Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը պետական գնումների գործընթացում թույլ է տալիս բազմաթիվ խախտումներ, որոնց մեծ մասը նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման փուլում։ Նա օրինակ էր բերել, որ կոնկրետ աղբի կոնտեյների տակի հարթակները կառուցվել են 2021-ի համեմատ բավական թանկ գնով։
«Այսպես, եթե 2021 թվականին մեկ հարթակի համար քաղաքապետարանը ծախսել է 48,000 դրամ, ապա 2022-ին մեկ հարթակի կառուցումը գնահատվել է արդեն 97,000 դրամ: Շինարարության ոլորտում աշխատող ծանոթներս ասում են, նման շեշտակի գնաճ չի եղել: Բացի այդ, եթե գներն այդքան աճել են, ապա ո՞նց են 2023֊ին նվազել՝ կազմելով 87,000 դրամ»,- գրել էր նա և առաջարկել, որ վերահսկող որևէ կառույց ստուգի իր պնդումները։
Ավելի վաղ նա բարձրաձայնել էր առանց նախագծի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տանիքի նորոգման 81 մլն դրամանոց գնման մրցույթի, ինչպես նաև Երևանի մի քանի վարչական շրջաններում հայտարարված առանց նախագծերի մրցույթների մասին։
Ավագանու անդամի գրառումը տարածել են մի շարք կայքեր, այդ թվում՝ news.am, yerkir.am, 24news.am, mediahub.am, aravot.am և այլն։
Հարցին անդրադարձել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։ «Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումներ, պետական բյուջեի հնարավոր վատնման լրջագույն մտահոգություններ են հնչել Երևանի ավագանու անդամի կողմից, ինչի առիթով դիմել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր նա։
ՊՎԾ-ից պարզաբանել էին, որ նշված գնումների գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելը գտնվում է ՊՎԾ լիազորությունների շրջանակից դուրս։
Երևանի քաղաքապետարանը ևս պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ աղբամանների հարթակների առնչությամբ ավագանու անդամի հրապարակումը, իսկ ավելի կոնկրետ՝ դրանում տեղ գտած պնդումները չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ դրանց հիմքում սխալ հաշվարկներն են և դրանցից բխող թյուր մեկնաբանությունները:
Ըստ քաղաքապետարանի՝ 2021 թվականին հայտարարված մրցույթում հաղթող կապալառու ընկերության կողմից 2021 թվականի ընթացքում հարթակներ կառուցվել են 258 հատվածներում, ընդհանուր առմամբ՝ 608 աղբամանի համար, և 1 աղբամանը հարթակով ապահովելու արժեքը կազմել է 80,246 դրամ:
2022 թվականին հայտարարված մրցույթում հաղթող կապալառու ընկերության հետ կնքված պայմանագրի գինը կազմել է 98,200,000 դրամ։ Կապալառու ընկերության կողմից աշխատանքներն իրականացվել են շուրջ 80%-ով կամ մոտ 80 մլն դրամի չափով:
«Ներկայում աշխատանքները մոտենում են ավարտին: Այս պահի դրությամբ առանձնացված 400 հատվածներում կառուցվել է աղբամանի 1024 հարթակ, այսինքն՝ 1 աղբամանը հարթակով ապահովելու արժեքը կազմել է 78,103 դրամ»,- նշված է քաղաքապետարանի պարզաբանման մեջ:
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ստուգել Աբգարյանի պնդումը և քաղաքապետարանի պարզաբանումը։
Ավագանու անդամը հաշվարկի մեջ սխալվել է, սակայն քաղաքապետարանը ևս իր պարզաբանմամբ ճշգրիտ թիվ չի ներկայացրել
Ըստ Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների կայքի՝ 2021 թվականին քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հարթակներ կառուցվել են 282 հատվածներում։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարթակի համար նախատեսված աղբամանների քանակը տարբեր է, պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր առմամբ 709 աղբամանի համար կնքված պայմանագրի գինը կազմել է ֏48 մլն 790 հազար։
Ըստ այդմ՝ մեկ աղբամանի համար սահմանված գինը կազմում է 68,815 դրամ և ոչ թե ֏80,246, ինչպես քաղաքապետարանից են պարզաբանում, և ոչ էլ, ինչպես Իզաբելլա Աբգարյանն է նշում, ֏48,000։
