2022 թ. հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 20.5%-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները՝ հասկանալու նախորդ տարիներին գրանցված հանցագործությունների, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ հանցատեսակների միտումները։
Գրանցված հանցագործությունների ընդհանուր պատկերը
Այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում գրանցվել է 13,842 հանցագործության դեպք, որը 2361-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված հանցագործությունների թվից՝ 11,481 դեպք։
Բացառությամբ միջին ծանրության դեպքերի՝ աճել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։
Մասնավորապես՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվն աճել է 39.2 %-ով․ 2022 թ. հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 8210 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 5895 դեպք։
Այս տարի գրանցվել է ծանր հանցագործությունների 1923 դեպք՝ նախորդ տարվա 1724-ի փոխարեն, այսինքն՝ ցուցանիշն աճել է 165 դեպքով։
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարի 150 է, ինչը նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցված 138 դեպքից ավել է 8․6%-ով։
Հաշվետու ժամանակաշրջանում նվազել են միայն միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 3559, որը նախորդ տարվա գրանցված 3724 դեպքից քիչ է 5․5%-ով։
Անձի դեմ ուղղված հանցագործությունները կտրուկ աճել են
Ըստ վիճակագրական տվյալների՝ նկատելի է անձի դեմ ուղղված գրանցված հանցագործությունների կտրուկ աճ՝ մոտ 53%։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է 2379 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 1554 դեպքի համեմատ։
Անձի դեմ ուղղված այլ հանցագործություններն աճել են շուրջ 82%-ով՝ նախորդ տարվա 1082 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 1969 նման դեպք։
Չնայած դրան՝ բավական կտրուկ նվազել են և՛ սպանությունների (41.1%), և՛ սպանության փորձերի (50%), և՛ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (10․8%) դեպքերը։
Բռնաբարություն և բռնաբարության փորձի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 9 դեպք։
Հասարակական անվտանգության և կարգի դեմ ուղղված հանցագործություններ
48․8 %-ով ավելացել են նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։
Այս տարվա հունվար-մայիսին գրանցվել է նմանատիպ 3636 հանցագործության դեպք, նախորդ տարի գրանցվել էր 2442 դեպք։ Հատկապես մեծ աճ են արձանագրել՝ 62․7%, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները. այս տարի՝ 804 դեպք, նախորդ տարի՝ 494 դեպք։
Այս տարի 6 տոկոսով ավելացել են հրազեն ու ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու դեպքերը։
Եթե անցած տարի գրանցվել էր հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների 876 դեպք, ապա այս տարվա 5 ամիսներին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 1749 դեպք։
24․1%-ով աճել են խուլիգանության դեպքերը։ Այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 175 դեպք, նախորդ տարի՝ 141 դեպք։
Նվազել են միայն ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերը (7,5%), այդ թվում՝ մահվան ելքով ՃՏՊ-ները։ Այս տարվա 5 ամիսներին գրանցվել է 89 մահվան ելքով ՃՏՊ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 100-ի փոխարեն։
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ
Ի տարբերություն հանցագործության մյուս տեսակների՝ չնչին չափով աճել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 5884 դեպք, նախորդ տարվա 5855-ի փոխարեն։
Նվազել են անձնական գույքի հափշտակության դեպքերը՝ 3․1%-ով, աճել պետական կամ հանրային գույքի հափշտակությունները՝ 37․6%-ով:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ
Աճ է արձանագրվել նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում։ Եթե 2022 թ․ հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 465 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 342 դեպք։
18%-ով աճել է նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը. Այս տարվա հինգ ամիսներին գրանցվել է 1262 դեպք, նախորդ տարի՝ 1069 դեպք:
Գրանցված հանցագործությունների թիվը հունվար-մայիս ամիսներին (2014-2022 թթ.)
Հատկանշական է, որ ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը մինչև 2018 թ.-ը կայուն աճ է արձանագրել։ 2022-ին՝ նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 20․5%-ով, 2021-ին՝ 2020-ի համեմատ՝ 6․5%-ով, 2020-ին` 3․3%-ով։ Գրանցված իրավախախտումների թվերը առաջին հինգ ամիսներին աճել են նաև 2019 թ.-ին՝ 2018-ի համեմատ՝ 15․5 %-ով և միայն 2017 թ.-ին՝ նախորդ տարվա համեմատ, նվազել է գրեթե 2%-ով։ 2016-ին՝ 2015-ի համեմատ, կրկին աճել է 20․4%-ով։ 2015-ին ևս աճ է արձանագրվել՝ 9․8 %-ով։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2022 թ. հունվար-մայիս ամիսներին հանցագործությունների թվերը բոլոր հանցատեսակներով աճել են, իսկ որոշ դեպքերում կտրուկ աճ է գրանցվել։
Նելլի Լազարյան
Մհեր Թարոյան