Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 10 հասցեում՝ փողոցին կից հատվածի համայնքապատկան հողի վրա, այս տարվա գարնանից ապօրինի շինարարություն էր իրականացվում: Քաղաքապետարանը կասեցրել էր շինարարությունը, սակայն կառուցապատողը տարածքը ոչ միայն չէր բերել նախնական տեսքի, այլև «հասցրել էր» ավարտին հասցնել շինության կառուցումը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը կառավարման առաջին շրջանից սկսած բավական կտրուկ էր արտահայտվում ապօրինի շինարարությունն օրինականացնելու վերաբերյալ: «..Ես չեմ հանդուրժում ոչ մի տիպի, ոչ մի տիպի ապօրինի շինարարություն: Ինչ ուզում ա լինի, ով ուզում ա լինի, ընդհանրապես չի հետաքրքրում… բացարձակ ոչ մեկը չի կարող օրենքից ու ժողովրդից վեր լինել»,- այս տարվա փետրվարին հայտարարել էր Մարությանը:
Մարգարյան 10-ի մասին
Համայնքապատկան հողակտորը, որի վրա կառուցապատող Մարինե Սիմոնյանը սկսել էր շինարարությունը, երբեմնի կանաչ տարածք էր (գազոն): Ներկայում փողոցի այդ հատվածում այլ օրինականացված կրպակներ կան: Երևանի քաղաքապետարանից Fip.am-ին հայտնեցին, որ համայնքապատկան հողի վրա ապօրինի շինարարության մասին արձանագրությունը քաղաքապետարանը կազմել էր այս տարվա մայիսի 16-ին: Երկու օր անց՝ մայիսի 18-ին, քաղաքապետարանը քանդել էր ինքնակամ կիսակառույցը: Շինհրապարակում թողնելով շինարարության մնացորդները՝ որոշ ժամանակ անց կառուցապատողը վերսկսել էր աշխատանքները:
Մայիսի 26-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն ավագանու նիստին հայտնել էր, որ տարածքն աճուրդով գնելու համար կառուցապատողը դիմել էր ավելի քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքապետարանը դեռ ընթացք չի տվել գործին: «Ինքն ուղղակի սպասելուց հետո, տեսել ա, որ ոչ մի ընթացք չկա, ստիպված սկսել ա էդ ապօրինի շինարարությունը»:
Նիստի ընթացքում ավագանու անդամները նշել էին, որ տարածքում նոր շինության հայտնվելը կարող է առաջացնել նաև բնակիչների դժգոհությունը, քանի որ շենքի առաջին հարկի պատուհանները նայելու են նորակառույցին, իսկ շենքի և կառույցի միջև հեռավորությունը շատ փոքր է:
Ապօրինի կառույցները օրինականացնելու համայնքային իշխանությունների պարտավորությունը կարգավորվում է կառավարության՝ 2006 թվականի մայիսին ընդունված թիվ 912-Ն որոշմամբ: Բացառություն են կազմում այն տարածքները, որոնք ամրագրված են Հայաստանի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով: Այսպես, քաղաքացիներին սեփականության իրավունքով չեն տրվում բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը՝ հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ:
Մարգարյան փողոցի այդ հատվածը, որտեղ գտնվում է հողակտորը, ընդհանուր օգտագործման տարածք է եղել: Սակայն ըստ Թելման Թադևոսյանի՝ այս մասի մյուս կրպակներն օրինականացվել են նախորդ իշխանությունների ժամանակ, իսկ շենքից քիչ հեռավորության վրա մնացած հողակտորը ոչնչի չի կարող ծառայել: Ըստ նրա՝ վարչական շրջանը դեմ չի եղել նաև այդ տարածքը օրինականացնելուն, սակայն առանց կառուցապատման թույլտվության:
Քաղաքապետ Մարությանը, անդրադառնալով այս դեպքին, նշել էր, որ ինքը դեմ է ապօրինի շինությունների օրինականացմանը՝ անգամ եթե կրպակաշարում ազատ հատված է մնացել: Սակայն ըստ քաղաքապետի՝ պետք է հասկանալ, թե ինչի՞ համար է տարածքը օգտագործվում․ եթե տարածքը որպես մուտք է ծառայում շենքի համար կամ այլ նշանակություն ունի, ապա այն պետք է մնա:
«Եթե ոչ մի բանի համար չի օգտագործվելու, պետք է մտածել։ Բայց միանշանակ չէ, որ քանի որ բոլորը ստացել են, ուրեմն իրան էլ հանենք աճուրդի, այսինքն՝ մենք ավտոմատ կերպով համաձայնվում ենք, որ այդտեղ կառուցապատում է լինելու…»,- ասել էր քաղաքապետը՝ հանձնարարելով տարածքը բերել նախնական տեսքի՝ մինչև որոշում կկայացվի։
Վարչական շրջանի ղեկավարը հայտարարել էր, որ կառուցապատողը խոստացել է տարածքը նախնական տեսքին բերել։
Անօրինական շինությունը ոչ միայն չի հեռացվել, այլև ավարտի է հասցվել
Հունիսի 17-ին Մարինե Սիմոնյանը կրկին դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով օրինականացնել և իրեն օտարել Մարգարյան փողոցի կիսակառույցը և տրամադրել կիսակառույցն ավարտին հասցնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք: Սակայն քաղաքապետարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ կառավարության թիվ 912-Ն որոշմամբ, որը վերաբերում է ինքնակամ կառույցների օրինականացմանը, չի սահմանվում դրույթ՝ շինությամբ չծանրաբեռնված հողամասերն օտարելու մասին:
Կառուցապատողին, սակայն, չի կաշկանդել քաղաքապետարանի այս որոշումը, և նա արդեն մեկ անգամ քանդված կիսակառույցի տեղում շարունակել է ապօրինի շինարարությունը՝ այն հասցնելով գրեթե ավարտուն տեսքի: Օգոստոսին արդեն Մարգարյան 10 հասցեում շինության արտաքին հատվածը գրեթե պատրաստ էր, և միայն օգոստոսի 3-ին է քաղաքապետարանը կազմել արձանագրություն՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայության, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա շինարարություն իրականացնելու վերաբերյալ:
Դատական քաշքշուկներ
Հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, Սիմոնյանն ինքն է հայց ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ քաղաքապետարանի: Կառուցապատողը պահանջում է քաղաքապետարանին պարտավորեցնել օրինականացնել շինությունը և կիսակառույցն ավարտին հասցնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք տալ:
Հայցն ընդունվել է վարույթ, իսկ Վարչական դատարանը օգոստոսի 5-ին կայացրած որոշմամբ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ այդպիսով արգելելով Երևանի քաղաքապետարանին քանդել համայնքապատկան հողամասում Մարինե Սիմոնյանի կողմից կառուցված ինքնակամ կառույցը:
Միաժամանակ, քաղաքապետարանը ևս դիմել է Վարչական դատարան՝ ապահովման միջոցը վերացնելու համար: Դատարանը դեռ որոշում չի կայացրել:
Փաստացի, չնայած թաղապետի այն հավաստիացումներին, որ ապօրինի շինությունը վերացվելու է և վերականգնվելու է տարածքի նախնական տեսքը, կառուցապատողը ոչ միայն չի արել դա, այլև թաղապետարանի «աչքի առջև» մեկ ամսում հասցրել է ավարտին հասցնել շինությունը՝ նոր խնդիրներ ստեղծելով քաղաքապետարանի համար։
Անի Ավետիսյան