Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մամուլի ասուլիսի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին մեղադրեց Հադրութի գրավմանն անուղղակի մասնակցություն ունենալու մեջ։
«Հադրութ թիկունքից մտել է 400 հոգի, որոնք Նախիջևանից Քաջարանով անցել են Արցախ ու հանգիստ գնացել են մինչև Հադրութի թիկունք, և դա ապահովել է Արգիշտի Քյարամյանը։ Նրա միջոցով ու նրա դրած պասպորտ սեղանների ղեկավարների միջոցով, 1400 հատ հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ազերիներին», — հայտարարել է Իսագուլյանը։
Այս մեղադրանքներին ի պատասխան՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Հանրայինի եթերում դրանք անհեթեթություն որակեց և հայտարարեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ընդամենը մի քանի տասնյակ արտասահմանցիներ են ստացել Հայաստանի քաղաքացիություն։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ի վերջո՝ որքանո՞վ են հիմնավոր Գառնիկ Իսագուլյանի և Արգիշտի Քյարամյանի պնդումները, և քանի՞ օտարերկրացի է ստացել ՀՀ անձնագիր։
Ի՞նչ է ասում օրենքը
Քաղաքացիության մասին օրենքը և Կառավարության մի շարք որոշումները հստակ սահմանում են օտարերկրացիների կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգն ու պայմանները։
Օրենքի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար անձը պետք է դիմում ներկայացնի օտարերկրյա պետությունում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն (դեսպանատուն, հյուպատոսարան), իսկ Հայաստանում՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո դրանք ուղարկվում են ԱԱԾ և դրական եզրակացություն ստանալու դեպքում ներկայացվում են ՀՀ նախագահին՝ դիմումատուին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար։
ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ներկայացնող սխեմատիկ պատկերը տեսնելու համար կարող ենք անցնել այս հղումով։
Ինչպես տեսնում եք, ԱԱԾ-ն չի զբաղվում քաղաքացիություն շնորհելու գործով և միայն ուսումնասիրում է դիմումատուի անձը և տալիս համապատասխան եզրակացություն։
Քյարամյանի «նշանակումները»
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը մամուլի ասուլիսի ընթացքում պնդել է նաև, որ Արգիշտի Քյարամյանը 1400 հայկական անձնագրեր է բաժանել «իր դրած պասպորտ սեղանների ղեկավարների միջոցով»։
Իրականում, սակայն, Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ի պաշտոնե ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունների ղեկավարների նշանակման որևէ լիազորություն չունի, և դա իրականացնում է ոստիկանության պետը։
Սա նշանակում է, որ Իսագուլյանի այս պնդումը ևս չէր կարող իրական լինել։
Ի դեպ, Արգիշտի Քյարամյանը Հանրայինի եթերում հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում անձնագրայինի պետ ընդհանրապես չի փոխվել։
Սակայն Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել է նախորդ տարվա հունիսի 8-ին և պաշտոնավարել 4 ամիս՝ մինչև հոկտեմբերի 8-ը։ Այս ընթացքում, ի հակառակ Քյարամյանի պնդման, փոխվել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մարտունու, Մեծամորի, Արմավիրի և Բաղրամյանի տարածքային բաժինների ղեկավարները։
«1400 հայախոս ադրբեջանցիները»
Ոստիկանությունը «Փաստերի ստուգման հարթակին» ամփոփ տվյալներ է տրամադրել վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց քանակի ու ազգության վերաբերյալ։
Ըստ այդ տվյալների՝ Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարման 4 ամիսներին Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 3900 անձի, որոնց 99․2 տոկոսը կամ 3868-ն ազգությամբ հայեր են։ Այլ ազգային պատկանելության ընդամենը 32 անձ է այդ ժամանակահատվածում ստացել ՀՀ քաղաքացիություն, որից թվում են 14 ռուս, 3 ուկրաինացի, 3 եզդի, 2 վրացի, 2 ֆրանսիացի և այլն։
Գրաֆիկից հստակ երևում է, որ Քյարամյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստացածների 99 տոկոսից ավելին ազգությամբ հայեր են։
Ի դեպ, հոկտեմբեր ամսից մինչ օրս, ըստ ոստիկանության տրամադրած տեղեկանքի, ոչ մի օտարերկրյա քաղաքացու, այդ թվում՝ նաև ազգությամբ հայի ՀՀ քաղաքացիություն չի շնորհվել։
Այսպիսով, փաստենք, որ Գառնիկ Իսագուլյանի այն հայտարարությունը, թե Քյարամյանը իր նշանակած անձնագրային և վիզաների վարչությունների պետերի միջոցով 1400 անձնագիր է բաժանել ադրբեջանցիների, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ի պաշտոնե Քյարամյանը չէր կարող նշանակել պասպորտ սեղանների ղեկավարների, իսկ Քյարամյանի պաշտոնավարման ամիսներին ՀՀ քաղաքացիություն է ստացել ընդամենը 32 այլազգի, որոնցից 14-ը՝ ազգությամբ ռուս։
Սևադա Ղազարյան