ՀՀ արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման ու քվեարկության է դրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը դարձյալ ապատեղեկատվության ու հակաքարոզչության նոր ալիք է առաջացրել։
Դիտարկելով օրենքի նախագծին վերաբերող հակաքարոզչությունը` հստակ կարելի է եզրակացնել, որ այն ամբողջովին վերաբերվում է երեխաներին ընտանիքներից օտարելու և ծնողական իրավունքներից զրկելուն։
Սակայն նշենք, որ ի հեճուկս հակաքարոզիչների ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածով արդեն սահմանված է, թե որ դեպքերում ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից։ Մասնավորապես, ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից, եթե դաժանաբար են վարվում երեխայի հետ, ենթարկում են ֆիզիկական կամ հոգեկան բռնության կամ սեռական ոտնձգության և այլն։
Շահարկումներից խուսափելու համար տես հոդվածը`
Եվ սա ամենևին միակ օրենքը չէ, որ կարող է սահմանափակել ծնողական իրավունքները, եթե ընտանիքում կա բռնություն, այդ լիազորությամբ են օժտված նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք ՀՀ կառավարության թիվ 631 որոշման համաձայն իրավունք ունեն երեխային օտարել ընտանիքից կամ նախաձեռնել բռնություն գործադրող որևէ ծնողին ծնողական իրավունքներից դատական կարգով զրկելու գործընթաց։
Այսպիսով, հստակորեն կարելի է պնդել, որ Հայաստանում գործող օրենսդրական դաշտը բավարար է երեխային ընտանիքից օտարելու համար, իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում որևէ դրույթ չկա, որը այս կամ այն կերպ կառնչվի երեխաներին ընտանիքից օտարելուն կամ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուն։
Ավելին՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ուղղված է անառողջ ընտանիքների առողջացմանն ու բռնության մթնոլորտի հաղթահարմանը:
Զարուհի Հովհաննիսյան