ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ երևույթի, խնդիր ունի որոշ օտարալեզու բառերի ճիշտ կիրառման հետ, օրինակ, վակխանալիա կամ խունտա:
Արձակուրդն արտերկրում անցկացնող Աշոտյանը, մասնավորապես, օգոստոսի 10-ին ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որում ասում է, որ չնայած «թավշյա խունտային», ինքը կարոտում է Հայաստանը, քանի որ «խունտան մեկ օր կփլուզվի, իսկ հայրենիքը հավերժ է»:
Այս անգլալեզու գրառմամբ Արմեն Աշոտյանը ՀՀ գործող իշխանություններին փաստացի մեղադրում է խունտա լինելու մեջ, ինչը, ասենք, Հայաստանի ներքին գործերին չտիրապետող ընթերցողի մոտ կարող է զարմանալի պատկերացումներ առաջացնել ներհայաստանյան իրավիճակի մասին:
Բանն այն է, որ խունտա (իսպաներեն` Junta) բառը, նշանակում է զինվորականների խումբ, որն իշխանության է եկել բռնի ճանապարհով իրականացված հեղաշրջման արդյունքում և իրականացնում է բռնապետական կառավարում` տեռորի ճանապարհով:
Ստացվում է, որ եթե պարոն Աշոտյանը ՀՀ գործող իշխանություններին համարում է խունտա, ապա նա կարծում է, որ Հայաստանում իրոք իշխանության են եկել զի
նվորականներ կամ մարդկանց մի այնպիսի խումբ, որը տեռորի միջոցով բռնապետական կառավարում է իրականացնում:
Թե ինչ իրադարձությունների արդյունքում են ձևավորվել ՀՀ գործող իշխանությունները, թերևս, հայտնի է ողջ աշխարհին: Միջազգային մամուլում ու փորձագիտական շրջանակներում հայաստանյան իրադարձությունները, որպես կանոն, անվանվում են «թավշյա հեղափոխություն», որի ընթացքում, ընդ որում, չեն եղել զոհեր և քաղաքական հայացքների համար հետապնդվողներ: Աշոտյանի այս գրառումը, ըստ այդմ, կարող է բավական թյուր կարծիք ստեղծել քաղաքական գործչի բառապաշարին և հայաստանյան իրավիճակին չտիրապետող լսարանի մոտ:
Հարկ է նաև նշել, որ Աշոտյանի գրառումը` խունտայի մասին, մեծ հավանականությամբ կապված է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ: Ինքը` Քոչարյանը, ինչպես նաև նրան համերաշխ քաղաքական ուժերը, ի դեմս Հայ հեղափոխական դաշնակցության և Հանրապետական կուսակցության, փորձում են Քոչարյանին ներկայացնել որպես քաղհալածյալ, որին գործող իշխանությունները իբր փորձում են չեզոքացնել և թույլ չտալ նրա վերադարձը քաղաքականություն: Այս առնչությամբ պարոն Աշոտյանը հեղինակել էր Ֆեյսբուքում մեծ տարածում ստացած մեկ գրառում ևս, մասնավորապես, տեղի ունեցողը անվանելով վակխանալիա կամ, ինչպես ինքն էր ձևակերպել` վակխանալի:
Վահե Ղուկասյան