Դեկտեմբերի 28-ին Իրանում սկսվեցին բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Ցուցարարների պահանջները սկզբնական շրջանում կրում էին սոցիալական բնույթ, այնուհետև, սակայն, սկսեցին հնչել նաև քաղաքական կարգախոսներ։ Ցույցերը սկիզբ առան Մաշհեդ քաղաքից (մեծությամբ երկրորդ քաղաքը Իրանում) այնուհետև տարածվեցին ամբողջ երկրով մեկ:
Դեկտեմբերի 30-ին բողոքի ակցիա անցկացվեց մայրաքաղաք Թեհրանում։ Ցուցարարների դեմ կիրառվեցին արցունքաբեր գազ և ջրցաններ։ Հունվարի 2-ի դրությամբ հայտնի դարձավ 20 զոհվածների (որոնցից երեքը ոստիկաններ) և 450 ձերբկալվածների մասին։
Իրանում տեղի ունեցող այս իրադարձությունները շատ ակտիվ լուսաբանվեցին և ուղեկցվեցին մի շարք ապատեղեկատվություններով:
Ապատեղաեկատվության օրինակներից մեկը այս տեսանյութն է, որն արվել է 2011 թվականին Բահրեյնում, սակայն այժմ լայն տարածում է գտել և ներկայացվում է որպես իրանական։ Միայն այս աղբյուրից այն հավաքել է 32000 like, իսկ ավելի քան 18000 մարդ կիսվել է դրանով։
Որոշ լրատվականների կողմից ակտիվ տարածվում է նաև մի լուսանկար, որում իբրև պատկերված են Իրանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները։ Իրականում, սակայն, լուսանկարն ունի 9 տարվա վաղեմություն, այն արված է 2009 թվականի ցույցերի ժամանակ։
Սակայն ամենից աղմկոտ ապատեղեկատվությունը թերևս Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ձերբակալության մասին լուրն է։ Այն տարածել են հայկական և միջազգային գրեթե բոլոր լրատվականները՝ հղում անելով բրիտանական Al-Quds Al-Arabi թերթին։ Որոշ ժամանակ անց նախկին նախագահի որդին և փաստաբանը հերքեցին տվյալ տեղեկությունը։
Նշենք, որ այժմ Իրանում արգելափակված է Telegram-ը, որը հանդիսանում է երկրի ամենաակտիվ ոչ պետական հարթակը։ Քաղաքացիները, սակայն, շարունակում են այն օգտագործել՝ օգտվելով VPN-ից։