«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները՝ հունվարից սկսած, և պարզել, որ Զինված ուժերում 2024 թվականի առաջին կիսամյակում մահացել է 17 զինծառայող, որոնցից միայն 4-ն են մահացել ադրբեջանական հարձակման հետևանքով։
Հայաստանի բանակում առաջին երկու մահվան մասին տեղեկությունը տարածվել է հունվարի 9-ին․ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դարձյալ հրազենային վնասվածքով հունվարի 9-ին, բայց ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին։
Մի քանի օր անց՝ հունվարի 13-ին, եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել էր կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Հաջորդ օրն արդեն Քննչական կոմիտեն հաղորդեց՝ մարտական դիրքի հարակից ձորում` ձյան տակ, հայտնաբերվել է Բ․Մ․-ի դին։
Փետրվարին Զինված ուժերում գրանցվել է երկու զինծառայողի մահ, որոնցից մեկը պահեստազորային է եղել․ այսպես, փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում, դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով, մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):
Իսկ ահա փետրվարի 24-ին հաղորդվել էր ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Ըստ ՊՆ-ի, փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով), մահացել էր ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
Մարտի ընթացքում բանակում զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվել։
Ապրիլի 12-ին տեղի էր ունեցել ողբերգական վթարը, որի հետևանքով մահացել էր 4 զինծառայող։ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով 4 զինծառայող զոհվել էր, 20-ը՝ վիրավորվել։
Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն էին`
Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։
Մայիսի 7-ին հաղորդվել էր պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) մահվան մասին․ Ըստ ՊՆ-ի, դին հայտնաբերվել էր N զորամասի պահպանության տեղամասում՝ հրազենային վնասվածքով:
Մայիսի 26-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
Հաղորդվել էր, որ չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել:
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Զինծառայող Դավիթ Ներսիսյանի մահվան մասին հաղորդվել էր հունիսի 24-ին։ Նշվում էր, որ հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանը։ Ըստ հաղորդման՝ զորամասում շարքում կանգնած ժամանակ Դ. Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ, ժամը 10:00-ի սահմաններում, արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Ոչ խաղաղ պայմաններում գրանցված զոհեր
Այս տարվա առաջին կիսամյակում ոչ խաղաղ պայմաններում 4 զինծառայող զոհվել է փետրվարի 13-ին՝ Ներքին Հանդի հատվածում ադրբեջանական հարձակման հետևանքով։ Ըստ ՊՆ-ի, Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել էին՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
Մեկ զինծառայող վիրավորվել էր։
Հասմիկ Համբարձումյան