Հոկտեմբերի 24-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը ռեպորտաժ է հրապարակել, որում պատմում է Մոլդովայի խորհրդարանի խոսնակի՝ ինքն իրեն նախագահ հռչակելու մասին:
«Մոլդովայում խորհրդարանի խոսնակն ինքն իրեն հայտարարել է երկրի նախագահ` Իգոր Դոդոնի փոխարեն: Առաջին հրամանագիրն արդեն ստորագրված է: Նշանակվել է երկրի նոր պաշտպանության նախարարը», — ասվում է ռեպորտաժում: Այնուհետև հեռուստաընկերությունը պատմում է, թե Մոլդովայի «խորհրդարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով դադարեցնել նախագահի լիազորությունները…»: Սակայն այս տեղեկատվությունները կարող են ապակողմնորոշողել մարդկանց:
Իրականում, նույն օրը՝ հոկտեմբերի 24-ին, Մոլդովայի պաշտպանության նախարար նշանակվեց Եվգենի Ստուրզան: Բանն այն է, որ Մոլոդվայի պաշտպանության նախարարի պաշտոնն ազատ էր 2016 թվականի դեկտեմբերից: Նախորդ նախարար Անատոլի Շալարուին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պաշտոնից ազատել էր նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին: Արդեն այս տարվա սեպտեմբերին Մոլդովայի վարչապետը Դոդոնին առաջարկել էր Ստուրզայի թեկնածությունը, սակայն Դոդոնը մերժել էր այն՝ հայտարարելով, որ բարձր պատասխանատվություն ենթադրող այդ պաշտոնում «պատահական մարդու» չի նշանակի: Երկրորդ անգամ Ստուրզայի թեկնածությունը ներկայացնելուց և մերժում ստանալուց հետո կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ հստակեցնելու պայմանները, որոնց դեպքում արդարացված է երկրի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը երկրի պաշտպանության նախարար նշանակելու համար:
Մոլդովայի ՍԴ-ի կայացրած վճռի համաձայն՝ երկրի վարչապետին կամ խորհրդարանի խոսնակին թույլատրվել էր նշանակել երկրի պաշտպանության նախարարին և ընդունել նրա երդումը: Սակայն, սա դեռ չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը դադարեցրել է Դոդոնի լիազորությունները, ինչպես ներկայացված է «Արմենիա TV»-ի ռեպորտաժում:
Ստուրզանի երդման արարողությանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, մասնակցել է նաև «Մոլդովայի նախագահի պարտականությունները կատարող Ադրիան Կանդուն (խմբ․Մոլդովայի խորհրդարանի խոսնակ), ով ստորագրել է նախարարի նշանակման հրամանը»: Բայց Կանդուն այդ պարտականությունները կատարում էր միայն այս՝ առանձին դեպքի համար, և նա ինքն իրեն նախագահ չի հռչակել:
«Առաջին հրամանագիրն արդեն ստորագրված է, նշանակվել է երկրի պաշտպանության նոր նախարարը» հայտարարությունը ևս տպավորություն է ստեղծում, թե Կանդուն այլևս երկրի նախագահն է և այս նախարարի նշանակում այդ պաշտոնում նրա առաջին որոշումն էր: Մինչդեռ վերջինս շարունակում է մնալ իր՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում, իսկ «Արմենիա TV»-ի ռեպորտաժը ապատեղեկատվություն է՝ լի չափազանցություններով և փաստերի աղավաղմամբ: