուստաընկերությունից և տեղեկացրեցին, որ «Լուրերի» երեկոյան թողարկումից հետո գրաֆիկը շտկվել է, և արդեն հաջորդ թողարկումների ժամանակ ցուցադրվել է ճիշտ գրաֆիկը։
Սևադա Ղազարյան