Դեկտեմբերի 5-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Անկեղծ ասած» հաղորդման շրջանակներում հաղորդավար, Հայ Յեղափոխական դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը չի կարող հրաժարական տալ քաղաքական զրո ազդեցություն ունեցող թիմի քմահաճույքի արդյունքում, հայտարարել է, որ եթե անգամ Դաշնակցությունը Ազգային ժողովում չէ, հենց այդ Ազգային ժողովը վայելում է ընդամենը 8.1% վստահություն․
«․․․եթե 0 տոկոս ասելով վարչապետը նկատի ունի այն, որ Դաշնակցությունը ներկա չէ Ազգային ժողովում, ապա ի հակադրումն մի փաստ բերեմ միայն։ Նույն վարչապետի քաղաքական թիմի զինակից, ջերմ պաշտպան Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը նոյեմբերի 13-ին հրապարակել է սոցիոլոգիական հարցում, համաձայն որի՝ Հայաստանի քաղաքացիների միայն 8.1 տոկոսն է վստահում Ազգային ժողովին․․․ այն Ազգային ժողովին, որի 88 հոգանոց մեծամասնությունը ուղիղ 1 տարի առաջ ընտրվել է 70․44 տոկոս ձայնով։ Մեկ տարում նրա քաղաքական թիմը գրեթե տասն անգամ կորցրել է իր վարկը»,- հայտարարել է Գեղամ Մանուկյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել այս հայտարարությունը և հասկանալ՝ արդյո՞ք Գեղամ Մանուկյանի պնդումը համապատասխանում է իրականությանը։
Ի՞նչ սոցիոլոգիական հարցման մասին է խոսքը
Դեռևս 2019 թվականի հունիսին «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (այսուհետ՝ APR Group) հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է քանակական սոցիոլոգիական հարցում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Հարցման շրջանակներում ուսումնասիրվել է, թե ինչ աղբյուրներից են օգտվում քաղաքացիները տեղեկատվությունը ստուգելիս, որ լրատվամիջոցներին են հետևում, վստահո՞ւմ են արդյոք քաղաքական գործիչներին, կուսակցություններին և այլն։ Հետազոտությամբ ուսումնասիրվել է նաև հանրային վստահության աստիճանը տարբեր կառույցների հանդեպ։
Այսպես, այն հարցին, թե որքանո՞վ եք վստահում Ազգային ժողովին, 1200 հարցվածներից 8,1 տոկոսը նշել է, որ շատ է վստահում այդ կառույցին, 49,9 տոկոսը՝ որոշ չափով է վստահում, 20,4 տոկոսը այդքան էլ չի վստահում, իսկ հարցվածների 18,9 տոկոսն էլ նշել է, որ բոլորովին վստահություն չունի այս կառույցի հանդեպ։
Ինչպես պարզ է դառնում հետազոտությունից և ներկայացված աղյուսակից, 8,1 տոկոսը վերաբերում է Ազգային ժողովին ամենից շատ վստահողներին, սակայն հարցվածների մոտ 50 տոկոսը, ամեն դեպքում, վստահություն ունի այս կառույցի հանդեպ։ Իսկ ահա Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ «Հայաստանի քաղաքացիների միայն 8.1 տոկոսն է վստահում Ազգային ժողովին»։
Այստեղ հարկ է նշել նաև, որ Գեղամ Մանուկյանը մանիպուլացնում է՝ Ազգային ժողով ինստիտուտի վերաբերյալ ցուցանիշները կապելով «Իմ քայլը» դաշինքի հետ․ «․․․այն Ազգային ժողովին, որի 88 հոգանոց մեծամասնությունը ուղիղ 1 տարի առաջ ընտրվել է 70․44 տոկոս ձայնով»,- հայտարարում է Մանուկյանն այն դեպքում, երբ խոսքը գնում է Ազգային ժողով կառույցի մասին, այլ ոչ թե կուսակցությունների մասին ։
Մանուկյանն այս համատեքստում նշում է, որ Փաշինյանի քաղաքական թիմը գրեթե 10 անգամ կորցրել է իր վարկը։ Սակայն հետազոտությունում կարդում ենք, որ այն հարցին, թե «եթե ԱԺ ընտրությունները տեղի ունենային այս կիրակի օրը, ապա ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք», հարցվածների 60.8 տոկոսը տվել է «Իմ քայլը» դաշինքի անունը։
Ի՞նչ արդյունքներ են գրանցվել այլ հետազոտությունների դեպքում
Այնուամենայնիվ, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել այլ հետազոտություններ ևս՝ հասկանալու համար, թե ինչ կարծիքի են եղել քաղաքացիները Ազգային ժողովի մասին։
2019-ի հուլիսին Միջազգային հետազոտական ինստիտուտի՝ IRI-ի հրապարակած հարցման արդյունքների համաձայն, ընդհանուր գնահատելով Ազգային ժողովի աշխատանքը՝ հարցվածների 62 տոկոսը այն գնահատել է նպաստավոր և (favorable), իսկ 34-ը անբարենպաստ։ Հարցվածների 8 տոկոսը չի տվել պատասխան։ Իսկ ահա գնահատելով այս կառույցի գործունեությունը՝ բաց և թափանցիկ աշխատելու տեսանկյունից, հարցվածների 18 տոկոսն է այն գնահատել շատ նպաստավոր, 47 տոկոսի համար այն որոշ չափով է բարենպաստ, 24 տոկոսի համար որոշ չափով անբարենպաստ է, իսկ 9 տոկոսին ընդհանրապես դուր չի եկել այս ինստիտուտի աշխատանքը։
Իսկ ահա 2018-ի հոկտեմբերին նույն կազմակերպության կողմից իրականացված հարցումների համաձայն՝ Ազգային ժողովի գործունեությունը դրական են գնահատել հարցվածների 27, իսկ բացասական՝ 70 տոկոսը։
Հարցին, թե ինչպես են գնահատում ինստիտուտների աշխատանքը՝ թափանցիկության և բաց աշխատելու տեսանկյունից, հարցվածների ընդամենը 6 տոկոսն է գնահատել այն շատ բաց և թափանցիկ։ 31 տոկոսը այն գնահատել է ավելի շատ բաց և թափանցիկ, իսկ 34 տոկոսը ոչ այնքան բաց և թափանցիկ է գնահատել խորհրդարանի աշխատանքը։ Հարցվածների 26 տոկոսը ընդհանրապես բաց և թափանցիկ չի գնահատել այն։
Այս ամենից տեսնում ենք, որ Ազգային ժողովի աշխատանքը՝ անկախ քաղաքական թիմից, միշտ էլ քաղաքացիների շրջանում գոհացուցիչ չի եղել։ Իսկ Գեղամ Մանուկյանի այն պնդումը, թե քաղաքացիների միայն 8.1 տոկոսն է վստահում Ազգային ժողովին, մանիպուլյատիվ է։
Կարինե Կիրակոսյան