Մարտի 21-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ Հայաստանում բեռնատար մեքենաների արտադրության գործարան է կառուցվելու: «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով ավելի վաղ Հայաստան էր ժամանել չեխական TatraTrucks ընկերության պատվիրակությունը։ … Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ չեխական TatraТrucks և Zenon ՍՊԸ-ի միջև կնքված հուշագրով նախատեսվում է Կոտայքի մարզում հիմնադրել Tatra բեռնատար մեքենաների արտադրության գործարան», — նշել է նախարարը:
Այս ամենը ստիպեց վերհիշել 2013 թվականի նախագահական ըտրությունների նախաշեմին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության հայտարարությունը այն մասին, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանում ավտոբուսի արտադրության գործարան է հիմնվելու։
3 տարի առաջ նախարարության և «Ashok Leyland» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում էր, որ գործարանում պետք է թողարկվեին միջին և մեծ տարողությամբ ավտոբուսներ։ Ծրագրի շրջանակներում Երևանի Միկոյան 18 հասցեում գտնվող տարածքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնվեց «MedAK GmbH» գերմանական ընկերությանը` արտադրությունը կազմակերպելու համար։ Վարձակալության վճարն առաջիկա 7 տարվա համար սահմանվել էր 1 մլն դրամ։
Անդրադառնալով այս հարցին` այն ժամանակ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ գործարանում հավաքվելու են դրսից բերված մասերով հայկական ավտոբուսներ, որոնց վերջնական արժեքը լինելու է շատ մատչելի։
«Եթե օրինակ Ուկրաինական «Բոգդան» ավտոբուսը արժի 1 միավոր, ապա մեր այստեղ հավաքած ավտոբուսը պետք է մոտավորապես 30 տոկոս էժան լինի նրանից», — հայտարարեց Բեգլարյանը։ Ծրագրով նախատեսվում էր 100 նոր աշխատատեղ, իսկ մասնագետները պետք է վերաորակավորվեին ընկերության գործարաններում։
Գործարանի կառուցումը, սակայն, առ այսօր չի սկսվել: Մեր ֆոտոխցիկը Երևանի Միկոյան 18 հասցեում գործարանի կառուցման շինհրապարակի փոխարեն հայտնաբերեց միայն ավերակներ:
Մենք փորձեցինք նաև ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունից ճշտել, թե որքան գումար է մուտքագրվել Երևան Միկոյան 18 հասցեում գտնվող պետական գույքի վարձակալությունից, որտեղից սակայն ստացանք զավեշտալի պատասխան․ «․․․ գումարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնում է ոչ նպատակահարմար», որի համար մենք արդեն դատի ենք տվել ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի գլխավորած այս կառույցին։
Այդուհանդերձ փաստենք, որ ավտոբուսների գործարան կառուցելու խոստումից անցել է ավելի քան 4 տարի, սակայն Հայաստանում ոչ միայն ավտոբուսներ չեն արտադրվել, այլ նաև չի սկսվել խոստացված գործարանի կառուցումը, իսկ տարածքը, որը 35 տարով տրվել է գործարան կառուցելու համար ամայի է և հայտնի չէ, թե արդյո՞ք պետական բյուջե վճարվել են տարածքի վարձակալության գումարները։
Որքանո՞վ կիրականացվի բեռնատարների գործարանի կառուցման խոստումը ցույց կտա ժամանակը: