Ֆեյսբուքյան «Անձի կատարելագործում» էջը մայիսի 30-ին գրառում է կատարել՝ հայտնելով,որ Ճապոնիայում նոր տեխնոլոգիաներով արհեստական արգանդ են ստեղծել, որտեղ «այսպես ասած մարդ են աճեցնելու՝ տրանսհումանիստներ»:
«Մասկն էլ հայտարարել էր, որ մարդկանց վրա չիպավորումը բարեհաջող է անցել:
Բիլ Գեյթսն էլ ասաց, որ արհեստական բանականությունը կփոխարինի մարդուն բոլոր ոլորտներում»,- նշված է գրառման մեջ:
Հրապարակումը ստացել է 2.2 հազար ռեակցիա, մոտ 870 օգտատեր տարածել է այն:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է՝ արդյոք գրառման պնդումները համապատասխանում են իրականությանը:
«Արհեստական արգանդ»
Արհեստական արգանդի ստեղծման հետազոտությունները սկսվել են դեռևս 20-րդ դարում: Դեռ 1996թ.-ին The New York Times-ը հայտնել էր, որ Տոկիոյում առաջին արհեստական արգանդն է ստեղծվել: Հայտնագործությունը կարևոր նշանակություն կարող էր ունենալ վաղաժամ ծնված պտուղների հետագա զարգացման համար: 2007թ.-ին Reuters-ը հայտնել է, որ ճապոնացի գիտնականները ստեղծել են «արգանդ»՝ արհեստականորեն բեղմնավորված ձվաբջիջներն ինկուբացնելու համար՝ օգնելով նրանց աճել գրեթե նույնքան արագ, որքան արգանդում: 2017թ.-ին պարզ դարձավ, որ մեկ-երկու տասնամյակի ընթացքում գիտնականները, հավանաբար, կկարողանան երեխա ստեղծել մարդու մաշկի բջիջներից, որոնք նախատեսված են ձվաբջիջների և սերմնահեղուկների վերածվելու համար: Սա նշանակում էր, որ երկու տղամարդ կարող են ունենալ երեխա, որը երկուսի հետ էլ գենետիկորեն կապ ունի, իսկ պտղաբերության հետ խնդիրներ ունեցող կանայք կարող են ունենալ իրենց մաշկի բջիջներից պատրաստված ձվաբջիջներ, այլ ոչ թե անցնել երկարատև և թանկ գործընթացի միջով, որպեսզի վերականգնեն իրենց ձվաբջիջները:
Այս տոխնոլոգիաններն ի սկզբանե էթիկական հարցերի քննարկման բանավեճի առիթ են դարձել, քանի որ մեկ մարդը կարող է ապահովել միաժամանակ սաղմնաբջիջը և ձվաբջիջը: Բացի այդ, մարդիկ կարող են նոր երեխաներ բեղմնավորել զուտ անձի մաշկը ունենալով՝ անկախ նրա կամքից: Բացի այս հայտնագործությունից, նույն տարում գիտնականները ևս մեկ հետազոտության արդյունքներ ներկայացրին․ Ֆիլադելֆիայի Մանկական հիվանդանոցը հայտնեց, որ արհեստական արգանդի առաջին հաջող փորձն է իրականացվել կենդանիների վրա:
Արհեստական արգանդի հետազոտությունները դեռևս շարունակվում են քննարկվել նեղ գիտական շրջանակներում:
Հատկանշական է, որ ֆեյսբուքյան գրառմանն ուղեկցող նկարը վերցված է Հաշեմ Ալ-Ղաիլիի (Hashem Al-Ghaili) «EctoLife: The World’s First Artificial Womb Facility» («Էկտոկյանք. Աշխարհի առաջին արհեստական արգանդի հաստատությունը») յութուբյան տեսանյութից: Reuters-ին տված պարզաբանման մեջ Հաշեմ Ալ-Ղաիլիին հայտնել էր, որ նման հաստատություն դեռևս գոյություն չունի, և ընդամենը գաղափար է:
