168 TV-ի Review հաղորդման օգոստոսի 28-ի թողարկման ընթացքում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նույն օրը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից արցախցիների առևանգման դեպքին ու մեղադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։
«Կարմի խա՛չ, էսօր ձեր քթի տակից առևանգվում է 22-ամյա Ալեն Սարգսյանը, ուսանող, ով գնում էր Երևան ուսանելու համար»,- Կարմիր խաչին հանդիմանել էր Զոհրաբյանը։
Արցախցի ուսանող Ալեն Սարգսյանի առևանգման մասին առաջինը հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ․ դրա ընթացքում Պետրոսյանը շեշտել է, որ արցախցի ուսանողը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է Հայաստան տեղափոխվելիս եղել։
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել են պաշտոնական աղբյուրները․ Արցախի տեղեկատվական շտաբը, հաստատելով Հակարի կամրջի վրա ապօրինի անցակետում երիտասարդի առևանգման տեղեկությունը, ևս հայտնել էր, որ առևանգման պահին նրան ուղեկցելիս են եղել ռուս խաղաղապահները։
Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Ալեն Սարգսյանի հետ առևանգվել են ևս երկու արցախցի երիտասարդներ, որոնց նույնպես ռուս խաղաղապահներ են ուղեկցել։
Այսպիսով, Նաիրա Զոհրաբյանը կեղծ պնդում է անում․ թե՛ Ալեն Սարգսյանին և թե՛ մյուս երկու արցախցի երիտասարդներին ադրբեջանցի սահմանապահներն առևանգել են ռուս խաղաղապահների «քթի տակից»։
Նանե Մանասյան