«5-րդ ալիքի» լուրերի դեկտեմբերի 16-ի գլխավոր թողարկումը ծավալուն անդրադարձ է կատարում թուրքական Habertürk լրատվամիջոցի «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» վերտառությամբ հոդվածին, ու պնդում, թե հեղինակ Չեթիներ Չեթինը հայտնել է, որ «Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այլևս չի լինի ՀՀ պետական օրակարգում»։
«Էրդողանամերձ Habertürk լրատվականի հոդվածագիրը տեղեկություններ ունի, որ հայ-թուրքական հարաբերությունները կլինեն առանց նախապայմանների, քանի որ Արցախի խնդիրը, ըստ Անկարայի, լուծվել է պատերազմով, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ըստ օդում կախված լուրերի, այլևս չի լինի Հայաստանի պետական օրակարգում»,— ասում է «Հայլուրի» ռեպորտաժի հեղինակը։
Հեղինակը հավելում է, թե «թուրք հոդվածագիր Չեթիներ Չեթինը գրում է, որ հաջորդ տարի, Ցեղասպանության 107-րդ տարելիցից հետո՝ մայիսին, կհստակեցվի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»։
«Փաստերի ստուգման հարթակը», մանրամասնորեն ուսումնասիրելով հիշատակված հոդվածը թուրքական լրատվամիջոցում, պարզեց, որ հոդվածագիրը որևէ կերպ չի արծարծում Հայոց ցեղասպանության թեման, առավել ևս որևէ տողում չի նշում, որ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից:
Հայաստանյան ալիքի ռեպորտաժում Ցեղասպանության թեմայի մասին հիշատակումները բացառապես լրագրողին են պատկանում և դիտավորությամբ կամ էլ անհաջող շարադասության պատճառով վերագրվում են թուրք հոդվածագրին։
Այսպիսով, «5-րդ ալիքը» սխալ տեղեկություն է հաղորդում․ թուրքական լրատվամիջոցի հրապարակած հոդվածում պնդում չկա այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից։
Նանե Մանասյան