Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս հունվարին, երբ վերջինս հանդիպումներ էր անցկացնում կուսակցությունների հետ՝ նախագահ առաջադրվելու մասին որոշում կայացնելու նպատակով, խոսել է իր լրագրողական հանրության հանդեպ ունեցած մեծ հարգանքի մասին։
«Ես, վարչապետ եղած ժամանակ, երևի կհիշեք, մեծ հարգանքով եմ վերաբերվել մամուլին: Եվ իմ վարչապետ եղած ժամանակ, օրինակ՝ լրատվության նախարարությունը փակվեց: Ժուռնալիստական հանրությանը մեծ հարգանքով եմ վերաբերվում: Եվ եթե որոշեմ, ընտրվեմ, շարունակելու եմ նույն ձևով ձեզ հետ աշխատել», — ասել էր Սարգսյանը՝ պատճառաբանելով իր այդ պահին լրագրողների հարցերին չպատասխանելը։
Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում, որն անցկացվեց մարզահամերգային համալիրում, տեղի ունեցավ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, լրագրողներին չթույլատրվեց մասնակցել և լուսաբանել միջոցառումը։ Հրավիրվել էին մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ, իսկ լրագրողները արարողությանը հետևեցին Ազգային ժողովից ուղղիղ կապի միջոցով։
Նույն օրը երեկոյան ռուսական ТАСС գործակալությունը ծավալուն հարցազրույց հրապարակեց նորընտիր նախագահի հետ, որտեղ վերջինս հայտնել է նաև, որ իր առաջին արտերկրյա այցը ավանդույթը պահելով լինելու է դեպի Ռուսաստան։
«Բնականաբար, շատ հետաքրքրված եմ լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա», — ասել է նախագահը։
Ստացվում է, որ մի կողմից Արմեն Սարգսյանը հայտարարում է, իր լրագրողների համար միշտ բաց լինելու մասին, սակայն փակում է վերջիններիս մուտքը սեփական ինաուգուրացիային, մյուս կողմից նախապատվություն տալիս արտերկրյա լրատվականներին՝ անտեսելով հայրենականներին։