2022 թվականին մրցույթով հայտարարված հայտով՝ ընդհանուր գինը հաշվարկվել է ֏98 մլն 200 հազար, իսկ մեկ աղբամանի գինը սահմանվել է ֏97,490, այսինքն՝ նախատեսվել է շուրջ 1007 աղբամանի համար հարթակ կառուցել։ Ինչպես Աբգարյանն է պնդում, չի ներկայացվել որևէ հաշվարկ, թե ինչպես է այդ գինը ձևավորվել։
Պայմանագիրը կնքվել է «Աբակ» ընկերության հետ՝ մեկ աղբամանի համար հատկացված հարթակի կառուցման համար առաջարկվելով 95,652 դրամ։
Մինչդեռ քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ տեղեկացնում է, որ մեկ աղբամանի հարթակը արժեցել է 78,103 դրամ։ Թե որտեղի՞ց են այս թվերը վերցրված՝ պարզ չէ, քանի որ պայմանագրով այլ առաջարկ է եղել։
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է իր պարզաբանումը
Երևանի քաղաքապետարանից ի պատասխան FIP.am-ի հարցման, թե ինչպե՞ս են ստացել նշված թվերը, երբ պայմանագրով այլ գումար է նշված, պարզաբանեցին, որ աշխատանքի ընթացքում տարատեսակ հարցեր են առաջացել, միավոր գնի արժեք են բարձրացրել, ինչը գնումների մասին օրենքով թույլատրելի է։
«2021 թ․-ին 48 մլն դրամի պետք է կառուցվեր 282 հարթակ, փաստացի այդ գումարի շրջանակներում 258 տեղանքում 608 աղբաման է ապահովվել հարթակով։ Գնումների մասին օրենքը համադրում (փաստացի՝ արժեքի վերանայում-խմբ.) թույլ տալիս է, դրա համար էլ ունենք այդ պատկերը։ Տարատեսակ խնդիրներ են ի հայտ եկել՝ մալուխագծեր, կոյուղագծեր, որ այդ տեղերը փակվել է և կապալառուն այլ տեղեր է աշխատանքներ տարել։ Զուգահեռ գնաճ է տեղի ունեցել, և մի փոքր տատանում է եղել գնային։ Օրենքը թույլ է տալիս, մենք համադրում արեցինք, 282-ը դարձավ 258, որը գումարային առումով համարժեք է պայմանագրի գնին»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս է 2022-ին նախորդ տարվա համեմատ աղբամանների հարթակների քանակն ավելացել, սակայն միավորի գինը նվազել՝ ֏95,652-ից դառնալով 78,103, ապա, ըստ քաղաքապետարանի, ամեն միավորից կարող է գին իջնել։ «Այսինքն՝ մասնակիցը հարթակի վրա ինչ աշխատանք կանի, փաստացի կատարողական կներկայացնի, քանի՞ քառակուսի ասֆալտ, փաստացի կներկայացնի այդ գնով, և համալրման անհրաժեշտություն չի լինի։ Արդյունքում իջել է գինը, և մեր առաջարկից էլ էժան է արել»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։
Աղբամանի հարթակի շինաշխատանքը փոքրածավալ է և նախահաշվարկ չի պահանջում
Աբգարյանի բարձրացված հիմնական խնդիրը վերաբերում է նրան, որ շատ դեպքում գնման հայտն առանց նախագծային փաստաթղթերի է ներկայացվում, ինչը Գնումների գործընթացի կազմակերպման կարգի մասին կառավարության որոշման պահանջ է։
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում է, որ փոքրածավալ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների՝ համաձայն կառավարության 19.03.2015 թ. N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի։
«Ընդգծենք նաև, որ համաձայն նույն հավելվածի 2-րդ կետի՝ ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման, ընթացիկ պահպանման և ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել շենքերի և շինությունների ուսումնասիրություն, կազմվել թերությունների մասին ակտ, աշխատանքների ցանկ և անհրաժեշտության դեպքում՝ նախահաշիվ, որոնք, համաձայն կարգի 95-րդ կետի, փորձաքննություն չեն ենթադրում»,- նշում են քաղաքապետարանից:
Այսպիսով. պարզ է դառնում, որ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իսկապես 2021-ին վերաբերող գնման թվերը սխալ է ներկայացրել. մեկ աղբարկղի համար նախատեսված հարթակը գնահատվել է ոչ թե 48,000 դրամ, այլ ըստ հրապարկված պայմանագրի՝ 68,815 դրամ։ Միաժամանակ, քաղաքապետարանի պնդումը, թե մեկ աղբամանի հարթակի վրա 2021-ին ծախսվել է 80,246 դրամ, ևս հրապարակված պայմանագրով չի համապատասխանում իրականությանը։ Իսկ 2022-ին 1 աղբամանը հարթակով ապահովելու արժեքը պայմանագրով կազմել է 95,652 դրամ, որը քաղաքապետարանը ներկայացնում էր 78,103 դրամ։
Քաղաքապետարանից թվերի անհամապատասխանությունը բացատրում են օրենքով թույլ տրված միջամտությամբ։
Նելլի Լազարյան