Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին ստորագրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այս օրենքը վերջին ամիսներին բուռն քննարկումների առիթ է դարձել։
Թեմային մայիսի 12-ին անդրադարձել էր նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ «Հրապարակի» հետ զրույցում Բագրատյանը հայտարարել էր, թե ընդունված օրենքը հակասահմանադրական է։
«Այն հակասում է գործող Սահմանադրության 60-րդ (սեփականության իրավունքից զրկելը կարող է լինել միայն դատական կարգով), 66-րդ (մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատավճիռ), 73-րդ (օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ) և այլ հոդվածներին»,- նշել է Բագրատյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընդունված օրենքը՝ պարզելու, թե արդյո՞ք այն իսկապես հակասում է Սահմանադրության նշված կետերին։
Սեփականության իրավունքը
Այսպես, Բագրատյանը նշում է, որ օրենքը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածին (սեփականության իրավունքից զրկելը կարող է լինել միայն դատական կարգով)։
Սակայն օրենքը, իրականում, նախատեսում է ապօրինի գույքի բռնագանձում՝ առանց մեղադրական դատավճռի, այլ ոչ թե առանց դատարանի որոշման: Այս կարգավորման վերաբերյալ առկա են լայնածավալ բացատրություններ օրենքի հիմնավորման մեջ:
Մասնավորապես, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը չի նշանակում գործողություններ իրականացնել՝ առանց դատարանի։ Ընդունված օրենքը, պարզապես, սահմանում է, որ բռնագանձման թույլտվություն տրվում է ոչ միայն Քրեական, այլ՝ Քաղաքացիական դատավարության կանոններով: Բայց միմիայն և բացառապես դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման հիմման վրա, հետևապես՝ այս մասով սահմանադրականության խնդիր չկա։
Անմեղության կանխավարկածը
Ըստ նախկին վարչապետի, օրենքը հակասում է գործող Սահմանադրության նաև 66-րդ հոդվածին (մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատավճիռ)։
Սակայն Սահմանադրության 66-րդ հոդվածը վերաբերում է հանցագործության մեջ մեղավոր կամ անմեղ լինելուն. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Այս հարցը, սակայն, կանոնակարգվում է Քրեական դատավարության օրենսգրքով։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը չի ենթադրում մարդուն որևէ հանցագործության մեջ մեղավոր ճանաչելու հարց։ Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե գույքը ձեռք բերելիս օրենքը խախտելը պարունակել է հանցագործություն, թե ոչ՝ էական է այդ գույքի (հարստության) ձեռք բերման օրինականությունը։
Եվ բռնագանձման վերաբերյալ կայացվում է ոչ թե դատավճիռ, այլ վճիռ՝ ինչպես, օրինակ, պարտքի պատճառով պարտապանից պարտատիրոջ օգտին գույքի բռնագանձման գործերով։
Հետադարձ ուժի կիրառումը
Բագրատյանը և բազմաթիվ այլ ընդդիմախոսներ վկայակոչում են նաև Սահմանադրության 73-րդ (օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ) հոդվածը և պնդում, որ օրենքը հակասում է նաև դրան։
Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը, իրոք, ենթադրում է, որ «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Սակայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը չի ենթադրում գեթ մի իրավիճակ, երբ գույքի ձեռքբերումը նախկինում կլիներ օրինական, սակայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դառնում է ապօրինի։
Օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է մի շարք դրույթներ, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, գույքի բռնագանձման վերաբերյալ մի շարք այլ հարաբերություններ:
Եթե գույքը կամ հարստությունը ձեռք է բերվել այդ պահին գործող օրենսդրության շրջանակներում օրինական եկամուտներով, ապա դրա օրինականությունը չի վերանայվում, և այն չի կարող բռնագանձվել։
Այսպես, օրինակ, նախքան 1995 թվականը խորհրդարանի պատգամավորներին թույլատրված էր այլ վարձու աշխատանք ունենալ, իսկ 1995-ից հետո դա դարձավ ապօրինի։ Սակայն 1995 թվականից առաջ պատգամավորի ստացած աշխատավարձը կամ դրանով ձեռք բերված գույքը չի համարվել և այս օրենքով ևս չի համարվելու ապօրինի (և, բնականաբար, չի բռնագանձվելու)։
Օրենքը հնարավոր կլիներ որակել Սահմանադրության 73-րդ հոդվածին հակասող, եթե քաղաքացու կողմից նախկինում գործող օրենսդրության սահմաններում կատարված օրինական գործողությունը (օրինական հարստանալը) վերաորակվեր որպես ապօրինի։ Սակայն օրենքը, պարզապես, սահմանում է, որ այն գույքը (հարստությունը), որն ապօրինի է ձեռք բերվել, պետք է հանձնվի պետությանը։
Հիշեցնենք, որ նախկինում սույն օրենքի մասին սխալ և մանիպուլյատիվ հայտարարություններով էր հանդես եկել նաև «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
Օրենքի կարիքը
Նախքան այս գործող օրենսդրությամբ՝ գույքը կարելի է բռնագանձել միմիայն քրեական դատավարության սահմաններում: Մասնավորապես, հանցագործության մեջ մեղավոր ճանաչված անձից պետության օգտին բռնագանձվում է հանցագործության կատարման արդյունքում առաջացած գույքը (հարստությունը): Սակայն, նախ, ոչ միշտ է, որ ապօրինին հանդիսանում է հանցավոր, և երկրորդ՝ լինում են դեպքեր, երբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է (օրինակ, ընդունվել է համաներման մասին օրենք, անցել են վաղեմության ժամկետները, անձը մահացել է կամ թաքնվում է քննությունից և այլն) և ապօրինի ծագած գույքը հնարավոր չի լինում բռնագանձել:
Այդ խնդիր լուծման համար էլ ներմուծվեց «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով այսպիսի դեպքերում դատախազությունն արդեն կկարողանա հայց ուղարկել դատարան, որտեղ քննությունը կատարվում է քաղաքացիական դատավարության կարգով։ Դատարանը ստուգելու է հայցի հիմնավորվածությունը, կողմերի (այդ թվում՝ պատասխանողի) փաստարկները, որից հետո միայն կայացնելու է որոշում գույքը բռնագանձելու կամ չբռնագանձելու մասին։
Անի Գրիգորյան