Հանգստյան օրերին «Փաստերի ստուգման հարթակն» իր ֆեյսբուքյան էջում հարցում էր իրականացրել՝ արդյո՞ք ցլերը կատաղում են կարմիր գույնից։
Հարցման մասնակցած ավելի քան 300 ընթերցողների ճնշող մեծամասնությունը՝ 84%-ը, բացասական պատասխան է տվել՝ ցուլը կարմիրից չի կատաղում, և միայն 16%-ն է դրական պատասխան տվել։
FIP.am-ն ուսումնասիրել է տարածված համոզմունքը՝ պարզելու դրա ճշմարտացիությունը։
Այսպես, համացանցում տասնյակ հոդվածներ կան՝ հիմնված կենդանիների վարքագծի գիտական ուսումնասիրությունների վրա (1, 2, 3, 4, 5 )․ դրանց համաձայն՝ հակառակ տարածված համոզմունքի, չկա որևէ գիտական ապացույց, որ կարմիր գույնը կատաղեցում է ցլերին: Ավելին, ապացուցված է, որ այդ կենդանիները դալտոնիկ են կարմիրի նկատմամբ, և նրանք հիմնականում արձագանքում են առարկաների շարժմանը, այլ ոչ թե գույնին:
Այս սխալ համազմունքը, ըստ որոշ վկայությունների, ծագել է ցլամարտից․ թեև ցլամարտիկները՝ մատադորները, ավանդաբար կարմիր թիկնոց են օգտագործում ցլամարտի ընթացքում, սակայն ցլի ագրեսիան առաջացնում են մատադորի կտրուկ, հանկարծակի շարժումները, բարձր ձայնը, որոնք կենդանին որպես սպառնալիք է դիտարկում, այլ ոչ թե թիկնոցի գույնը։
Այսպիսով, գիտական որևէ ապացույց չկա, որ ցլերը կատաղում են կարմիր գույնից․ ավելին, այդ կենդանիները կարմիրը չեն տեսնում։ Իսկ ցլամարտի ընթացքում ցլերի ագրեսիան հարուցում է ոչ թե մատադորի կողմից թափահարվող թիկնոցի գույնը, այլ վերջինիս կտրուկ շարժումները: Հետևաբար, ցլերի՝ կարմիրից կատաղելու մասին համոզմունքը չի համապատասխանում իրականությանը։
Նանե Մանասյան