Այս տարվա հունվարից կենսաթոշակները, իսկ հուլիսից արդեն նպաստը և այլ հրատապ օգնությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Որոշումը տարածվում է 1000 և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի թոշակառուների ու նպաստառուների վրա, բացառությամբ հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողների ու 75 տարին լրացած քաղաքացիների, որոնք համապատասխան դիմում պետք է գրեն միասնական սոցիալական ծառայություն՝ ընտրելով կանխիկ վճարման տարբերակը։
Հաջորդ տարվա հունվարից այս որոշումը տարածվելու է նաև մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերի վրա։
Ըստ այդմ, թոշակառուներն ու նպաստառուները պետք է պետությունից ստացվող գումարները ստանան միայն անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով։
Այս որոշումը թեև բավական նորարար է, սակայն ունի մի խնդիր․ բնակավայրերի մեծ մասում չկան բանկոմատներ։ Փաստացի, քաղաքացին, մասնավորապես, թոշակառուն կամ նպաստառուն ստացած գումարը ծախսելու համար կամ պետք է կատարի անկանխիկ վճարումներ, կամ այն կանխիկացնելու համար մոտենա մոտակա բանկոմատին, որը որոշ դեպքերում կարող է տասնյակ կիլոմետրեր հեռու լինել։
Ըստ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների՝ Հայաստանում 1000 բնակչից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի թիվը 462 է։
Ուսումնասիրեցինք Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերի մասնաճյուղերի ու բանկոմատների ցանկը, որի արդյունքում պարզվեց, որ այս 462 բնակավայրերից գոնե մեկ բանկոմատ կա միայն 88-ում։ Մյուս 374 բնակավայրերում չկան ոչ բանկոմատներ, ոչ բանկերի մասնաճյուղեր։
Փաստացի, կառավարության որոշումների հետևանքով՝ այս բնակավայրերի թոշակառուներն ու նպաստառուները ստիպված են ստացած առանց այդ էլ փոքր նպաստի մի մասը ծախսել բանկոմատին հասնելու և գումար կանխիկացնելու վրա։
Բնակավայրերի քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղ՝
Սևադա Ղազարյան