«Փաստերի ստուգման հարթակի» հոդվածին ի պատասխան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել՝ փորձելով առարկել հոդվածում արձանագրված փաստերին: FIP.am-ը հոդվածում օգտվել է ՏԿԵՆ ենթակայության տակ գործող կազմակերպության տրամադրած տվյալներից: Ստորև ներկայացնում ենք ՏԿԵ նախարարության արձագանքում տեղ գտած մանիպուլյատիվ հնարքները:
Փետրվարի 16-ին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակեց մի հոդված, որով ցույց տվեց, որ 2020-22 թթ․ կառավարության՝ տարեկան 500 կմ ճանապարհների վերանորոգման վերաբերյալ հայտարարված ծրագրերը լիովին չեն իրականացվել, չնայած յուրաքանչյուր տարվա վերջում հայտարարվել է դրանք իրականացնելու մասին։
Ի պատասխան մեր հրապարակման՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում պնդել է, որ «հոդվածում տեղ են գտել մի շարք անճշտություններ, տարամեկնաբանություններ, որոնք թյուրիմացության մեջ են գցում ընթերցողին»։
Տեղեկացնում ենք, որ նախարարության պարզաբանման մեջ առկա են մի շարք անճշտություններ և մանիպուլյացիաներ:
Նախ, «Փաստերի ստուգման հարթակը» վերոնշյալ հոդվածը պատրաստելիս հիմնվել է բացառապես նախարարությունից և նախարարութան ենթակայությամբ գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների հիման վրա։ Ի դեպ՝ այդ տվյալները, մեր հայցած ամբողջական ցանկը ստացվել են ամիսներ տևած նամակագրությունից հետո։ Ի դեպ, թեև հարցման հասցեատերը ի սկզբանե ՏԿԵ նախարարությունն էր, սակայն տեղեկատվության տրամադրումը վերապահվեց Ճանապարհային դեպարտամենտին, և Ճանապարհային դեպարտամենտի հանրային կապերի պատասխանատուի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ի վերջո հաջողվեց ստանալ ամբողջական տեղեկատվությունը։
Այժմ անդրադառնանք նախարարության պարզաբանմանը կետ առ կետ։
Առաջին կետով նախարարությունը տեղեկացնում է, թե քանի կմ ճանապարհ է վերանորոգվել 2020 թվականին։ Այստեղ մեր հոդվածում և նախարարության պարզաբանման մեջ չկա որևէ անհամապատասխանություն, հետևաբար՝ առնվազն անհասկանալի է այս կետի գոյությունն ընդհանրապես։
Երկրորդ կետով նախարարությունը թվարկել է 2021-ին Հայաստանում կատարված ճանապարհաշինական աշխատանքները։ Սակայն ի տարբերություն մեզ տրամադրված պատասխանի, գրառման մեջ ավելացվել է Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը՝ 18 կմ, և ևս 95․4 կմ, որի վերաբերյալ որևէ այլ բան նշված չէ։ Այս մասով նախարարության պարզաբանումը ձևակերպված է հետևյալ կերպ․ «Միաժամանակ իրականացվել են նաև այլ նշանակության ճանապարհների կառուցման աշխատանքներ (շուրջ 95․4 կմ)»։
Հիշեցնենք, որ նախարարությունից հարցումով խնդրել էինք տրամադրել վերջին երեք տարիներին Հայաստանում վերանորոգված բոլոր ճանապարհների ցանկը, բացառությամբ սուբվենցիոն ծրագրերով նորոգվողների։
Այս դեպքում ևս անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը 2021-ի համար լրացուցիչ 95․4 կմ ճանապարհի մասին տեղեկացնում, առավել ևս երբ չի ներկայացվում, թե կոնկրետ որ հատվածներում են իրականացվել այդ աշխատանքները։ Դա առավել տարօրինակ է դառնում, երբ հաջորդ՝ 2022-ին կատարված աշխատանքների ցանկը նախարարությունը հաջորդ պարբերության մեջ կցում է։ Ի՞նչն էր խանգարում 2021-ին իրականացված 95․4 կմ ճանապարհաշինական աշխատանքների ցանկը ևս կցել, կամ ինչո՞ւ մեր հարցմանն ի պատասխան չէր տրամադրվել նաև վերոնշյալ 95․4 կմ ճանապարհների ցանկը։
Հաջորդ կետով անդրադարձ է արվել 2022-ին։ Այստեղ ևս նախարարությունը գրեթե նույնությամբ գրել է այն բոլոր ճանապարհների մասին, ինչը FIP.am-ը գրել էր, բացառությամբ երկու դրվագի։
Պարզաբանման մեջ վթարավտանգ ճանապարհահատվածները նշվել են 2․3 կմ, մինչդեռ մեզ մինչ այդ տրամադրվել էր այդ մասով 7․8 կմ-ի մասին տեղեկություն։
Մյուս տարբերությունն այն է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վրա իրականացված աշխատանքները ևս ներառվել են 2022-ին կատարված աշխատանքների ցանկում։
