Հատուկ նշանակության մեքենաների (շտապ բուժօգնություն, ոստիկանություն և այլն) վրա տեղադրված առկայծող փարոսիկների գույները սահմանված են կառավարության N 2329-Ն որոշմամբ դեռևս 2005 թվականից։
Ամիսներ առաջ հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե ի՞նչ գույնի/գույների առկայծող փարոսիկներով են կահավորված նախարարության և շտապ բուժօգնության մեքենաները։
Առողջապահության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «նախարարության տրանսպորտային միջոցները կահավորված չեն առկայծող փարոսիկներով, իսկ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող հաստատություններին հատկացված տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկներով կահավորումը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2329-Ն «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ»:
Ըստ վկայակոչվող որոշման՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն իրականացնող հաստատությունների գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները կարող են կահավորվել կապույտ առկայծող փարոսիկներով։
Մինչդեռ իրականությունն այլ է։
Մասնավորապես, Երևանում շատ կան շտապօգնության մեքենաներ, որոնք կահավորված են ոչ թե կապույտ, այլ կարմիր և կապույտ առկայծող փարոսիկներով, ինչը կառավարության որոշման խախտում է։
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կենտրոն ենթակայանում գտնվող շտապ օգնության մեքենաների մի մասը կահավորված է կապույտ փարոսիկներով, մյուս մասը՝ կառավարության որոշման խախտմամբ՝ կարմիր և կապույտ։
Սակայն սա միակ վայրը չէ, որտեղ կարող ենք հանդիպել կարմիր և կապույտ առկայծող փարոսիկներով շտապ օգնության մեքենաների։ Կից լուսանկարներն արված են տարբեր վայրերում և ապացուցում են, որ շտապ օգնության մեքենաների մի զգալի մասը կահավորված է ոչ թե միայն կապույտ, այլ կարմիր և կապույտ գույնի առկայծող փարոսիկներով։
Լուսանկարները՝ կից։
Այսպիսով փաստենք, որ շտապ օգնության մեքենաների մի մասը կահավորված է կառավարության որոշման խախտումով՝ կարմիր և կապույտ գույնի առկայծող փարոսիկներով, իսկ Առողջապահության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան տրամադրում է կեղծ տվյալներ, ինչը, ըստ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 14-րդ հոդվածի, նախատեսում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Սևադա Ղազարյան