ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, թե ատեստավորման ընթացքում ոստիկանության ծառայողների հայտարարագրերում առկա անհամապատասխանությունների դեպքում նախարարությունը դրանք ուսումնասիրելու գործառույթ չունի։
«Իհարկե, ատեստացիայի ընթացքում հանձնաժողովի անդամները կարող են տարատեսակ հարցեր ուղղել ծառայողին, սակայն ատեստացիայի ընթացքում քննարկման առարկա չի դարձվում ծառայողի հայտարարագիրը։ Ատեստացիայի ընթացքում քննարկվում է ծառայողի՝ տվյալ պաշտոնին համապատասխանելիությունը։ Իսկ եթե կան որոշակի հարցեր՝ կապված ծառայողի հայտարարագրի հետ, Ներքին գործերի նախարարությունն այս մասով չունի գործառույթ, և դրանով այլ կառույցներ են զբաղվում»,- ասել է ՆԳՆ խոսնակը։
Ավելի վաղ, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը ատեստավորվել էր՝ ստանալով 13 անդամից բաղկացած հանձնաժողովի մեծամասնության դրական գնահատականը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, սակայն, ուսումնասիրելով Գևորգյանի հայտարարագիրը, պարզել էր, որ մեկ տարում նա և նրա մանկավարժ կինը ավելի շատ են ծախսել, քան վաստակել են․ կազմակերպությունը դիմել էր իրավապահներին, որպեսզի քննեն՝ արդյո՞ք ոստիկանության Կումայրիի բաժնի պետը ապօրինի է հարստացել, թե՞ ոչ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՆԳՆ խոսնակի պնդումները։
Այսպես, ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892 — Ն որոշմամբ սահմանվում է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը, համաձայն դրա 69-րդ կետի՝ ծառայողի ատեստավորման գործընթացի հարցազրույցի փուլի ընթացքում ստուգվում է նաև բարեվարքությունը։
Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 443 հոդվածով սահմանվում է․ «Ապօրինի հարստանալը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի` հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը և (կամ) ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են`պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
Նույն օրենսգրքի 444 հոդվածով, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Փաստացի, ոստիկանության ծառայողի հայտարարագրում առկա անհամապատասխանությունները կարող են պարունակել Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածներով նկարագրված արարք։ Իսկ «Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ ոստիկանության խնդիրներն են հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հայտնաբերումը և բացահայտումը։
Ավելին, ՀՀ քրեական դատավարության 173-րդ հոդվածում սահմանվում է, որ քննիչը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականություն ունի։
Այսինքն, առերևույթ իրավախախտման կամ հանցագործության մասին տվյալների քննությունը չի կարող չհամարվել ոստիկանության գործառույթ․ ոստիկանության այդ պարտավորությունը սահմանված է օրենսդրությամբ։
Փաստացի, ՆԳՆ խոսնակի պնդումը, թե ատեստավորման ընթացքում ոստիկանության ծառայողի հայտարարագիրը՝ դրանում առկա անհամապատասխանություններով, ենթակա չէ քննարկման, չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես նաև, սխալ է պնդումը, թե ատեստավորում անցնող ծառայողի բարեվարքության խնդիրների քննությունը ոչ թե ՆԳՆ-ի, այլ՝ ուրիշ լիազոր մարմնի գործառույթ է։
Նանե Մանասյան