Փետրվարի 1-ից 3-ը Արցախի ոստիկանների կողմից բռնության և անհարգալից վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացի, 19-ամյա Ասյա Խաչատրյանի մասին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կեղծ տեղեկություն է ներկայացրել ԶԼՄ-ներին:
Իսագուլյանը մարտի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ասյա Խաչատրյանն անձամբ իր համար նորություն չէ, ապա նշել էր. «Ես գտնում եմ, որ այդ հարցում ինքս թերացել եմ, որովհետև ժամանակին ինձ ասվել է, ցավոք սրտի մենք չկարողացանք դա ապացուցել, չճշտված տեղեկություն է այն, որ հաճախ Թբիլիսի կատարած այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկն իր ընկերուհու հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Թբիլիսիով միշտ ավելի հեշտ է Բաքու գնալ՝ առանց համապատասխան նշումների: Անակնկալ կերպով նա հայտնվում է Արցախում: Ոստիկանների հետ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը և միջադեպը միանգամայն այլ բնույթ է ունեցել»:
Այժմ փաստերով: ՀՀ քաղաքացիները, որոնք այս կամ այն պատվիրակության կազմում եղել են երբևէ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում արդեն փաստել են, որ մուտք գործելով Ադրբեջան անձնագրում որևէ նշում կամ կնիք չի դրվում: Այդուհանդերձ Վրաստանի պետական սահմանը հատելուց վրացի սահմանապահները քաղաքացիների անձնագրերում դնում են երկիրը լքելու (և ապա մտնելու) փաստն արձանագրող կնիք: Այսինքն արձանագրվում է, որ քաղաքացին հատեց Վրաստանի պետական սահմանը:
Վրաստանի ցամաքային սահմանային գործող անցակետերը թվով 10-ն են, 2-ը՝ վրաց-թուրքական (Վալե, Սարպի), 3-ը՝ վրաց-ադրբեջանական (Ցոդնա, Վախտանգիսի, Ցիտելի Խիդի կամ «Կրասնի մոստ»), 4-ը՝ վրաց-հայկական (Բավրա, Գոգավան, Բագրատաշեն և Պրիվոլնոյե) և 1-ը՝ վրաց-ռուսական(Դարիալի կամ Վերին Լարս): Եթե Ասյա Խաչտրյանը որոշած լիներ, որ Վրաստան այցելելով պետք է գնա նաև Ադրբեջան, ապա նրա անձնագրում առնվազն պետք է նշում լիներ այն մասին, որ հատել է Վրաստանը սահմանը Ցոդնա, Վախտանգիսի կամ Ցիտելի Խիդի անցակետերով:
Ասյա Խաչատրյանը մեզ տրամադրեց իր անձնագրի բոլոր էջերի լուսանկարները՝ տալով դրանք հրապարակելու համաձայնություն: Կից ներկայացված լուսանկարներում երևում է, որ Ասյա Խաչատրյանը ոչ միայն Վրաստանում է եղել, այլ նաև ՌԴ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Ասյա Խաչատրյանի անձնագրում առկա կնքիների ուսումնասիրությամբ կարող ենք փաստել, որ նա վրաց-ադրբեջանական սահմանը չի հատել: Անձնագրում առկա կնիքների վերծանումը փաստում է, որ Խաչատրյանը հայ-վրացական սահմանը հատել է Բագրատաշենի, Գոգավանի անցակատերից, ռուս-վրացական սահմանը հատել է Վերին Լարսի անցակետում, ինչպես նաև Վնուկովո օդանավակայանից ինքնաթիռով ժամանել է Թբիլիսի: Ասյա Խաչատրյանը մեկ անգամ էլ Զվարթնոց օդանավակայանից ինքնաթիռով գնացել է ԱՄԷ և վերադարձել:
Անձնագրի բոլոր էջերի սքան-պատճենը կարելի է գտնել այստեղ: