Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հոկտեմբերի 3-ին Tert.am-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեն նախորդ տարիների համեմատ էապես կրճատվել է:
Մասնավորապես, լրագրողի հարցին, թե որքա՞ն գումար է այս տարի նախատեսված տոնական միջոցառումների համար, Կարապետյանը պատասխանել է. «Շուրջ 150 մլն դրամի մասին է խոսքը: Ուզում եմ շեշտել, որ անցած տարվա համեմատ շուրջ տասն անգամ բյուջեն կրճատվել է, չնայած՝ անցած տարին հոբելյանական էր, մի քիչ հասկանալի է, սակայն դրա նախորդ տարիների համեմատ էլի՝ շատ, զգալիորեն, անգամներով բյուջեն կրճատվել է»:
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ճշտել, թե որքան գումար է նախորդ տարիներին ուղղվել Երևանի տոնի անցկացմանը և արդյո՞ք քաղաքապետարանի մամուլի խոսնակի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեն 2015 թվականից ի վեր՝ ներառյալ բրենդինգի արժեքը:
Այսպիսով, մայրաքաղաքին նվիրված տոնակատարությունների բյուջեն 2015 թվականին կազմել է 140 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 139 միլիոնը։
2016 թվականին տոնական միջոցառումների բյուջեն կտրուկ նվազել է՝ պայմանավորված ապրիլյան պատերազմով, և կազմել ընդամենը 74 միլիոն դրամ, որից ծախսվել է 70 միլիոնը։
2017 թվականին նախատեսված 105 միլիոն դրամից ծախսվել է 103 միլիոն դրամը:
Ինչ վերաբերում է 2018 թվականին Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին, ապա դրանց բյուջեն բավականին մեծ էր: Դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարման ընթացքում նախատեսվել էր Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների համար ծախսել մեկ միլիարդ դրամից ավելի գումար, սակայն Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալուց հետո էապես կրճատել էր այդ թիվը՝ հասցնելով 813 միլիոն դրամի, որից ծախսվեց մոտ 507 միլիոնը:
2019 թվականին, համաձայն քաղաքապետարանից մեր հարցմանն ուղարկված պատասխանի, «Էրեբունի-Երևանի» միջոցառումների և բրենդինգի բյուջեն կազմում է 187 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվելու է 173 միլիոնը (Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ այս թիվը կարող է տատանվել, բայց փոփոխությունը չնչին է լինելու):
Մենք կապվեցինք քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել հարցազրույցում արված պնդման և հարցման պատասխանի մեջ նշված թվերի անհամապատասխանությունը:
Կարապետյանի խոսքով՝ վերոնշյալ թվերը վերաբերում են բացառապես համայնքային բյուջեից տրամադրված գումարներին: «Մինչդեռ, նախորդ տարիներին, ի տարբերություն այս տարվա, ծախսերի զգալի մասն արվել է ոչ բյուջետային միջոցներով՝ նվիրատվություններ և այլն: Խոսքը դրան է վերաբերում»,- նշեց նա: Այսինքն, նախորդ տարիներին (բացառությամբ 2018-ի), «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար Երևանի քաղաքապետարանն իր բյուջեից ավելի քիչ գումար է տրամադրել, քան այս տարի, սակայն միջոցառումների իրական ծախսերն արվել են նաև նվիրատվությունների միջոցով։ Մինչդեռ այս տարի այդպիսի նվիրատվություններ չեն սպասվում, ինչի մասին հայտնել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Հետևաբար՝ այս տարի մայրաքաղաքի տոնի համար ծախսվելու է ուղիղ այնքան գումար, որքան նախատեսված է բյուջեով։
Լուսինե Ոսկանյան