Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» դեկտեմբերի 12-ի թողարկման ընթացքում հարցազրուցավարը պնդել էր, թե Ռուսաստանը «ժամանակ է տվել» Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցք ճանապարհը բացելու համար։
«Ժամանակ էր տվել, որպեսզի բաց անեն ճանապարհը, խաղաղապահ կոնտինգենտը»,- ասել էր հարցազրուցավարը՝ ի պատասխան հյուրի այն դիտարկմանը, թե հայտնի չէ՝ ո՞րն է Ռուսաստանի վերաբերմունքը միջանցքի արգելափակման վերաբերյալ։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, հղում անելով Արցախում իր աղբյուրին, նման տեղեկություն էր տարածել նաև ավելի քան 125,000 հետևորդ ունեցող «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը։
«․․․ռուս խաղաղապահները մինչև վաղը (դեկտեմբերի 13-ին-խմբ․) կեսօր ժամանակ են տվել ադրբեջանցիներին․․․, որպեսզի նրանք ինքնակամ բացեն ճանապարհը։ Հակառակ դեպքում խաղաղապահները կբացեն ճանապարհը և կվերականգնեն երթևեկությունը ուժի կիրառմամբ»,- գրել էր տելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ այդ մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիներին միջնորդավորված կերպով փոխանցել են իրենք՝ խաղաղապահները։
Արցախում ռուս խաղաղապահների կոնտինգենտը, սակայն, իր ամենօրյա ամփոփագրերում չի հաստատել Լաչինի միջանցքն արգելափակած ադրբեջանցի «էկոակտիվիստներին» մինչև դեկտեմբերի 13-ը վերջնաժամկետ տալու մասին տեղեկությունը։
Ավելին՝ խաղաղապահ առաքելության գործունեության մասին վերջին պաշտոնական տեղեկությունը հրապարակվել էր վերջնաժամկետ տալու մասին տեղեկությունը շրջանառելուց ժամեր առաջ՝ Երևանի ժամանակով 20։00-ին։ Դրանում անգամ չի հիշատակվում այն փաստը, որ ադրբեջանցիներն առավոտից արգելափակել են Լաչինի միջանցքը։
Հաջորդ օրվա՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան հրապարակված ամփոփագրում նույնպես չի նշվում ադրբեջանցիներին վերջնաժամկետ տալու մասին, փոխարենը նշվում է, որ «խաղաղապահ ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ուղղությամբ քաղաքացիական տրանսպորտային միջոցների անխափան երթևեկության վերականգնման համար»։
Ադրբեջանցիներին վերջնաժամկետ տալու մասին որևէ հայտարարություն չի արվել նաև Արցախի կամ ՀՀ պաշտոնական օղակների կողմից։
Հավելենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտից առ այս պահը Լաչինի միջանցքը շարունակում է երկկողմանի փակ մնալ։
Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության եթերում արված պնդումը, թե խաղաղապահները վերջնաժամկետ են տվել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքը բացելու համար, պաշտոնապես չի հաստատվել ո՛չ խաղաղապահների, ո՛չ էլ Արցախի ու ՀՀ-ի կողմից։ Հարցազրուցավարը պնդումն անելիս չի հիշատակել նաև տեղեկության ոչ պաշտոնական լինելու հանգամանքը:
Նանե Մանասյան