Հանրային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 24-ին «Լուրեր 60 րոպե» ծրագրի ընթացքում հայտնել է, որ 2019թ. Մարդու ազատության ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Լուրին ուղեկցող լուսանկարում պատկերվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության լոգոն՝ տպավորություն ստեղծելով, որ զեկույցը հրապարակվել է Freedom House-ի կողմից։
Հաղորդավար Անի Զաքարյանը զեկույցը ներկայացնելիս նշում է, որ ինդեքսը ներառում է անձնական, քաղաքացիական և տնտեսական ազատությունները. «Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է` զբաղեցնում է 41-րդ դիրքը: Հայաստանն ընդհանուր ցանկում 54-րդն է: Ռուսաստանը` 114-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 121-րդ, Թուրքիան՝ 122-րդ, Իրանը՝ 154-րդ: Ինդեքսում առաջին տեղերում են Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Հոնկ Կոնգը, իսկ վերջինում՝ Եմենը, Վենեսուելան, Սիրիան»,- տեղեկացրել է լրագրողը:
Սակայն հատկանշական է, որ զեկույցը, որը Հանրային հեռուստաընկերությունը, փաստացի, վերագրում է Freedom House-ին, իրականում հրապարակել է ամերիկյան Cato ինստիտուտը, որն առնչություն չունի Freedom House-ի հետ։
Ներկայացվող նյութի վիզուալ հատվածում հղում է տրվում Cato ինստիտուտի պաշտոնական կայքին և ցուցադրվում է վերջերս հրապարակված զեկույցը։
Հաջորդող կադրում ներկայացվում է Freedom House-ի կայքից հատված, որում պատկերված է կազմակերպության՝ փետրվարին հրապարակած զեկույցից կադր, որը, սակայն, որևէ կերպ չի կապվում ներկայացվող տեքստի հետ։
Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա Առաջին ալիքն անսխալ ներկայացրել է Cato ինստիտուտի Մարդու ազատության ինդեքսի վերաբերյալ զեկույցի տվյալները:
Նշենք, որ Cato ինստիտուտը հանրային քաղաքականության հետազոտական կազմակերպություն է և, ըստ պաշտոնական կայքի, նվիրված է անձնական ազատության, սահմանափակ կառավարության, ազատ շուկաների և խաղաղության սկզբունքներին: Ինստիտուտը հիմնադրվել է 1977 թվականին ԱՄՆ-ում։
Ինչ վերաբերում է «Freedom House»-ին, ապա իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույց է ներկայացնում «Ազատությունն աշխարհում» և «Մամուլի ազատությունն աշխարհում», ինչպես նաև համացանցի ազատության թեմաներով: «Ազատությունն աշխարհում» վերջին զեկույցը հրապարակվել է 2019 թվականի փետրվարի 4-ին: Հենց այդ զեկույցն է երևում Հանրայինի լուրի երկրորդ մասի վիզուալ հատվածում:
Այսպիսով, Հանրային հեռուստաընկերությունը «Լուրեր 60 րոպե» ծրագրի ընթացքում կատարել է սխալ՝ Cato ինստիտուտի զեկույցը վերագրելով «Freedom House»-ին:
Լուսինե Ոսկանյան