Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2019 թ․ օգոստոսի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար։ «Մեր միջազգային պահուստները երրորդ հանրապետության պատմության ամենաբարձր մակարդակում են»,- շեշտել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նույնաբովանդակ հայտարարություն արել էր նաև սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Այդ ժամանակ, սակայն, վարչապետը նշել էր, որ միջազգային պահուստների մակարդակը 2013 թվականից ի վեր ավելի բարձր չի եղել։
«Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013 թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ»,- հայտարարել էր վարչապետը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք վարչապետի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է, և ինչպիսի՞ն է Հայաստանի միջազգային պահուստների վերաբերյալ վիճակագրությունը։
ՀՀ միջազգային պահուստների վիճակագրությունը
Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ միջազգային պահուստները մոտ 230 մլն դոլարով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համապատասխանում է իրականությանը։ 2018 թ․ օգոստոսի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են մոտ 2 մլրդ 70 միլիոն դոլար, 2019-ին՝ շուրջ 2 մլրդ 300 մլն դոլար։
Սակայն այն, որ այս ցուցանիշը երրորդ հանրապետության պատմության ամենաբարձր ցուցանիշն է, մանիպուլյատիվ է։ Այսպես, վարչապետն ինքը Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ միջազգային պահուստների մակարդակն ամենաբարձրն է 2013-ից սկսած, ինչը, սակայն, կրկին չի համապատասխանում իրականությանը։ Նույն 2013 թվականին ՀՀ զուտ միջազգային պահուստները մոտ 100 մլն դոլարով գերազանցել են 2019-ի ցուցանիշը՝ կազմելով 2,4 մլրդ դոլար։
Սակայն միայն 2013-ին չէ, որ Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են ներկա ցուցանիշը: Ըստ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների՝ 2017-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 2,31 մլրդ դոլար։ 2018-ին ևս միջազգային պահուստների քանակով բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Տարվա սկզբին՝ հունվար և փետրվար ամիսներին, ՀՀ միջազգային պահուստները կազմել են, համապատասխանաբար, 2,28 և 2,27 մլրդ դոլար, իսկ տարվա ավարտին՝ շուրջ 2,3 մլրդ դոլար։
Հետևաբար՝ օգոստոսի ցուցանիշը բացառիկ չէ, ինչպես նշել է վարչապետը։
Հայաստանի միջազգային պահուստների մասին
Երկրի միջազգային պահուստները կարող են ներառել թանկարժեք մետաղների ձուլակտորներ ու դրանցից պատրաստված ձուլակտորներ, արտարժույթով արտահայտվող մետաղադրամներ և թղթադրամներ, տարբեր պարտատոմսեր, մուրհակներ և այլ պահուստային միջոցներ։
Կենտրոնական բանկի կողմից պահպանվող միջազգային պահուստների միջոցով է ապահովվում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարումը։
Համաձայն կենտրոնական բանկի տվյալների՝ ՀՀ միջազգային պահուստները 2012-2019 թթ․ ամսական կտրվածքով գերազանցում են 1 մլրդ դոլարը։ Առավելագույնը, ինչպես նշվեց, եղել է 2,4 մլրդ դոլար։ Տարեկան կտրվածքով միջազգային պահուստները որպես կանոն աճում են: 2013-ից հետո դրանք նվազել են միայն 2018-ին՝ 2017-ի համեմատ 2,4%-ով։
Առավելագույն աճը գրանցվել է 2014-ին՝ մոտ 40%:
2015-ին միջազգային պահուստներն աճել են 19 տոկոսով, 2016-ին՝ 24 տոկոսով, 2017-ին՝ 5 տոկոսով, իսկ 2018-ին՝ 11 տոկոսով: Այս տարվա 8 ամիսների ընթացքում միջազգային պահուստներն աճել են մոտ 15 տոկոսով։
Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ 2013-ին միջազգային պահուստների աճը պայմանավորված էր եվրոբոնդերի կամ եվրապարտատոմսերի թողարկմամբ։ Հայաստանը եվրոբոնդեր թողարկել է 2013 թ․ սեպտեմբերին, ինչի արդյունքում օգոստոսի համեմատ պահուստային ֆոնդերն ավելացել են 700 միլիոն դոլարով։ Սակայն պետք է նշել, որ 2013 թ․ դեկտեմբերին ևս միջազգային պահուստները կազմել են 2,4 մլրդ դոլար։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ներկայիս միջազգային պահուստային ֆոնդերը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրն են, չի համապատասխանում իրականությանը։
Անի Ավետիսյան