Հետևաբար գիտնականներն իսկապես աշխատում են արհեստական արգանդ ստեղծելու ուղղությամբ, սակայն գործընթացը դեռևս հեռու է մարդկանց շրջանում կիրառվելու հնարավորությունից: Գիտական ուսումնասիրությունների նպատակը վաղաժամ ծնված երեխաների փրկությունն է:
«Մարդկանց չիպավորում»
Մայիսի 26-ին հայտնի դարձով, որ ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասքի Neuralink ընկերությունը ստացել է ԱՄՆ սննդի և դեղերի ադմինիստրացիայի հավանությունը մարդկանց վրա առաջին փորձարկումները կատարելու համար: Ընկերությունը զբաղվում է ուղեղի իմպլանտացիայով և մտադրված է օգնել վերականգնելու մարդկանց տեսողությունը և շարժունակությունը՝ ուղեղը համակարգիչներին կապելով: Տեխնոլոգիան արդեն փորձարկվել է կենդանիների վրա:
Հատկանշական է, որ թեև Մասքի ընկերությունը ստացել է թույլտվություն փորձարկումները սկսելու մարդկանց վրա, դրանք դեռևս չեն իրականացվել, և հայտնի չէ, թե երբ կիրականացվեն ու ինչ արդյունքներ կունենան: Փորձագետները նշում են, որ Neuralink-ի ուղեղի իմպլանտները կպահանջեն լայնածավալ փորձարկումներ՝ տեխնիկական և էթիկական մարտահրավերները հաղթահարելու համար:
Հետևաբար ֆեյսբուքյան գրառման պնդումը սխալ է. Իլոն Մասքը չի հայտարարել, որ «մարդկանց վրա չիպավորումը բարեհաջող է անցել»:
Գեյթսի հայտարարությունը արհեստական բանականության մասին
Microsoft ընկերության համահիմնադիր, բարերար Բիլ Գեյթսը ակտիվորեն մասնակցում է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ քննարկումներին՝ մատնանշելով դրա պոտենցյալի բացասական և դրական կողմերը:
Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը կարող է օգնել լուծել առողջապահական մարտահրավերները տնտեսապես չզարգացած երկրներում: ԱԲ-ն կարող է ունենալ նաև բացասական կողմեր, օրինակ, այն կարող է կրկնել ատելության խոսքը կամ փորձել մանիպուլացնել մարդկանց:
«Այս նոր տեխնոլոգիան կարող է օգնել մարդկանց ամենուրեք բարելավել իրենց կյանքը: Միևնույն ժամանակ, աշխարհը պետք է սահմանի կանոններ, որպեսզի արհեստական բանականության առավելությունները գերազանցեն դրա բացասական կողմերին»,- նշել է Գեյթսը:
Գեյթսը երբեք չի նշել, որ արհեստական բանակությունը կփոխարինի մարդկանց բոլոր ոլորտներում, ավելին՝ 2018թ.-ին նա կարծիք էր հայտնել, որ համոզված չէ, որ արհեստական բանականությունը կփոխարինի մարդկանց: Ըստ նրա՝ ԱԲ-ի շնորհիվ գրանցված արտադրության մակարդակի աճը ապագայում կարող է մի քանի հետևանք ունենալ. աշխատողների համար ավելի երկար արձակուրդներ և աշխատանքային առաջնահերթությունների փոփոխություն՝ օրինակ, տարեցներին օգնելու, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու վրա կենտրոնանալու համար:
Այնուամենայնիվ, ներկայումս կան հետազոտություններ, ըստ որոնց՝ ԱԲ-ն կարող է փոխարինել 300 միլիոն ամբողջական հաստիք: Սակայն մասնագետները նշում են, որ այն կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտադրողականության կտրուկ աճին:
Լուսինե Ոսկանյան