«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ներկայացնել Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերը և նրանց եկամուտների մասին տվյալները:
Այս անգամ դիտարկել ենք ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի ու նրա կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Նշենք, որ Իշխան Զաքարյանը 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, այնուհետև դուրս էր եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Նախորդ գումարումների խորհրդարաններում եղել է «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան», «Ծառուկյան» խմբակցություններում։ 2007-2017 թթ. Իշխան Զաքարյանը եղել է ՀՀ վերահսկիչ պալատի (այժմ՝ Հաշվեքննիչ պալատ-խմբ․) նախագահ:
2024 թվականի հունիսի 17-ին Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հրավիրել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար: Ուսումնասիրվել էր նրանց գույքը, կազմվել էր ամփոփագիր։
Հարկադիր կատարման ակտերի ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժինը հունիսի 12-ին արգելանք էր դրել Գայանե Սողոմոնյանի՝ «Ակբա» բանկում ներդրած ավանդի մոտ 3 մլն 649 հազ դրամի և մեկ այլ ներդրված ավանդից 40 մլն դրամի տնօրինման հետ կապված որևէ գործողության վրա: Իսկ Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով էր արգելանք դրվել:
Ըստ 2022 թվականի հայտարարագրի, միանձնյա սեփականության իրավունքով Իշխան Զաքարյանին էր պատկանում 3 հողամաս, որոնցից երկուսը ձեռք էին բերվել 2018 թվականին և գտնվում էին Կոտայքի մարզի Հացավան համայնքում, մյուսը՝ նվիրատվություն էր և գտնվում էր Արարատի մարզի Լանջազատ համայնքում։ 2023 թվականին Զաքարյանը վաճառել է Հացավան համայնքում գտնվող հողամասերը։
Ե՛վ 2022 թվականին և՛ 2023-ին Իշխան Զաքարյանը հայտարարագրել է նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող, իրավունքի պետական գրանցում չստացած, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք։
2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում Զաքարյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 6 մլն 384,780 դրամ, և «Ակբա» բանկից ստացած փոխառությունները՝ 743 եվրո և 98․88 դոլար, ընդհանուր՝ 6 մլն 737,996․86 դրամ, իսկ 2023-ի հայտարարագրում՝ ԱԺ-ից ստացած աշխատավարձը՝ 8 մլն 518,156 դրամ։
2022 թ․ տարեվերջի դրությամբ պատգամավորի բանկային հաշիվներին եղել է 31 հազար 595․9 դրամ և 40 հազար 308․41 դրամ, իսկ 2023-ին՝ 19 եվրո, 233 դոլար, 3 հազար 002․6 դրամ և 529 հազար 452․41 դրամ։ Որպես կանխիկ դրամական միջոց՝ Զաքարյանը 2022-ին նշել է 6500 դոլար, 2 մլն 600,000 դրամ և 25,500 եվրո, իսկ 2023-ին՝ 6500 դոլար, 2 մլն 700 հազար դրամ և 25,000 եվրո։
2022 թվականի տարեվերջի դրությամբ պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 353 հազար 216․86 դրամ։
Իշխան Զաքարյանը հասարակական հիմունքներով անդամակցություն ունի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին։
Նրա կինը՝ Գայանե Սողոմոնյանը, «Վարդանանք» կրթահամալիրի սեփականատերն է և տիրապետում է խոշոր ունեցվածքի։
Պատգամավորի կնոջ 2022 թվականի հայտարարագրի համաձայն, միանձնյա սեփականության իրավունքով նրան էր պատկանում Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերից մեկը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը, որը պաշտոնյայի կնոջը նվիրատվություն են արել, սակայն Սողոմոնյանը 2023 թվականին 131 մլն 580 հազար դրամով վաճառել է այն։
Պատգամավորի կինը նույնպես՝ և՛ 2022-ին, և՛ 2023-ին հայտարարագրել է նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող, իրավունքի պետական գրանցում չստացած, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք։ Ի դեպ, պետական գրանցում չստացած այս գույքը և պատգամավորի, և նրա կնոջ հայտարարագրերում կա 2021 թվականից։
Գայանե Սողոմոնյանը հայտարարագրել է նաև 2019 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա։
Պատգամավորի կինը 2022 թվականի հայտարարագրում տարեկան եկամուտներ բաժնում, որպես եկամտի տեսակ, ներկայացրել է «Երևանի պետական համալսարանից» ստացած աշխատավարձը՝ 618,810 դրամ, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից ստացած աշխատավարձը՝ 43,530 դրամ, «Վարդանանք» կրթահամալիրից ստացած աշխատավարձը՝ 2 մլն 432,795 դրամ, «Վարդանանք» կրթահամալիրից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը՝ 295 հազար դրամ, և «Վարդանանք» կրթահամալիրից ստացած շահաբաժինը՝ 20 մլն 900,000 դրամ, ընդհանուր՝ 24 մլն 290,135 դրամ։
2023-ին ներկայացրել է «Երևանի պետական համալսարանից» ստացած աշխատավարձը՝ 313,687 դրամ, «Վարդանանք» կրթահամալիրից ստացած աշխատավարձը՝ 2 մլն 948,906 դրամ, «Վարդանանք» կրթահամալիրից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը՝ 110 հազար դրամ, և «Վարդանանք» կրթահամալիրից ստացած շահաբաժինը՝ 45 մլն դրամ, ընդհանուր՝ 48 մլն 417,593 դրամ։
Գայանե Սողոմոնյանի բաժնային արժեթղթերը և այլ ներդրումները և՛ 2022-ին, և՛ 2023-ին կազմել են 50 հազար դրամ։ Բանկային ավանդները 2022-ին կազմել են 7 մլն 209,800 դրամ և 5,622․09 դոլար, իսկ 2023-ին՝ 51 մլն 200,000 դրամ և 5,697․99 դոլար։
2022 թ․ տարեվերջի դրությամբ Գայանե Սողոմոնյանի բանկային հաշիվներին եղել է 2 հազար 461.61 դոլար, 211․96 եվրո և 600 հազար 755.80 դրամ, իսկ 2023-ի տարեվերջի դրությամբ՝ 1118.08 դոլար և 3 մլն 287,251.4 դրամ։
Որպես կանխիկ դրամական միջոց 2022-ին նշել է 10,500 դոլար, 10,000 եվրո և 30 մլն 250,000 դրամ, իսկ 2023-ին՝ 10,500 դոլար, 10,000 եվրո և 41 մլն 560,000 դրամ։
Պատգամավորի կնոջ հանձնված և վերադարձված փոխառությունները 2023 թվականի տարեվերջի դրությամբ կազմել են 81 մլն 900,000 դրամ։
Գայանե Սողոմոնյանի վարկի մայր գումարի մնացորդի չափը 2022-ին կազմել է 97 հազար դրամ, իսկ 2023-ին այն աճել է՝ դառնալով 363,618 դրամ։
Պատգամավորի կինը 2022 թվականին հանգստի համար ծախսել է 3 մլն 450,000 դրամ, 2023-ին խոշոր ծախսեր չեն երևում հայտարարագրում։
Այսպիսով, պատգամավոր Իշխան Զաքարյանի և նրա կնոջ եկամուտները կտրուկ աճել են։ 2023 թվականին և՛ Զաքարյանը, և՛ նրա կինը անշարժ գույք են օտարել։
Սյուզաննա Համբարձումյան