Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (PACE) Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, որն այս օրերին մասնակցում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, հունվարի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևի քննարկումների ժամանակ այդ երկրի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովն «ասելիք չի ունեցել, մեղադրել է իսլանդացի զեկուցողին Ադրբեջանին նվաստացնելու համար, հայկական պատվիրակության անդամներին՝ ելույթ ունենալու համար, ապա պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին ու Հրայր Թովմասյանին»։
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի վերոնշյալ գրառումն առաջացրել է բուռն քննարկում։ Օգտատերերից ոմանց առավելապես զարմանք է պատճառել, որ Ռուբեն Ռուբինյանը գրառման նախնական տարբերակում նշել էր միայն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, սակայն ավելի ուշ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի խոսքերի «պաշտպանության տակ» ավելացրել է նաև Հրայր Թովմասյանին։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հունվարի 30-ին տեղի ունեցած «Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հաղորդված դեպքերի վերաբերյալ» բանաձևի քննարկումների տեսագրությունը։ Հունվարի 30-ի քննարկումների առավոտյան հատվածը տևել է շուրջ 3 ժամ։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը ելույթ է ունեցել շուրջ 3 րոպե, իր խոսքում իսկապես մեղադրել է բանաձևի զեկուցող իսլանդացի Թորհիլդուր Սունա Ավարսդոթիրին (Þórhildur Sunna Ævarsdóttir) Ադրբեջանին միջազգային հանրության առաջ ստորացնելու համար։ Սամադ Սեյիդովն անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը (01:54:54). «Նայեք ելույթ ունեցողների ցանկը։ Հայաստանի պատվիրակության ամբողջ կազմը ցանկում է։ Ինչո՞ւ։ Նրանք, որ հետապնդում են երկրի նախկին նախագահին, ում Սահմանադրական նախագահը կալանավորված է, մտածում են իմ երկրում ժողովրդավարության մասին։ Սա արդար չէ»։
Փաստորեն, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Սամադ Սեյիդովի խոսքերը կա՛մ սխալ է հասկացել (խմբ. այն հնչել է անգլերեն), կա՛մ դիտավորյալ սխալ է մեկնաբանում։ Իր խոսքում Սամադ Սեյիդովը չի նշել որևէ անուն և չի պաշտպանել ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ Հրայր Թովմասյանին։ Ավելին՝ Սամադ Սեյիդովի խոսքում ակնհայտ անհամապատասխանություն կա հայաստանյան ներկայիս իրականության հետ, իսկ Ռուբեն Ռուբինյանն այդ անհամապատասխանությունը սխալ համատեքստում է ներկայացրել։
Մինչդեռ իրականությունը հետևյալն է. Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկայում կալանավորված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը։ Այժմ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված է միայն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, իսկ «նախկին նախագահը»՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայում մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ ճշգրտելու վերջինիս ներկայացրած պնդումը։ Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի՝ ինքը չի էլ պնդել, որ Սեյիդովը կոնկրետ անուններ է տվել. «Ունենք մի նախկին նախագահ և մի ՍԴ նախագահ, հետևաբար պարզ է, թե ում մասին է խոսքը։ Նկատի ունեմ՝ ունենք մեկ նախկին նախագահ, որը կալանավորված է, հետևաբար, խոսքը Քոչարյանի մասին է և ոչ Սերժ Սարգսյանի»։
Ի պատասխան մեր ճշգրտմանը, թե Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի խոսքերում հստակություն չկա և առկա է անգամ իրականության հետ որոշակի անհամապատասխանություն, Ռուբեն Ռուբինյանը նշեց. «Համաձայն եմ, որ այստեղ մի քիչ անհստակ է ասում, և կարող է երկու ձև մեկնաբանվել՝ կա՛մ Հրայր Թովմասյանին նկատի ուներ, բայց ոգևորված սխալ ասաց, կա՛մ Քոչարյանին։ Այսինքն՝ երկու տարբերակ կա՝ կա՛մ խոսում էր և՛ Քոչարյանի մասին, և՛ Թովմասյանի, կա՛մ, եթե ընդունենք, որ սահմանադրականը վերաբերում էր Քոչարյանին, ապա խոսում էր միայն Քոչարյանի մասին։ Նույնիսկ եթե Սեյիդովը Թովմասյանի մասին չէր խոսել, վերջինիս մասին արդեն ակնհայտ խոսել է մեկ այլ ադրբեջանցի պատվիրակ՝ Մոլլազադեն։ Վերջինս ելույթ է ունեցել Սեյիդովից մի քանի ելույթ հետո»։
Թե ինչո՞ւ է այդ դեպքում Ս. Սեյիդովի՝ ոչ այնքան հստակ խոսքը մեկնաբանվել որպես Ռ. Քոչարյանի և Հ. Թովմասյանի պաշտպանություն, Ռուբեն Ռուբինյանը հստակեցրեց. «Այդ խոսքերը հնչել են որպես մեղադրանք Հայաստանի իշխանություններին առ այն, որ վերջիններս ապօրինի քաղաքական ճնշումներ են իրականացնում։ Հետևաբար, իրենց տեսանկյունից, դա եղել է նշված անձանց պաշտպանություն, իրենց տրամաբանությամբ՝ ապօրինի քաղաքական ճնշումներից։ Նշում է, որ կա այդպիսի վիճակ, և հետևաբար՝ հայերն իրավունք չունեն խոսել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին։ Հետևաբար, ասում է, որ նշված անձինք քաղհալածյալ են, հետևաբար՝ պաշտպանում է»։
Այսպիսով, կարող ենք նշել, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթը միանշանակ հնարավոր չէ մեկնաբանել, քանի որ նրա ձևակերպումներում առկա են փաստական սխալներ և անհամապատասխանություններ։
Նշենք նաև, որ Սեյիդովի խոսքերի սխալ թարգմանությունները տարածվում են հայկական լրատվականներով, այդ թվում՝ armtimes.com-ով։ Մասնավորես, armtimes.com-ի՝ «Բանաձև Ադրբեջանի դեմ, Հրայր Թովմասյանի անվան հիշատակում և հայկական պատվիրակության աննախադեպ հաջողություն ԵԽԽՎ-ում» հրապարակման մեջ նշվում է, թե Սեյիդովն ասել է հետևյալը. «Տեսեք, հերթագրվածների մեծամասնությունը հայկական պատվիրակության անդամներն են: Մի երկրի, որտեղ երկրի ՍԴ նախագահի դեմ քրեական գործ է հարուցված»։ Սա, սակայն, Սեյիդովի ելույթի ուղիղ բառացի թարգմանությունը չէ և «էապես» խմբագրված է։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է կապ հաստատել նաև Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի հետ։ Վերջինս դեռևս չի պատասխանել մեր հարցադրումներին։
Հարություն Ծատրյան