Սակայն այստեղ ևս կա էական անհամապատասխանություն։ Ի սկզբանե տարեկան 500 կմ ճանապարհների մասին խոսելիս նշվում էր, որ այն իր մեջ չի ներառում ինչպես սուբվենցիոն ծրագրերով կառուցվող ճանապարհները, այնպես էլ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վրա կատարված աշխատանքները։
Ստորև կառավարության պատրաստած ռեպորտաժի հղումն է և լուսապատճեն՝ վարչապետի պաշտոնական կայքում արված հրապարակումից:
Բացի այս՝ եթե նույնիսկ ընդունենք, որ դրա մեջ ներառված էր նաև Հյուսիս-հարավը, անհասկանալի է, թե ինչո՞ւ նույն սկզբունքով նախարարությունը որպես մեր հրապարակման հերքում չէր ներառել նաև 2021-ին Հյուսիս-հարավի վրա կատարված աշխատանքները։
Ինչպես նշեցինք, 2022-ին կատարված աշխատանքների ցանկը պարզաբանման մեջ կցված էր, մինչդեռ 2020-ի և 2021-ի դեպքում՝ ոչ։
Հաջորդ՝ չորրորդ կետով նախարարությունն անդրադարձել է մեր այն պնդմանը, թե երկու տարի անընդմեջ նույն ճանապարհահատվածն ընդգրկվել է հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Ի պատասխան դրա՝ նախարարությունը պարզաբանել է, որ «առանձին ճանապարհահատվածներում աշխատանքները կազմակերպվել և իրականացվել են փուլային եղանակով, և նույն ճանապարհահատվածի աշխատանքները տարբեր ծավալներով ընդգրկվել են ինչպես 2021 թ., այնպես էլ 2022 թ. ծրագրերում»։
Այստեղ ևս պարզաբանման մեջ առկա են անճշտություններ։ Այն հատվածները, որոնք իրականացվել են փուլային տարբերակով, մեր կողմից չեն նշվել որպես երկու տարի անընդմեջ հիմնանորոգվող հատվածներ։ Այդ հատվածները յուրաքանչյուր տարի նշվել են այնքանով, որքանով տվյալ տարում իրականացվել են աշխատանքները։ Օրինակ՝ Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման՝ կմ265+000 — կմ270+000 հատվածը, որի երկարությունը 5 կմ է, հիմնանորոգվել է երկու փուլով։ Առաջին տարում նորոգվել էր 3․5 կմ, երկրորդ տարում՝ 1․5 կմ։ Այդ մասին նշված էր և՛ նախարարությունից մեզ տրված պատասխանում, և՛ մեր հրապարակման մեջ։
Իսկ մեր հիշատակած կրկնակի հիմնանորոգված հատվածներում իրավիճակը բոլորովին այլ էր։
Օրինակ, նույն Մ2 միջպետական ճանապարհի կմ150+700 — կմ167+600 (երկարությունը 16․9 կմ) հատվածում 2021-ին ամբողջովին կատարվել էին հիմնանորոգման աշխատանքներ։ Նախարարությունից մեզ տրված պատասխանում չկար որևէ նշում, որ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը ամբողջովին չի ավարտվել և կշարունակվի նաև 2022-ին։ Ավելին՝ 2021-ին այս հատվածի համար որպես հիմնանորոգված ճանապարհահատվածի երկարություն նշվել էր հենց 16․9 կմ։
Իսկ արդեն 2022-ին նույն ճանապարհահատվածի համար նշվել է 11 կմ հատվածի հիմնանորոգում։
Ստացվում է, որ նույն ճանապարհահատվածը երկու տարի անընդմեջ հիմնանորոգվել է։ Թեև հարկ է նշել, որ երկրորդ տարում հիմնանորոգվող հատվածի համար նշվել էր երրորդ լրացուցիչ շերտի տեղադրումը։ Ստացվում է, որ կա՛մ նախորդ տարի նշված հիմնանորոգումը հիմնանորոգում չէր, քանի որ հարկ էր առաջացել հաջորդ տարի ևս հիմնանորոգել դրա 11 կմ-անոց հատվածը, կա՛մ էլ՝ երրորդ շերտի տեղադրումը ևս ներկայացվում էր որպես հիմնանորոգում:
Ամեն դեպքում, փաստ է, որ նույն ճանապարհահատվածը երկու տարի անընդմեջ հայտնվել էր 500 կմ ճանապարհների վերանորոգվող ճանապարհների ցանկում։
Վերջում նախարարությունն իր պարզաբանման մեջ անդրադարձ է կատարել նաև Սյունիքի մարզում կառուցվող մի քանի ճանապարհների և հայտնել, որ «ցանկում ներառված ասֆալտապատման աշխատանքները փաստացի կատարված են ավելի մեծ ծավալներով»։
Այս մասով հարկ ենք համարում հիշեցնել, որ «Փաստերի ստուգման հարթակը» կասկածի տակ չի դրել Սյունիքի մարզի մի քանի գյուղեր տանող ճանապարհների վրա կատարված աշխատանքների ծավալը: Միայն հարցադրում ենք արել՝ արդյո՞ք այս նույն ճանապարհները կհայտնվեն նաև 2023-ին վերանորոգվող ճանապարհների ցանկում: Ի դեպ, կառավարության վերջին նիստում խոսվեց այդ ճանապարհների ամբողջական կառուցման անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կդառնան 2023-ի վիճակագրության մաս։
«Փաստերի ստուգման հարթակ»