Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 17-ին գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորմանը։
««Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն»,- հավելել է նա:
«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) January 17, 2020
ԱԱԾ նախկին տնօրենի գրառումը տարածել են Tert.am, panorama.am, news.am, aysor.am, 24news.am, aravot.am կայքերը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը և այլն։
«Փաստերի ստուգման հարթակн» արդեն իսկ ներկայացրել է պարզաբանում, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը որևէ կերպ չի դադարեցվել և այդ մասին «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հայտարարությունը սխալ է։
Նախարարությունը Fip.am-ին ներկայացրել էր ֆինանսավորման չափը, ըստ որի՝ 2020-ին կառավարությունը լաբորատորիաներին տրամադրել է 671,7 մլն դրամ, որը, ըստ ԿԳՄՍՆ-ի, 126 միլիոնով ավելի է, քան անհրաժեշտ է խմբակների գործունեության համար։
ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը Fip.am-ի հետ զրույցում նշել էր, որ նախկինում կառավարությունը երբևէ գումար չի հատկացրել լաբորատորիաների ստեղծման համար, մինչդեռ կառավարությունն այս տարի ոչ միայն գումար է տրամադրել խմբակավարների վարձատրության համար, այլև պատրաստվում է ֆինանսավորել նաև նոր լաբորատորիաների ստեղծումը։
«Երբ ծրագրի մոնիտորինգ կամ գնահատում կարվի՝ նոր լաբորատորների ստեղծման համար, կորոշեն և՛ ֆինանսավորման չափը, և՛ ֆինանսավորման հատկացման մեխանիզմները»,- ասել էր Կժդրյանը։
Այսօր արդեն՝ Արթուր Վանեցյանի գրառումից հետո, ԿԳՄՍ նախարարությունը «Արմաթ» լաբորատորիաների և կառավարության համագործակցությունը ներկայացրել է թվերով։
Ըստ այդմ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի համար պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: Նախարարությունը ներկայացրել է նաև, թե 2014-ից ի վեր որքան գումար է տրամադրվել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին։
Ի դեպ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ իրենք քննարկում են մեխանիզմներ՝ լաբորատորիաների ստեղծման գործընթացը մրցութային կարգով կազմակերպելու համար, որից հետո Կարեն Վարդանյանը հաստատել էր, որ ամբողջ աղմուկի պատճառը հենց այդտեղ է։ Նա նշել էր, որ «ԿԳՄՍ նախարարը փնտրում է նոր գործընկերներ, այդ պատճառով էլ մեզ մի կողմ թողեցին»։
Այսպիսով, կարող են արձանագրել, որ Արթուր Վանեցյանի մտահոգությունն անտեղի է, իսկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը դադարեցնելու պնդումը՝ սխալ։
Նելլի Լազարյան