«Իմ քայլը» նախաձեռնության կողմից ապրիլի 13-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների մասնակիցների իրավունքները սահմանափակելու փորձեր արվել են ոչ միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների կողմից, այլ նաև մեկ այլ ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի:
Ապրիլի 21-ին Արմավիրի մարզից դեպի Երևան եկող ճանապարհը փակել և «Իմ քայլը» նախաձեռնության հավաքների մասնակցողների համար խոչընդոտներ է ստեղծել Առաքել Մովսիսյանն իր թիմով: Նախկին պատգամավորի հորդորներով Փարաքար համայնքի վարչական տարածքում՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց, նրա համակիրները մեքենաներով փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը: Տեղում աշխատող լրագրողների հարցերին ի պատասխան Առաքել Մովսիսյանն ասել էր, որ ճանապարհը փակել են, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքի գնալ:
Մեզ հաջողվել է պարզել Առաքել Մովսիսյանի աջակիցներից մի քանիսի ինքնությունը, ովքեր մասնակցել են խաղաղ երթի մասնակիցների տեղաշարժը խոչընդոտելու գործողությանը: Նրանք են՝ Վարդան Հայրապետյանը Արմավիրի մարզի Մերձավան գյուղից, ով hայտնի է նաև «Ծուռ» մականունով, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանի եղբայր Մարատ Միրզոյանը, ինչպես նաև նույն համայնքի բնակիչներ Գագիկ Հովսեփյանը և Էդմոն Հարությունյանը:
Նշենք, որ հավաքի մասնակիցների տեղաշարժը խոչընդոտելու ողջ գործընթացը տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ներկայությամբ, իսկ Առաքել Մովսիսյանի կողմնակիցների գործողությունները զուգորդվել են սեռական բնույթի հայհոյանքների օգտագործմամբ, որոնք լսվում են տեսանյութում: